×


Սամվելի «ամոթանքը», ռեժիսորի «զենքն» ու «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր մյուս դրվագները

«Բրավո, վիրտուոզ»՝ այսպես է կոչվում հայ-ֆրանսիական-բելգիական արտադրության նոր ֆիլմը, որի պրեմիերան երեկ էր: «Կինոպարկ»-ում տեղի ունեցած փակ ցուցադրությանը ներկա էին ֆիլմի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմը, գործընկերներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Սամվել Թադեւոսյանը եւ Մարիա Ախմետզյանովան


Ծննդով գյումրեցի, Փարիզում բնակվող Լեւոն Մինասյանը ֆիլմի սցենարիստն ու բեմադրող ռեժիսորն է, դերասանական կազմում են Սամվել Թադեւոսյանը, Մարիա Ախմետզյանովան, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Արման Նավասարդյանը, Վրեժ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Մանուկ Հախվերդյանը, Նարինե Գրիգորյանը, Արսեն Գրիգորյանը, Շողեր Գրիգորյանը, Վահագն Գալստյանը եւ այլք։

Շուրջ 1 ժամ 45 րոպե տեւողությամբ ֆիլմում ներկայացվում է երիտասարդ կլարնետահար Ալիկի, նրա երաժիշտ պապի՝ Հովհաննես Տալյանի հիմնած նվագախմբի ֆինանսական խնդիրները, երբ նրանց հովանավորող գործարարը սպանվում է։ Գլխավոր հերոսն ամեն կերպ փորձում է պահպանել դասական նվագախումբը։ Պատահաբար նրա մոտ է հայտնվում «վիրտուոզի» պատկանող մի հեռախոս եւ զանգերի միջոցով ստանում է գումար, ատրճանակներ ու սպանության պատվերներ։ Ալիկը գումարից չի հրաժարվում, փակում է նվագախմբի ծախսերն ու պարտքերը, այդ ընթացքում ծանոթանում ու սիրահարվում է ռեստորանում իրեն աշխատանք առաջարկած օլիգարխի խորթ դստերը՝ Լառային։ 

«Բրավո, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերային


Սեւ կատակերգության ոճով ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր.«Ես չեմ սիրում մի շրջանակի մեջ մնալ, նախընտրում եմ ժանրերը խառնել ու փորձարկել. եթե հիմա չփորձենք, մյուս կյանքում հնարավորություն չենք ունենա։ Ափսոսում եմ, որ նկարահանումներն ավարտվել են, կուզեի ողջ կյանքիս ընթացքում շարունակվեր։ Ինձ Մոսկվայում մի անգամ ասացին, որ դերասանների հետ փափուկ եմ, զգույշ լինեմ, որ «գլխիս չնստեն», բայց նույնիսկ երեխուս վրա չեմ գոռացել, ինչպե՞ս կարող եմ դերասանի վրա ձայնս բարձրացնել։ Նույն նպատակի համար ենք աշխատում, բոլորիս ֆիլմն է»,-նշեց Լեւոն Մինասյանը։

Օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը, սաունդթրեքի ու երաժշտության հեղինակներն են Տիգրան Համասյանը եւ ֆրանսաբնակ Միշել Պետրոսյանը, պրոդյուսերներն են ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանն ու Հրաչ Քեշիշյանը։ Վերջինս նշեց, որ ֆիլմի բյուջեն կազմել է 1 միլիոն 200 հազար եվրո.«Կարծում եմ՝ Հայաստանում առայսօր ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմն է, ամբողջովին նկարվել է Հայաստանում, իսկ հետարտադրությունն իրականացվել է Ֆրանսիայում ու Բելգիայում։ Մեր առջեւ կոնկրետ նպատակ չենք դրել վերադարձնել այդ բյուջեն, ֆիլմը կապրի այնքան ժամանակ, որքան կսիրի հանդիսատեսը»:

Սիրուշոն` «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերային


Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Գյումրիում՝ 36 օրում։ Լեւոն Մինասյանի խոսքով՝ կինոնկարի հիմքում չարի եւ բարու հավերժական պայքարի թեման է.«Ցանկություն ունեի լուրջ խնդրի մասին խոսել հումորով, որովհետեւ համոզված եմ՝ լուրջ ասելիքն ավելի հեշտ է ներկայացնել հումորով, քան՝ լաց ու կոծով: Ստեղծվեց մի պատմություն, որի մեջ կա հումոր, էմոցիաներ ու ակտիվ գործողություններ։ Ֆիլմ նկարելը նման է պատերազմական իրավիճակի, որում յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործն ու նպատակը։ Կարծում եմ՝ արտիստներն ու հատկապես ռեժիսորները պիտի իմանան իրենց «զենքի»՝ կինոյի հզորությունը. չենք կարող միայն զվարճացնել, պարտավոր ենք մեր ասելիքը փոխանցել, արվեստը մարդկանց քնած վիճակից դուրս բերելու լավագույն տարբերակներից է»։

«Կյանք ու կռիվ» ֆիլմի շնորհիվ հայտնի դարձած Սամվել Թադեւոսյանի համար իրականում այս ֆիլմը դեբյուտային է, քանի որ նկարահանումներն ավելի վաղ են արվել։ Նա Ալիկին կերպավորելու համար հաճախել է կլարնետի ու մեքենավարման դասընթացների.«Վարելն ինձ մոտ չստացվեց, իսկ կլարնետ նվագելու նրբությունները սովորեցի, բայց Արման Նավասարդյանն, ի տարբերություն ինձ, լավ նվագում է։ Ես չեմ հասկանում կերպարն ինձ որքանով է հոգեհարազատ հարցի իմաստը, քանի որ եթե սկսում եմ նկարվել, ինձ համար կարեւոր է։ Բայց շատ զուգահեռներ կան իմ ու հերոսի միջեւ՝ սոցիալական վիճակից մինչեւ մարդկային հարաբերություններ»։

Անդրադառնալով գլխավոր հերոսների մի քանի «բաց» տեսարաններին վերաբերող հարցին՝ Սամվելը նշեց.«Սկսած ուսանողական տարիքից՝ երբեք խնդիր չեմ տեսել, ինձ համար ծիծաղելի թեմա է, կարեւոր է, թե ինչպիսի ֆիլմում եւ ում մոտ ես նկարվում։ Այդ առումով քննադատությունն ինձ չի հետաքրքրում, ամոթ է դա քննադատելը»։

Սոֆի Մխեյանը եւ Հրաչ Քեշիշյանը


Լառայի դերակատարին քասթինգի միջոցով երկար են փնտրել.«Մենք այս դերի համար փորձել ենք Մոսկվայի, Պետերբուրգի, Կիեւի, Մինսկի նաեւ Հայաստանի, Վրաստանի 20-22 տարեկան դերասանուհիներին, իսկապես երկար ենք փնտրել»,- ասաց ռեժիսորը, Մարիան էլ պատմեց, որ հավանել է սցենարն ու հաճույքով է աշխատել.«Ես շատ ուշ եմ իմացել, որ ինձ են ընտրել, քանի որ այդ շրջանում սոցիալական ցանցից չէի օգտվել ու չէի պատասխանել հաղորդագրություններին։ Հուսամ՝ լավ եմ մարմնավորել գլխավոր հերոսուհուն»:

«Բրավո, վիրտուոզ» ֆիլմը ներկայացվել է միջազգային կինոփառատոնների եւ առաջիկայում կցուցադրվի Ժնեւում, Բրյուսելում։ Ֆրանսիայում պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW