×


Սարգիս Ավետիսյանը` սերիալային առաջին դերի եւ վախի մասին

Շուշաննա Թովմասյանի, Սարգիս Ավետիսյանի, Հարություն Մովսիսյանի, Սոֆի Դեւոյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Գոհար Իգիթյանի, Գրետա Մեջլումյանի եւ այլ դերասանների մասնակցությամբ նոր` «Երեւի» սերիալի մասին արդեն պատմել ենք: Գլխավոր հերոսին մարմնավորող երգիչ Սարգիս Ավետիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է իր կերպարի եւ դժվարությունների մասին:

Պարզվում է` երգիչը մինչ այս սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն մերժել է. «Կամ սցենարը չեմ հավանել, կամ նկարահանման խումբը, կամ էլ կերպարը հոգեհարազատ չի եղել: Իսկ երբ այս աաջարկը ստացա ռեժիսոր Վահե Սայանից, պրոդյուսերի հետ քննարկեցինք, հասկացանք, որ նա այն ռեժիսորներից է, ում նկարահանած սերիալները, երգարվեստի լեզվով ասած, հիթային են եղել: Վստահությունը նրա հանդեպ մեծ էր, դերն էլ այնպիսին է, որ նման է ինձ»:

Սարգիս Ավետիսյանը եւ Շուշաննա Թովմասյանը


Երգչի մարմնավորած կերպարը` Դավիթը դրական հերոս է, ուսուցողական կերպար: «Նա պայքարող, աշխատասեր տղա է: Հետագայում ինչպես կզարգանա գիծը, չեմ կարող ասել, քանի որ ամեն օր սցենար է գրվում: Նա սիրահարվում է Շուշաննայի հերոսուհուն, անցնում է շատ փորձությունների միջով»,- պատմել է Սարգիսը:

Նրա խոսքով, երկար մտածելուց հետո է համաձայնել ընդունել առաջարկը. «Իհարկե, վախ կար, նաեւ ոգեւորվածություն, այնպիսի տպավորություն է` կարծես առաջին տեսահոլովակս պետք է նկարահանենք: Այնպես չէ, որ միանգամայն այլ աշխատանք եմ կատարելու, քանի որ մինչ այս իմ տեսահոլովակներում ներկայացել եմ որպես հերոս, բայց այս դեպքում պետք է ռեժիսորին լսես, խաղաս ու տեքստ հիշես. պատասխանատվությունը մեծ է»:

Առաջարկն ընդունելիս երգիչն ուշադրություն է դարձրել նաեւ ֆինանսական մասին. «Դա եւս նշանակություն ուներ, այստեղ նկարահանվելով՝ շատ այլ աշխատանքներից պետք է հրաժարվել եւ, բնականաբար, պետք է կարողանանք այդ ամենը կոմպենսացնել: Ես այն երգիչներից եմ, ով պարբերաբար նոր աշխատանքներ եւ տեսահոլովակներ է ներկայացնում, իսկ դրա համար, գաղտնիք չէ, որ գումար է անհրաժեշտ»:

Սարգիս Ավետիսյանը


Թեեւ սերիալային գրաֆիկը դաժան է լինելու, սակայն երգիչը վստահեցնում է` այդ ամենը չի խանգարի երգարվեստին. «Գիշեր-ցերեկը կխառնվի իրար, բայց ես պատրաստ եմ: Կարծում եմ, կձեւավորվեն այն ընկերական հարաբերությունները, որ կկարողանանք համատեղել երկու աշխատանքներն էլ, ու նկարահանող խումբը ըմբռնումով կմոտենա, որովհետեւ համերգները չենք կարող հետաձգել: Այս ընթացքում հենց զգանք, որ երկու ժամ ազատ ժամանակ ունենք, պետք է ձայնագրության գնանք, պատրաստվենք նոր տեսահոլովակ ներկայացնելուն»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport