×


Սեբուի նոր զուգերգն ու «Վիզա»-ի վոկալիստի խոստովանությունը՝ երեւանյան համերգին

«Capital Cities» հանրահայտ ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբու Սիմոնյանն ու «Վիզա» ֆոլկ-ռոք բենդը համատեղ համերգով ներկայացան Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Թեեւ դահլիճը լեփ-լեցուն չէր, հանդիսատեսը երաժիշտներին ընդունեց բարձր ծափերով։

Համերգի առաջին հատվածում Սեպուհ Սիմոնյանն ակուստիկ հնչողությամբ երգում ու նվագում էր ինչպես իր հեղինակած երգերը, այնպես էլ «Capital Cities»-ի հիթերը։ Նրա երաժշտական ճաշակի ձեւավորման վրա մեծ ազդեցություն ունի Կոմիտասը, պատահական չէ, որ ամերիկահայ երաժիշտն իր ելույթը սկսեց Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ով ու եզրափակեց «Ես սարեն կուգայի» ստեղծագործությամբ։   

Սեբու Սիմոնյանը


Սեբուն նոր զուգերգ կատարեց 14-ամյա Սանահինի հետ, ով «Թումո»-ի «Նվակ» երաժշտական նախագծի սաներից է։ Երգիչն այժմ զբաղվում է Սանահինի պրոդյուսինգով, վերջինիս հեղինակած «Leave Me in This World» երգն էլ միասին հնչեցրին։ Ջիվան Գասպարյան կրտսերի նվագակցությամբ Սեբուն եւ Սիրուշոն կատարեցին Սեբուի ամենահայտնի երգերից մեկը՝ «Have You Ever Hurt Somebody»-ն, այնուհետեւ՝ «Վույ, աման»-ը։  

Հանրահայտ երաժիշտը կարեւորում է նոր համագործակցությունները, պատմեց, որ շատերի հետ է աշխատել՝ առանձնացնելով համաշխարհային ռոքի հայ տաղանդին՝ Սերժ Թանկյանին. «Նրա հետ երգ ունենք, կոչվում է «Faith In Nothing»։ Աշխատանքն ավելի համով-հոտով է լինում, հետաքրքրական ստեղծագործություններ են ծնվում։ Մի երգ էլ ունեմ, որը 20 տարի առաջ եմ սկսել գրել եւ այս տարի միայն ամբողջացրի, հուսամ՝ այսպես կմնա։ Այն կոչվում է «Keep The Light On»՝ ձեր ներսի լույսը վառ պահեք»։

«Viza» խմբի երեւանյան համերգին


Լիբանանում ծնված, Միացյալ Նահանգներում մեծացած միջազգային ճանաչում ունեցող երգիչը տարբերվում է համեստ ու հանդարտ խառնվածքով։ Իր ակուստիկ բեմելից վայրկյաններ անց՝ ետնաբեմում, BRAVO.am-ի հետ զրույցում Սեբուն կիսվեց իր տպավորություններով. «Շատ լավ եմ զգում: Կարծես, հաջող ստացվեց, ժողովուրդը ջերմ էր, շատ ուրախ եմ», - ասաց նա՝ առավել մանրամասն պատմելով Սերժ Թանկյանի հետ ստեղծած երգի մասին.«Faith In Nothing» երգը համամարդկային է, աշխարհի դժվարությունների մասին է, այն սխալ գործերի, որոնք կատարվում են չորս կողմը։ Երբեմն մարդիկ վատատեսական տրամադրություն են ունենում, այդ երգով մեր ոչ լավատեսական զգացումը փորձեցինք արտահայտել։ Հետագայում նրա հետ նոր երգեր էլ, անշուշտ, կլինեն»։

«Մեցցո փրոդաքշըն»-ի կազմակերպած համերգի երկրորդ մասը ռոքային էր. բեմում էր Սերժ Թանկյանի հայտնի պրոդյուսինգային խումբը՝ «Վիզա»-ն։ Նախկինում ինը հոգուց բաղկացած խմբում այժմ վեցով նվագում են դուդուկ, ուդ, կիթառ, բաս-կիթառ, վոկալ եւ հարվածային գործիքներ: Խմբի ռոքային երգերում գերիշխում է ֆոլկ երաժշտությունը, այդ թվում՝ հունականը, քանի որ վոկալիստը՝ K’noup-ը, հույն է։ Լոս Անջելեսում ձեւավորված ռոք-խմբի մյուս անդամները հայեր են՝ Էնդրյուն, Քրիսը, Շանթը, Ալեքսը եւ դուդուկով ռոքը համեմող կրտսեր Ջիվան Գասպարյանը։ Ինչպես պարզեցինք, Շանթ Բիսմեջյանը հարգելի պատճառով Հայաստան չի այցելել, բեմում՝ հինգով էին։

«Viza» խմբի երեւանյան համերգին


Ներկաների մի մասն արդեն բեմի մոտ կանգնած էին ունկնդրում խմբի երգերը՝ «A World of Broken Mirrors», «Breakout the Violins», «Midnight Hour» եւ այլն։ Հույն վոկալիստը, ինչպես խոստովանեց, ամեն անգամ հաճույքով է գալիս իր ընկերների հայրենիք.«Ինձ կարծես տանն եմ զգում։ Ձեր մայրաքաղաքն ավելի գեղեցկացել է, հետաքրքիր վայրեր ենք բացահայտում։ Հրաշալի երեկո է, շնորհակալ ենք լավ ընդունելության համար»։

BRAVO.am-ը բազմիցս լուսաբանել է համերգներով հաճախ շրջագայող «Viza»-ի գործունեությունը։ Հայաստան խումբը վերջին անգամ ժամանել էր 2010 թվականի օգոստոսին՝ Սերժ Թանկյանի հետ ելույթ ունենալու։ «Viza»-ի ամերիկահայ անդամների խոստովանությունները կարդացեք այստեղ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport