×


Սեդա Շահնազարյան.«Սիրահարվել էր ու սպասել մի փոքր մեծանամ»

Սեդա Շահնազարյանին ճանաչում բերեց «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալը: 16-ամյա աղջնակի համար Էմիլիի կերպարը դեբյուտային էր: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ անսպասելի առաջարկը փոխել է իր ապագայի պլանները: Սեդան պատմել է նաեւ գործընկերների, ընտանիքի եւ սիրելիի հետ հարաբերությունների մասին: 

Սեդա Շահնազարյանը


«Ծնողներս չեն թողել»

Նախորդ տարի ամառային արձակուրդներին որոշել էի պարապ չմնալու համար աշխատել երեխաների կենտրոններից մեկում: Մի օր այնտեղ եկավ սերիալի գծային պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանը, տեսավ, հավանեց ինձ ու առաջարկեց Էմիլիի դերը խաղալ: Քասթինգին գնալիս ահավոր լարված էի, մտածում էի` չի ստացվի, եւ շատ ուրախացա, երբ հենց ինձ ընտրեցին: Մանկուց ցանկացել եմ դերասանուհի դառնալ, բայց ծնողներս չեն թողել:

«Ահավոր կարծիքներ էին գրում»

Առաջին սերիաներում, խոստովանում եմ, շատ վատ էի խաղում, բայց հետո ռեժիսորի հետ նկարահանումներից դուրս էլ աշխատեցինք, ու կարողացա հասկանալ Էմիլիի կերպարն ու կերտել: Նախկինում շատ էի կարդում իմ հասցեին գրված մեկնաբանությունները, որոնք ահավոր էին. ասում էին, կարծես «սառած տոլմա» լինեմ, նեղվում էի, լացում, մտածում` գուցե իսկապես չպետք է խաղամ, բայց հետո, առաջընթաց տեսնելով, ավելի էի ոգեւորվում ու ձգտում լավագույնին:

«Ինձ համար ավելի դժվար էր Օվսաննայի հետ խաղալը»

Սերիալում դերակատարների փոփոխություններ եղան. Աննա Գեւորգյանի հետ քիչ էի խաղացել, եւ երբ նրան փոխարինեց Աննա Հարությունյանը, շատ կապվեցի վերջինիս հետ: Նա ինձ շատ բան սովորեցրեց` մեծի պես վերաբերվելով, զրուցելով: Երեւի, իրեն էլ էր դժվար խաղալ ինձ հետ, դրա համար ստիպված սովորեցնում էր:): Հետո Արինայի կերպարը փոխվեց. անկեղծ պետք է ասեմ, որ ինձ ավելի դժվար էր Օվսաննայի հետ խաղալ, քանի որ նա միայն իր տեսքի մասին էր մտածում, իսկ Աննա Դովլաթյանն ամեն ինչ զգում էր, ուշադիր լսում, թե ինչ պետք է անի, փորձում էր ու ստացվում էր: Շատ եմ կարոտում մեր նկարահանումները, հատկապես Աննա Դովլաթյանի ձեւավոր խոսելը:

Սեդա Շահնազարյանը


«Ուզում եմ Աննայի եւ Ելենայի նման դերասանուհի դառնալ»

Մինչ սերիալն օտար լեզուներ էի սովորում, ուզում էի լրագրող դառնալ, բայց ամեն ինչ փոխվեց նկարահանումներից հետո: 11-րդ դասարանում եմ սովորում, հաջորդ տարի կավարտեմ ու կընդունվեմ Թատերական ինստիտուտ: Ուզում եմ Աննա Հարությունյանի եւ Ելենա Բորիսենկոյի նման դերասանուհի դառնալ, այս պահին նրանք են ինձ համար կատարյալը:

Ընտանիք

Ապրում եմ մայրիկիս, հայրիկիս եւ ինձնից երկու տարի մեծ եղբորս հետ: Մայրս լրագրող է, նրա մասնագիտությունն էի ուզում ընտրել, հայրս PR մենեջեր է, եղբայրս էլ դեռ դպրոցում է սովորում:

«Սկզբում ընկերներ ենք եղել»

Կայքերում լուրեր էին տարածվել, թե արդեն 2.5 տարի է` ընկեր ունեմ, բայց պետք է ասեմ, որ նրանք հաշվել չգիտեն, որովհետեւ ես եւ ընկերս 1.5 տարի էր` ինչ հանդիպում ենք: Մի տարի ավելացրել էին, որ ավելի քննարկվող լինի:): 

Ընկերս` Սերոժը, 19 տարեկան է, սովորում է Ճարտարապետության եւ շինարարության համալսարանում: Ծանոթացել ենք երկու տարի առաջ` ամռանը` Ազատության հրապարակում, որտեղ ես անվաչմուշկ էի քշում, որպեսզի կրկին պարապ չմնայի արձակուրդներին:): Ինքն էլ հեծանվով ինչ-որ հնարքներ էր անում: Սկզբում ընկերներ ենք եղել, շփվում էինք ինչպես նույն շրջապատի մարդիկ: Բայց պարզվում է` նա սիրահարվել էր ու սպասել մինչեւ մի փոքր մեծանամ: Իսկապես շատ փոքր էի թե հոգեպես, եւ թե արտաքնապես:):

Սեդա Շահնազարյանը` ընկերոջ հետ


«Պատասխան չստացա…»

Մի քանի անգամ սեր է խոստովանել, բայց ես փոխել եմ թեման, իսկ երբ հասկացա, որ ես էլ նրան եմ սիրում, հաղորդագրություն գրեցի ու պատասխան չստացա: Հաջորդ օրը հանդիպեցինք, կրկին ոչինչ չասաց, ձեռքս բռնեց, ու գնացինք զբոսնելու: Հասկացանք, որ արդեն ընկեր-ընկերուհի ենք:):

Հաճախ ենք վիճում ու հիմնականում իմ պատճառով, որովհետեւ ինչքան էլ փորձեմ հասուն լինել, ես դեռ փոքր եմ: Միշտ ասում է` տաք հագնվեմ. քանի որ մրսկան է, կարծում է` պետք է ես էլ մրսեմ: Շատ հետաքրքրություններ կան, որ նա վայելել է իմ տարիքում, բայց ես` դեռ ոչ: Ինչքան խիստ վիճում ենք, այնքան շուտ էլ հաշտվում ենք, ու առաջին քայլը հիմնականում ես եմ անում, որովհետեւ չեմ դիմանում:):

«Ընկերս չի սիրում…»

Շատ եմ սիրում կարդալ: Արտասահմանյան հետաքրքիր գրականություն եմ սիրում, օրինակ`Սթիվեն Քինգ: Շատ եմ սիրում զբոսնել, բայց քանի որ ընկերս չի սիրում, այդ մի գործով չեմ զբաղվում ու հիմնականում տանն եմ լինում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սեդայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW