Աշխարհահռչակ ռոք-երգիչ, “System of a Down’’ խմբի վոկալիստ Սերժ Թանգյանն իր կնոջ` Անժելա Մադաթյանի հետ սկսել է ֆինանսավորել “Օրրան” բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի Վանաձորի մասնաճյուղին:
Արմինե Հովհաննիսյանը եւ Սերժ Թանգյանը
BRAVO.am-ի հետ զրույցում “Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը հայտնել է, որ փետրվարի 17-ից Վանաձորի “Օրրան”-ում մոտ 30 սոցիալապես անապահով տարեցների համար երաժշտի աջակցությամբ կմեկնարկի “Տաք ճաշ”-ի ծրագիրը. սնունդ ստանալու եւ միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները կեսօրին կհաճախեն ցերեկային խնամքի կենտրոն:
“Քանի որ նրա տիկինը` Անժելան, Վանաձորում է ծնվել, մի քանի տարի այնտեղ բարեգործական ծրագրեր էին անում, այս տարվանից իրենց անձնական նվիրատվությամբ կօժանդակեն նաեւ “Օրրան”-ին: Սերժը եւ Անժին մեզ առաջարկեցին օգնել Վանաձորի մասնաճյուղին, մենք էլ մի քանի տարբերակ ներկայացրինք: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ ու մի քանի օրվա ընթացքում ներդրումներ կատարեցին”,-նշել է Արմինե Հովհաննիսյանը:
Սերժ Թանգյանը կնոջ` Անժելա Մադաթյանի հետ
Նրա խոսքով` երկար ժամանակ է` ճանաչում է Սերժ Թանգյանին.“Մեր ծանոթությունը շատ բնական է եղել. նա մեզ հիշեցրեց` երբ 1885 թվականին ես եւ ամուսինս գալիս էինք Հայաստան` մեր մեղրամիսն անցկացնելու, նույն օդանավի մեջ զրուցել ենք իր ծնողների հետ: Իր հետ պարբերաբար կապի մեջ ենք եղել, երբ մի քանի տարի առաջ եկել էր Հայաստան. “Օրրան”-ի երեխաներին խրախուսելու համար գնեց նրանց ձեռքի աշխատանքները”:
Վանաձորի "Օրրան"-ի սաները
Այժմ Վանաձորի “Օրրան” է հաճախում սոցիալապես անապահով ընտանիքների 65 երեխա, որոնք սնվում են, ստանում բժշկական, հոգեբանական ծառայություններ, նաեւ մասնակցում մասնագիտական վերապատրաստման ծրագրերի.“Դրամական միջոցների պակասի պատճառով Վանաձորում միայն երեխաներն են ընդգրկված եղել, բայց ճաշի ծրագիրը 2000 թվականից իրականացրել ենք Երեւանում: Հուսանք` Վանաձորում եւս մեծահասակների համար նախատեսված ծրագիրը երկար կյանք կունենա: Ի դեպ, բացի այս ծրագրից, Սերժ Թանգյանի կողմից Վանաձորի տնակներում ապրող 70 ընտանիք վաղվանից կստանա մեկանգամյա օգնություն` սննդի տեսքով”,-տեղեկացրել է Արմինե Հովհաննիսյանը:
BRAVO.am
Լուսանկարները` “Օրրան”-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: