×


Ազատ սեքսը Հայաստանում

Մարդիկ Հայաստանում ավելի քան 20 տարի բողոքում են կառավարությունից, սոցիալական ու տնտեսական վիճակից, կրթական ոլորտից, հեռուստատեսությունից, մշակույթից, նախարարների եւ նախագահի կենսակերպից ու վարքից, կուսակցություններից ու էլ ինչից ասես, փորձում հեղափոխություններ անել, խելքի գալ ու խելքի բերել երկիրը: Իսկ ես, եւ ոչ միայն ես, ամեն նման առիթով նշում եմ, որ ոչինչ եւ ոչ ոք խելքի չի գա, քանի դեռ չի նշմարվում սեքսուալ հեղափոխություն. սեքսի նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխություն, սեքսի ազատագրում ծանր, իրենց իմաստը վաղուց սպառած, մարդու նյարդերն ու սեռականությունը սղոցող պայմանականություններից: Սեռական պահանջմունքը եղել ու մնում է մարդու հիմնարար, առաջնային բնազդներից մեկը: Միգուցե դրա վրա հագցվող տգեղ զսպաշապիկն է բերում այն բոլոր՝ էլ ավելի տգեղ իրավիճակներին երկրում, որոնցից ուզում ենք ազատվել:

Ընդ որում, քառակուսիներից քիչ թե շատ ազատագրված են տղամարդիկ: «Ազատ սեքսի դրության տակ գտնվելը» տղամարդու համար որակի ու փորձառության նշան է: «Դե, բնական պահանջմունքներ ունեմ, հո սերմնաթունավորումից չե՞մ մեռնելու». այսպիսի ձեւակերպում իրենց թույլ են տալիս նույնիսկ հղի կնոջ օրինական ամուսիններ (որտե՞ղ եք բարոյախրատախոսներ): Իսկ աղջիկներն ու կանա՞յք: Հայաստանում նրանք մաքուր, զուտ եւ զուլալ սեքսի կարիք ունեն կլոր տարին, բայց «լուռ մահանում են», հատկապես եթե չունեն զուգընկեր, ամուսին, ամուսնալուծված են կամ կույս:

Ի՞նչ է կատարվում աշխարհում: Ըստ սոցիոլոգների՝ միջին վիճակագրական կնոջ սեռական կյանքում 6 սեքս-զուգընկեր է լինում: Ամենահայտնի պատճառներն են հասարակական կարծիքն ու առանց զգացմունքների սեքսով չզբաղվելը: Վերջինն ընդունված է սեքսի նկատմամբ զուտ կանացի մոտեցում համարել: Ինչպես էլ սեքսուալ մեծ ախորժակ եւ սեքսի նկատմամբ  «տղամարդկային» մոտեցում ունեցող կանանց վերաբերվեն, փաստն այն է, որ այդպիսիք քիչ չեն: Ծանոթության ամենաառաջատար կայքերի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ

-օգտատերերի 80%-ը գոնե մեկ անգամ սեքսով է զբաղվել առաջին հանդիպմանը,

-մինչեւ 30 տարեկան կանանց 17%-ը պատրաստ է սեքսի առաջին հանդիպմանը,

-30-ն անց կանանց դեպքում պատրաստ է արդեն 29%-ը:

Երկու կարեւոր դիտարկում:
1.Ո՛չ միակ մեծ սիրո հավատը, ո՛չ հաճախ սիրահարվելու հակումը չպետք է խանգարեն ձեզ հաճույք ստանալ սեքսից: Միայն թե պետք է սիրային կապին ճիշտ տեսանկյունից նայել:

 2.Պե՞տք է ապացուցել աշխարհին ազատ սեքսի ձեր իրավունքը, թե՞ ոչ, ձեր որոշելիքն է: Կարեւորը ներքին հարմարավետության, պատասխանատվության ու հոգեկան ներդաշնակության կանոնները պահպանելն է:

 Եթե դուք չեք ընդունում սեքս առանց սիրո


*Հանդուրժողականություն ցուցաբերեք: Ձեր հատընտիր վերաբերմունքը սեքսի նկատմամբ ձեզ ոչ ավելի լավն է դարձնում, ոչ վատը նրանցից, ովքեր սեքսին ավելի պարզ են վերաբերվում: Բարոյախրատաբանությունը թողեք վիկտորիանական դարի դաժան տիկնանց:

*Ազատվեք ուռճացված սպասելիքներից: «Ես կարծում էի՝ մեր մեջ ամեն ինչ շատ լուրջ է, քանի որ սեքս ենք ունեցել, իսկ նա արդեն 13 ժամ է՝ ինձ չի գրել» բանաձեւն օր օրի ավելի է սպառում իրեն ու վախեցնում տղամարդկանց, ինչպես խավարասերներին` լույսը (տղամարդիկ, ներեցեք, սա պարզապես համեմատություն է): Այս աղջիկները հակված են այն մտքին, որ տղամարդն ինչ-որ պարտավորություն է վերցնում՝ իրենց հետ «սեքսի մասնակցելով»: Անկեղծ ու ցավոտ լինենք. եթե դուք այդ ամենը նախապես չեք քննարկել, ապա պարտավորություններն ավարտվում են ճիշտ այն պահին, երբ տղամարդը դուրս է գալիս անկողնուց: Ի դեպ, հիշեք, որ սեքսին մասնակցում եք երկուսով, հաճույք եք ստանում երկուսով, ոչ ոք մյուսին լավություն չի անում:

*Երբեք մի ասեք երբեք: Պարզապես սեքսից հասնել մինչեւ գեղեցիկ, մեծ ու լուսավոր սիրո՞: Այո պատահում է: Եվ այն էլ ինչպես է պատահում:

Եթե սեքսը ձեզ համար… սեքս է


*Առանց պարտավորությունների հարաբերություններ փնտրեք ձեր շրջապատից հեռու միջավայրում: Հիշենք «Սեքսը մեծ քաղաքում» (Sex and The City) սերիալում ինչ  «մարազմատիկ» վիճակում է հայտնվում Քերրին, երբ Շառլոտի հարսանիքի նախորդ գիշերն անցկացնում է փեսայի ընկերոջ հետ եւ հետո նրա տհաճ ակնարկները վայելում հարսանիքին: Մի խոսքով, ընկերները, ընկերների ընկերներն ու գործընկերները միանվագ սեքսի համար վատագույն թեկնածուներն են:

*Վայելեք ձեր ընտրությունը: Թույլ մի՛ տվեք բարոյախրատախոսներին(իսկ նրանք շատ են) փչացնել ձեր հաճույքը: Սիրում եք սեքսն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց ամուսնության երդումների ու առանց 187-կետանի խոստումների: Դա ձեր ընտրությունն է, ձեր պատասխանատվությունը՝ չափահասությունից սկսած: Եվ մի բան էլ, սեքսը (ինչպես կամայական այլ բան, որ տեղի է  ունենում 2 մեծահասակի միջեւ փոխադարձ համաձայնությամբ) նորմալ երեւույթ է: Վերջակետ: 

*Կրկնեմ: Երբեք մի ասեք երբեք: Սեքսից հասնել գեղեցիկ, մեծ ու լուսավոր սիրո հնարավոր է, պատահում է: Շատ ավելի հաճախ, քան կարծում եք:

Բոլորին մաղթում եմ հաճույք ստանալ կյանքում պատահող յուրաքանչյուր սեքսից ու նպաստել սեքսուալ հեղափոխությանը Հայաստանում: 

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW