Սիլվա Հակոբյանն ու Արամեն այս օրերին ելույթ են ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Ամենօրյա համերգների արանքում երգիչները ժամանակ են գտել եւ BRAVO.am-ին պատմել շրջագայության հետաքրքիր մանրամասները:
Արամեն, Հակոբ Հակոբյանը, Սյոմա Կոդաբաշյանը եւ Սիլվա Հակոբյանը
Քաղաքից քաղաք տեղափոխվելը նրանց համար ոչ միայն հոգնեցուցիչ ու ձանձրալի չէ, այլեւ միասին լավ ժամանակ են անցկացնում.«Հարմարավետ ավտոմեքենայով ենք ճամփորդում, այն մեր տունն է դարձել, քանի որ օրվա մեծ մասը ճանապարհին ենք: Հուսալի վարորդ ունենք, որի հետ ցանկացած ճանապարհ ապահով է։ Մեր թիմը բաղկացած է 8 հոգուց, արդեն կազմավորված ընտանիք է, եւ դա է պատճառը, որ չենք հոգնում ոչ միմյանցից, ոչ էլ երկարատեւ ուղեւորություններից»։
Ամեն քաղաքում երգիչները երկու ժամանոց համերգ են ունենում, որի ընթացքում յուրաքանչյուրը կատարում է տասական երգ.«Երբեմն մեր ելույթները համեմվում են տեղի հայկական համույթների պարային համարներով: Այնքան ջերմ մթնոլորտ է լինում, որ հանդիսատեսը չի էլ զգում, թե ինչպես ավարտվեց հերթական համերգը։ Չենք մոռանում նաեւ ավարտին լուսանկարվել նրանց հետ»։
Սիլվա Հակոբյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի քաղաքներում
Սիլվան նշել է, որ ինքն ու Արամեն շատ անկեղծ են հանդիսատեսի հետ.«Անում ենք այնպես, ինչպես տվյալ պահին մեր սիրտն է մեզ թելադրում. նախօրոք ոչինչ չենք բեմադրում: Օրինակ՝ ամեն անգամ սիրում եմ ինքնատիպ ձեւով բեմ հրավիրել Արամեին, եւ աթոռին կանգնելն ու նրա մուտքը հայտարարելը կրկին իմ մտահղացումներից մեկն էր։): Համերգներից մեկի ժամանակ էլ, երբ «Գիշեր է» երգս էի կատարում, հուզվեցի, որովհետեւ վատառողջ լինելու պատճառով կորցրել էի ձայնս ու չէի կարողանում երգել։ Այդ պահին ինձ օգնության հասավ հանդիսատեսը, սկսեց երգել՝ ոգեւորելով ինձ իր ջերմ ծափերով ու ընդունելությամբ: Այսքանից հետո ինչպե՞ս կարող ես չհուզվել ու շնորհակալ չլինել քո անկրկնելի հանդիսատեսին։ Բեմն ու հանդիսատեսն իսկապես մոգական ուժ ունեն իրենց մեջ ու կարող են բժշկել անգամ անբուժելին»:
Երգիչները պատմել են, որ բացի հաճելի պահերն ու հանդիսատեսի հետ շփումը, անակնկալներ են ունեցել: Արամեի համար շատ պատահական ու հետաքրքիր հանդիպում է եղել Վորոնեժում.««Իմ Արեւ» երգիս ժամանակ բեմ բարձրացավ տեսահոլովակիս փոքրիկ հերոսուհին: Նրանք ապրում են Մոսկվայում, բայց այդ օրերին գտնվելով Վորոնեժ քաղաքում, եկել էին մեր համերգին։ Իսկապես շատ հաճելի անակնկալ էր»:
Սիլվա Հակոբյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի քաղաքներում
Սիլվան էլ առանձնացրել է իրեն ամենից շատ տպավորած դեպքը.«Տոլյատիում բեմ բարձրացավ մի փոքրիկ տղա ու երկար ժամանակ ինձ հետ ողջագուրվելուց հետո նվիրեց փոքրիկ արջուկ։ Համերգի վերջում ինձ մոտեցավ նրա մայրն ու ասաց, որ այդ արջուկը ծնված օրվանից ուղեկցում է տղային, միշտ ձեռքում է թե՛ քնած ժամանակ, թե՛ ընթրելիս, թե՛ հյուր գնալիս. նա ինձ նվիրեց իր հավատարիմ ընկերոջը, որին երբեք ուրիշին չէր նվիրի։): Իսկապես մեծ ու պարտավորեցնող նվեր է եւ մինչ օրս ինձ հետ է»։
Երգիչները զրույցի վերջում չեն մոռացել շնորհակալություն հայտնել համերգների կազմակերպիչ «Արամ Փրոդաքշն»-ին.«Իհարկե, շնորհակալ ենք հանդիսատեսին, որ իր ներկայությամբ ապահովում է լեփ-լեցուն դահլիճ, որի ջերմությամբ մեզ թեւ է տալիս։ Մենք ձեզ սիրում ենք»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ երգիչների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: