×


Սիրուշոն, Նազենին, “Dorians”-ը, Էմմին եւ այլ հայտնիներ` Հանրայինի տոնին :)

Նորքի բարձունքում` Հանրային հեռուստաընկերության շենքի դիմաց երեկ բացօթյա գեղեցիկ համերգ է տեղի ունեցել, իսկ առիթն Առաջին ալիքի նոր եթերաշրջանի մեկնարկն էր: Հրավիրվածները նախ անցել են կարմիր գորգի վրայով, լուսանկարվել, այնուհետեւ կտրել տոնական տորթը, իսկ արդեն նախատեսված ժամին սկսվել է բուն միջոցառումը:

Ռուբեն Ջաղինյանը` կնոջ հետ, Լիլիթ Մարգարյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Համերգի բացումը վստահված էր Արմեն Ամիրյանին եւ Աննա Ավանեսյանին, ելույթ են ունեցել Սիրուշոն, Անուշ եւ Ինգա Արշակյանները, “Dorians” ռոք խումբը, Լեյլա Սարիբեկյանը, Ռաիսա Մկրտչյանը եւ Գեւորգ Հակոբյանը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ:

Երեկոյին ներկա են եղել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, Առաջինի թիմը, Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը, Աշոտ Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Արա Գեւորգյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լալա Մնացականյանը, Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը, Արա Ղազարյանը եւ ուրիշներ:

Սիրուշոն եւ Հայաստանի երիտասարդական նվագախումբը


“Կարծում եմ` նմանատիպ համերգներն ավանդույթ կդառնան, քանի որ Հանրայինը միշտ եղել է մեր մայրաքաղաքի, մեր երկրի ստեղծագործական եռուն տեղը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հեռուստաընկերության մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը: 

Նրա խոսքով` Առաջին ալիքի նոր եթերաշրջանը բազմաժանր է.““Երգ երգոց”, “Ազատ գոտի”, “Օտար, ամայի ճամփեքի վրա” հաղորդումները, որոնք մեծ լսարան ունեն, կրկին կլիեն եթերում, բայց ավելի նորացված տարբերակներով”:

Առաջին ալիքի մեկնաբաններ Շահանե Մեժլումյանը, Զարուհի Ռշտունին եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը


Վերադառնում է “Առավոտ լուսո” ծրագիրը, այն էլ` հաղորդավարական նոր կազմով. Հանրայինի տաղավարից ամեն օր բարի առավոտ կմաղթեն Վահե Խանամիրյանը, Լիլիթ Մուրադյանը, Արման Մարգարյանը եւ Մերի Ներսիսյանը:

“Հանրային նշանակության հաղորդումներ եւս կան. առաջինն Արթուր Բախտամյանի “Բախման կետ” թոք-շոուն է, որը կլինի մշակութային քննարկումների հարթակ, եւ սոցիալական հաղորդում կվարի Ցվետանա Պասկալեւան. լրագրողական հետաքննությունների արդյունքում կներկայացվեն սոցիալան թեմաներ”,-նշել է Աննա Ավանեսյանը:

"Առավոտ լուսո" ծրագրի հաղորդավարներ Մերի Ներսիսյանը, Արման Մարգարյանը, Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը


Հանրայինի ցերեկային եթերում կքննարկվեն կանանց վերաբերող թեմաներ. Արեւիկ Ուդումյանը, դերասանուհի Իրինա Դանիելյանը, գրող-հրապարակախոս Կարինե Խոդիկյանը եւ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը կխոսեն կանաց սրտից: 

Ինչ վերաբերում է սերիալներին, Առաջինի մամուլի քարտուղարը հետեւյալն է ասել.“Փորձում ենք փոխել սերիալ հասկացողությունը: Շուտով կմեկնարկի “Հատուկ գոտի”-ն, որն ընդամենը 24 մասից է բաղկացած, ինչը թույլ է տալիս գեղարվեստական մասն ավելի լավ ապահովել, նաեւ չձանձրացնել հեռուստադիտողին: Այս սերիալի ավարտից հետո կցուցադրվի եւս մեկը, որը գյուղական կյանքի մասին է”:

"Dorians"-ը եւ Հայաստանի երիտասարդական նվագախումբը


Աննա Ավանեսյանի խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը նոր փուլում է.“Փորձում ենք այն դարձնել այնպիսին, ինչպիսին մարդիկ են միշտ “պահանջել””:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW