×


\"Սիրո խոստովանություն\" Կամերայինում :)

“Սիրո խոստովանություն”` այսպես է կոչվում Կամերային թատրոնի՝ Երեւանին նվիրված նոր ներկայացումը։ BRAVO.am-ը ներկա է եղել առաջնախաղին, որին հրավիրված էին թատրոնի անձնակազմի գործընկերներն ու մտերիմները։

Արա Երնջակյանը եւ “Սիրո խոստովանություն” ներկայացման դերասանները


Ներկայացման հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է, դերասանների հագուստով զբաղվել է Դիանա Շատվերյանը: Մեկ գործողությամբ ներկայացումը ձեռագրով ու ոճով նման է Կամերայինի խաղացանկի երաժշտական մյուս ներկայացումներին։ Երեւանին նվիրված երգեր, պարային հատվածներ, մայրաքաղաքը գովերգող խոսքեր... Դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով, խոսում են հին ու նոր Երեւանի, ավանդույթների, թաղամասերի, փողոցների մասին։  Ներկայացման ավարտին նրանք չեն մոռանում նշել իրենց ծննդավայրերը. Ռաֆայել Երանոսյանն Արմավիրից է, Հասմիկ Դանիելյանը` Աբովյան քաղաքից, Վահե Զիրոյանը` Գեղարքունիքի մարզից, Սենիկ Բարսեղյանը՝ Արտաշատից, իսկ Անի Լուպեն՝  Երեւանից։

“Սիրո խոստովանություն” ներկայացման պրեմիերային


Պրեմիերայի նախորդ օրը տեղի է ունեցել ներկայացման հանձնումը, դերասաններն առաջին գնահատականը ստացել են թատրոնի անձնակազմից։ Անի Լուպեն նշել է, որ նրանց գնահատականն ավելի խիստ ու մասնագիտական է.“Հանդիսատեսն այնքան խիստ չի դատում, որքան մեր թատրոնի աշխատակիցները, չնայած` կարող է հակառակ կարծիքը ձեւավորված լինի։ Որպես դերասաններ գովերգում ենք Երեւանը, բայց մեր ասելիքը տարբեր է, մեկս մյուսի հետ համակարծիք չենք, թեեւ բացասական ոչինչ չկա։ Ներկայացման մեջ սերն ու ջերմությունն այնքան շատ է, որ արթնացնում է թաքնված հույզերն, ու հանդիսատեսը գիտակցում է, թե ինչքան է սիրում իր մայրաքաղաքը”։

Սենիկ Բարսեղյանն էլ պատմել է ներկայացումից առաջ տիրող մթնոլորտի մասին. “Գրիմանոցներում դերասանների ու ադմինիստրատիվ աշխատողների միջեւ տեղի է ունենում գեղեցիկ “նյութափոխանակություն”, այնպիսի “դուխով” են մեզ բեմ ուղարկում, որ ավելի քիչ ենք հուզվում։ Երբ իմ ասելիքը հստակ գիտեմ, չեմ անհանգստանում։ Երեւանը ներկայացնում ենք դրական լույսի ներքո։ Գլխավոր հերոսը Երեւանն է, որին հիշատակում ենք ողջ ներկայացնման ընթացքում, սիրո խոստովանություն ենք անում։ Իր տեսակով ձոներգ է”։

“Սիրո խոստովանություն” ներկայացման պրեմիերային


Հասմիկ Դանիելյանի խոսքով՝ Երեւանն այն քաղաքն է, որի մասին կարելի է խոսել, կարոտել ու սիրո խոստովանություն անել.“Ի տարբերություն մեր մյուս ներկայացումների, այստեղ գերիշխում է սերը։ Արա Երնջակյանը քաղաքի հանդեպ իր սերը մեր միջոցով փոխանցում է հանդիսատեսին. այնպես է գրել, որ իմպրովիզների կարիք չկա։ Ես ծնվել եմ Երեւանում, բայց ապրել եմ Աբովյան քաղաքում։ Երբ 16 տարեկանից սկսեցի այստեղ ապրել, երեւանյան առաջին սիրելի վայրերից մեկը դարձավ Կամերային թատրոնը, մեկ էլ սիրում եմ այգիները, հատկապես Թումանյանի այգին”։

“Սիրո խոստովանություն” ներկայացման պրեմիերային


Թեպետ Լուսինե Երնջակյանն այս անգամ ներկայացման կազմում չէ, բայց ներկա է եղել ստեղծման ընթացքին ու մասնակցել է կուլիսային աշխատանքներին.“Կողքից աջակցել ու ոգեւորել եմ: Կարծում եմ՝ մենք արտառոց վերաբերմունք ունենք Երեւանի հանդեպ։ Վստահ եմ, որ իտալացուն հարցնենք իր մայրաքաղաքի մասին, այդքան սեր չի խոստովանի, որքան՝ մենք։ Բեմից դերասանները խոսում են այն մասին, թե որքան դժվար է արտասահմանում ապրող հայերի համար կարոտով հիշել Երեւանի անկյունները։ Հանդիսատեսը դերասանների հետ կերգի, կպարի, կհուզվի, ինքս տեսա, որ ներկաները հուզվում են”:

“Սիրո խոստովանություն” ներկայացումն արդեն թատրոնի խաղացանկում է, այն կարող եք դիտել նոյեմբերի 26, 27-ին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW