Հասմիկ Վերդյանը, որը հեռուստադիտողին հայտնի է “Ո՞ւր է իմ տղամարդը”, “Հրեշտակների դպրոց”, “Ընտրյալներ”, “Մի՛ ստիր”, “Հատուկ բաժին” եւ այլ սերիալներից, օրերս նշանադրվել է, իսկ ընտրյալը մասնագիտությամբ դերասան Կարեն Մարտոյանն է, ով Մոսկվայում սեփական բիզնեսով է զբաղվում:
Դերասանուհի Հասմիկ Վերդյանը
“Շուրջ 4 տարվա ծանոթներ ենք, իսկ ընկերություն անում ենք մոտ 1 տարի: Թատրոնում ծանոթացել ենք, թատրոնում էլ ամուսնության առաջարկ է արել, այնտեղ էլ տոնել ենք մեր նշանդրեքը”,-BRAVO.am-ին ասել է դերասանուհին` հավելելով, որ տարիների ընթացքում Կարենին հաջողվել է բարության, խոհեմության եւ անսահման սիրո շնորհիվ գրավել իր սիրտը:
“Սկզբնական շրջանում շփվել ենք համացանցի միջոցով, այնուհետեւ Կարենը եկավ Երեւան: Իմ դեպքում սեր չէր առաջին հայացքից. ժամանակի ընթացքում սիրահարվեցի եւ սիրեցի”,-նշել է նա:
Կարեն Մարտոյանը եւ Հասմիկ Վերդյանը
Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհուն Կարեն Մարտոյանն ամուսնության առաջարկություն է արել հոկտեմբերին.““Զգուշացե՛ք, կանայք են” ներկայացման ավարտից անմիջապես հետո նա մոտեցավ ինձ եւ, ծնկի գալով, սեր խոստովանեց…”: Երեւույթն այնքան է հուզել Հասմիկին, որ միայն ներկաների հուշումից հետո է դրական պատասխան տվել:):
“Շողոքորթը”, “Սիրային իրարանցում”, “Զգուշացե՛ք, կանայք են”, “Սիրո զոհեր” եւ այլ ներկայացումներում հանդես եկած դերասանուհին վստահեցրել է, որ ամուսնությունից հետո էլ կշարունակի խաղալ թատրոնում, ինչպես նաեւ նկարահանվել հեռուստատեսային նախագծերում:
Կարեն Մարտոյանը եւ Հասմիկ Վերդյանը նշանադրվել են
“Մի քանի ամիս է` չեմ երեւում հեռուստաէկրանին: Առաջարկներ եղել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել խաղալ. գուցե դեռ պահը չէ: Երբեք դերից չեմ հրաժարվում` բացառությամբ մերկ տեսարանների: Ի դեպ, այս ընթացքում առաջարկ է եղել “Մի նայիր հայելուն” գեղարվեստական ֆիլմում խաղալ մերկ տեսարանում, սակայն մերժել եմ”,-պատմել է նա եւ հավելել.“Սեպտեմբերին նկարահանվել եմ Արցախին նվիրված հոլովակում` եվրոպացիներին ծանոթացնելով արցախյան վանքերին ու պատմությանը: Մարմնավորել եմ Արզու-Խաթուն իշխանուհուն, ով կառուցել է Դադիվանքի Սուրբ Աստվածածին կաթողիկեն` ի հիշատակ որդու, որը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս”:
Հասմիկ Վերդյանը ցանկություն ունի ֆիլմերում մարմնավորել լուրջ, դրամատիկ կերպարներ, իսկ բեմում երազում է խաղալ որեւէ մյուզիքլում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Վերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: