×


“Սիրո վկայականներ”` հանուն փոքրիկ Լիզայի բուժման

“Ես քեզ, դու` ուրիշին” մարդասիրական նախաձեռնության անդամները սիրո տոների առթիվ “The Club”-ում կազմակերպել էին “Սիրո վկայականների” հանձնում` սիմվոլիկ գումարի դիմաց, իսկ ստացված ողջ հասույթը փոխանցվել է գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժվող 6-ամյա Լիզա Պողոսյանի ընտանիքին:

“Ես քեզ, դու` ուրիշին” նախաձեռնության անդամները


Նախորդ տարվա սեպտեմբերից առ այսօր փոքրիկը Մոսկվայում քիմիոթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել. ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազները սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթային բուժում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում, որը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի: 

“Ես քեզ, դու` ուրիշին” նախաձեռնության անդամ Արմեն Արմոս Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, որ հրապարակումներից տեղեկանալով փոքրիկի հիվանդության մասին, շուրջ 6 ամիս է` փորձում են աջակցել նրա ընտանիքին.“Այս ամենը տարբեր ակցիաների հաջորդականություն է: Երեխան Մոսկվայում շարունակում է բուժում ստանալ, եւ, բարեբախտաբար, նրա առողջական վիճակը լավանում է: Մենք կշարունակենք մեր հավաքած գումարն ուղարկել, որ Լիզան ոտքի կանգնի”:

Բարեգործական միջոցառմանը ելույթ է ունեցել “Miq’s Art Folk Quartet”-ը


Սիրո վկայականների գաղափարը Եվա Հարությունյանինն է, դրանց վրա գրված է` “Ձեր սերը փրկում է Լիզայի կյանքը”.“Ընկերներս հավանեցին իմ միտքը, իրենց առաջարկներով ավելի ամբողջական դարձրին ու համաձայնեցին, որ միասին իրականացնենք: Ուրախ ենք, որ մեզ տարածքն անվճար տրամադրեցին, համաձայնեցին տպել վկայականները, եւ թիմային աշխատանքի արդյունքում կարողացանք հավաքել անհրաժեշտ գումարի որոշ մասը: Օրեր առաջ մի բարերար, որը չցանկացավ իր անունը հրապարակել, Լիզայի առողջացման համար նվիրաբերեց 5000 դոլար, դեռ կան սրտացավ մարդիկ”,-հայտնել է Եվան:

Միջոցառման ընթացքում “Miq’s Art Folk Quartet”-ի անդամները` թառահար Միքայել Ոսկանյանը, բլուլահար Ռաֆիկ Ավագյանը, թմբկահար Էդուարդ Հարությունյանը եւ դաշնակահար Արման Պեշտմալջյանը ներկաների համար նվագում էին հայկական ժողովրդական մեղեդիներ: Միքայելը նշել է, որ երաժիշտ ընկերների հետ պատրաստակամ է մասնակցել բարեգործական նախաձեռնությունների.“Փորձում ենք նաեւ մեր ընկերներին տեղեկացնել, որ անտարբեր չլինեն ու հնարավորինս օգնեն”:

Ռոլանդը եւ Լայանան


Լայանան` ամուսնու` Ռոլանդի հետ, ի թիվս այլ զույգերի, եւս ունեցան “Սիրո վկայական”: Երգչուհու խոսքով` այն իր ուրույն տեղը կգտնի մյուս պատվոգրերի ու վկայականների կողքին.“Այս դեպքում վկայականն այնքան չեմ կարեւորում, որքան մասնակցությունը, որ կարող ես փոքրիկ ներդրումով օգտակար լինել: Որոշ մարդիկ իրենց ներկայությամբ, մյուսներն էլ գումարով են փորձում օգնել: Դեպք է եղել, որ մի աղջկա համար բավական շատ արյուն եմ հանձնել, այդ պահին անհրաժեշտ էր, ռիսկի դիմեցի: Շատ կարեւոր է անտարբեր չլինելը”:

Մեր այն ընթերցողները, որոնք կցանկանան փոքրիկ Լիզայի բուժման համար օժանդակություն ցուցաբերել, ներկայացնում ենք նրա հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անունով բացված հաշվեհամարի տվյալները.

ՎՏԲ - Հայաստան Բանկ 

AMD 16004052756801 

USD 16004052756802 

EUR 16004052756803 

RUR 16004052756804

Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետեւյալ կերպ` “VTB BANK” (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22

Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

Ի դեպ, հաջորդ ակցիան այսօր է` փետրվարի 15-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Օգտակարն ու հաճելին կարող եք համատեղել` գնելով Հայաստանի կամերային պետական նվագախմբի “Բարության ղողանջներ” համերգի տոմս, որի արժեքն է 1000-3000 դրամ: Բարեգործական համերգի ողջ հասույթը կրկին կուղղվի 6-ամյա Լիզա Պողոսյանի բուժմանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW