Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի` մեծ աղմուկ բարձրացրած “Անունս Վիոլա է” հայ-ամերիկյան արտադրության ֆիլմի մասին արդեն պատմել ենք: Երեկ` հուլիսի 14-ին, “Մոսկվա” կինոթատրոնում տեղի է ունեցել հոգեբանական դրամայի երեւանյան պրեմիերան:
"Անունս Վիոլա է" ֆիլմի հերոսուհիներ Լուսինե Ալեքսանյանը եւ Ջանեթ Սպիցերը
“Անունս Վիոլա է” ֆիլմի գործողությունները զարգանում են Հայկուհի անունով գյուղացի աղջկա շուրջ, որն ազատության է ձգտում ու երազում այնպիսի հարաբերությունների մասին, ինչպիսիք ցուցադրվում են ֆիլմերում: Առաջին ու սխալ ընտրության պատճառով Հայկուհին կորցնում է սեփական եսն ու թվացյալ սերը եւ փորձում իր փրկությունը գտնել մենության մեջ, մինչեւ հանդիպում է քաղաքում բնակվող Աննային: Նա սկսում է մտածել, որ իր պատկերացրած ազատությանը կարող է հասնել միայն կերպարանափոխվելով ու ընկերուհու կյանքով ապրելով` չենթադրելով, որ այդ դերում ամեն ինչ էլ ավելի անտանելի կարող է լինել…
Ալֆրեդ Ռոթը, Ջանեթ Սպիցերը, Ռուբեն եւ Նարինե Քոչարները
Իրեն Վիոլա կնքած Հայկուհու կերպարը մարմնավորում է մասնագիտությամբ մոդելավորող-դիզայներ Լուսինե Ալեքսանյանը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ իր կյանքում նույնպես նման դեպք եղել է.“Փորձում էի ընկերուհուս նմանվել, նրա կյանքով ապրել: Ի վերջո, մեծ դժվարությամբ, իհարկե, բայց հասկացա, որ սխալ եմ վարվում եւ պետք է իմ կյանքով ապրեմ: Առհասարակ, ամեն մարդ պետք է իր կյանքով ապրի: Սա է իմ խորհուրդը հատկապես դեռահաս աղջիկներին”:
Ռաֆայել Քոթանջյանը "Անունս Վիոլա է" ֆիլմի երեւանյան պրեմիերային
Ռեժիսոր Ռուբեն Քոչարը մեզ հետ զրույցում նշել է, որ ֆիլմը բացի վերոնշյալից, երիտասարդ աղջիկներին ուղղված եւս մեկ կարեւոր հաղորդագրություն ունի. “Նրանք պետք է ուշադիր լինեն իրենց առաջին սիրո հարցում ու ճիշտ ընտրություն կատարեն, քանի որ խաբվելու դեպքում մարդու կյանքն է կոտրվում… եւ շատ երկար ժամանակով”:
Ի դեպ, մեր նախորդ զրույցի ժամանակ ռեժիսորը նշել էր, որ ֆիլմը չի ներկայացնելու “Ոսկե ծիրան” կինոփառատոնին.“Ու չներկայացրի, կինոփառատոնը պարզապես կազմակերպեց ֆիլմի ցուցադրությունը”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: