“Le Reve Brise”. այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա այսօր տեսահոլովակ է ներկայացրել Վարսան, սակայն նշենք, որ օրեր առաջ նույն ստեղծագործությունը որպես իր նոր երգ հանրությանը ներկայացրել էր նաեւ Սոնա Շահգելդյանը: Պարզելու համար, թե ինչպես է պատահել, որ նույն գործն իրենց սեփականությունն են համարում մաիանգամից երկու երգչուհի, BRAVO.am-ը զրուցել է ինչպես նրանց, այնպես էլ երգի երաժշտության հեղինակ Նարինե Զարիֆյանի հետ:
Վարսան
Մեզ հետ զրույցում Վարսան պնդել է, որ դեռեւս երեք տարի առաջ նա այս երգը գնել է Նարինե Զարիֆյանից. “Անգամ “Vkontakte” սոցցանցում առկա է երգի ձայնագրությունը, որը տեղադրվել է 3 տարի առաջ, իսկ “YouTube”-ում կա նաեւ երգի հայերեն տարբերակը` կրկին իմ կատարմամբ: Այս երգը շատ եմ սիրում, այն իմն է, իսկ տեսահոլովակ նկարահանելու մտադրություն վաղուց եմ ունեցել: Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է այն կատարում. ով ուզում է` թող կատարի”:
Երգչուհու փոխանցմամբ` իրեն զարմացրել է Նարինե Զարիֆյանի քայլը.“Ինչպե՞ս կարող էր երգն ինձ վաճառել, հետո էլ առանց տեղեկացնելու այն մեկ ուրիշին նվիրել”: Վարսան նշել է, որ իր եւ երգի երաժշտության հեղինակի միջեւ եղել են անձնական խնդիրներ.“Սակայն չեմ կարծում, որ դրանք պետք է ազդեին գործնական հարաբերությունների վրա”:
Նարինե Զարիֆյանը
Նարինե Զարիֆյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ “Le Reve Brise”-ն այսուհետ պատկանում է Սոնա Շահգելդյանին.“Նախ` Վարսան երգն ինձնից չի գնել, ես այն նվիրել էի, սակայն հասկանալով, որ նա այդ երգը չի կարող կատարել այնպես, ինչպես ես եմ ցանկանում, մենաշնորհը փոխանցել եմ Սոնային` նվիրելով նրան”:
Սոնա Շահգելդյանն էլ իր հերթին տեղեկացրել է, թե տեղյակ չէր, որ Վարսան տեսահոլովակ է ներկայացրել, սակայն տեղյակ է, որ ժամանակին Նարինե Զարիֆյանը երգը տվել է վերջինիս, իսկ հետո հետ է վերցրել.“Ես երկար եմ աշխատել այս երգի վրա եւ, իհարկե, բողոքելու եմ, այնպես եմ անելու, որ հեռուստատեսությամբ այդ տեսահոլովակը չցուցադրվի”:
Սոնա Շահգելդյանը
Ի դեպ, Սոնա Շահգելդյանը շուտով նույնպես ներկայացնելու է “Le Reve Brise” -ի տեսահոլովակը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք Վարսայի տեսահոլովակը, որի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, ինչպես նաեւ Սոնայի կատարումը:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Նարինե Զարիֆյանի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: