Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում սեպտեմբերի 29-ից ընդգրկվել է նոր ներկայացում` ֆրանսիական կատակերգություն:
Ժակլինին մարմնավորած Նարինե Պետրոսյանը
“Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” անվանմամբ մոտ երկու ժամ տեւողությամբ բեմադրության մեջ ներկայացվում է, թե ինչպես է ընտանեկան խաղաղ երեկոն վերածվում զավեշտալի իրավիճակների շղթայի ու երջանիկ ավարտ ունենում :):
Կատակերգության դերակատարներն են Արտաշես Մխիթարյանը (Բերնարդ), Բաբկեն Չոբանյանը (Ռոբերտ), Նարինե Պետրոսյանը (Ժակլին), Լուսինե Հարությունյանը (Սյուզետտա), Լուսին Վարդանյանը(Սյուզաննա) եւ Արա Գեւորգյանը (Ժորժ):
Բերնարդը որոշում է տանը կազմակերպել ռոմանտիկ ընթրիք իր սիրուհու` Սյուզաննայի հետ, ու երեկոն ավելի հետաքրքիր եւ ամբողջական դարձնելու համար գործակալության միջոցով հրավիրում է խոհարարուհի Սյուզետտային, ինչպես նաեւ իր ընկերոջը` Ռոբերտին: Սակայն Բերնարդի կինը` Ժակլինը, պատահաբար իմանալով Ռոբերտի` իր սիրեկանի այցի մասին, հետաձգում է մոր հետ հանդիպումը եւ տնից չի գնում: Այս անսպասելի որոշման պատճառով խառնաշփոթ է ստեղծվում:
“Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” ներկայացման պրեմիերային
Բերնարդը Ռոբերտին մեծ դժվարությամբ համոզում է ձեւացնել, իբրեւ թե Սյուզաննան նրա ընկերուհին է, սակայն Սյուզետտան սիրուհուց ավելի շուտ է տեղ հասնում: Ռոբերտը, չճանաչելով խոհարարուհուն, ընդունում է նրան իբրեւ Սյուզաննայի: Խճճված իրավիճակում ամուսինը Սյուզետտային խնդրում է խաղալ Ռոբերտի ընկերուհու դերը, իսկ Սյուզաննային՝ խոհարարուհու…
Բեմադրության գեղարվեստական ղեկավարն Արմեն Խանդիկյանն է, ռեժիսորը` Վահագն Գալստյանը, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, նկարչական ձեւավորումն արել է Կարեն Գրիգորյանը:
Սիրային պիեսի հեղինակն է ֆրանսիացի դրամատուրգ Մարկ Կամոլետին, որի ստեղծագործություններից եւս մեկը` “Ախ, Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի”-ն, բեմադրվել է այս թատրոնում:
Բաբկեն Չոբանյանը “Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” ներկայացման պրեմիերային
Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ պիեսները նմանություններով հանդերձ, մեկը մյուսից բավականաչափ տարբերվում են եւ կրկնվելու մտավախություն չի եղել: Նա, կարդալով հեղինակի այս պիեսը եւս, որի բնագրում վերնագրված է “Ֆրանսիական ընթրիք”, հավանել է եւ բեմադրելու որոշում կայացրել. “Մեր աշխատանքից է կախված հանդիսատեսը կհավանի, թե` ոչ: Կարելի է վերցնել կոմեդիա, բայց վատ բեմադրել, արդյունքում չի ընդունվի դիտողի կողմից”:
Պրեմիերայից գոհ էին թե՛ գեղարվեստական ղեկավարը, թե՛ դերասանները: Բացի գլխավոր դերակատարումից, Արտաշես Մխիթարյանը նաեւ ներկայացման ռեժիսորի ասիստենտն է, իր խոսքերով` մեկը մյուսին լրացնում է եւ չի խանգարում. “Ավելի կարգապահ ու ճշտապահ ես դառնում: Իսկ կերպարիս բարդ կողմերից մեկն արագ մտածողությունն է, այսինքն` վայրկյանների ընթացքում պետք է որոշի եւ խոսի, որպեսզի խճճված ստերից դուրս գա”:
Ժակլինին մարմնավորած Նարինե Պետրոսյանը, որը միաժամանակ աշխատում է Դրամատիկական եւ “Գոյ” թատրոններում, իր երգիծական կերպարը ստացված է համարում. “Կարելի է ասել, սա իմ առաջին մեծ քայլն է երեխաներիս ծնվելուց հետո, նաեւ առաջին աշխատանքը հենց Արմեն Խանդիկյանի հետ: Փորձերի ընթացքում վախենում էի, որ սխալ ինչ-որ բան կանեմ եւ նրան կհիասթափեցնեմ”:
“Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” ներկայացման պրեմիերային
Սյուզաննային մարմնավորած Լուսին Վարդանյանը հավելել է, որ փորձերը եղել են բարդ, ընդմիջումներով, բայց հետաքրքիր. “Երիտասարդական կազմով ենք աշխատել: Պիեսն ուներ իր բարդությունները, ինչը դերասանին ավելի շատ աշխատելու տեղ է տալիս, այնքան ենք փորձում, որ տեքստը հիշելու խնդիր չենք ունենում: Կարեւորը լավ արդյունքն է, պրեմիերայից սպասելիքներս արդարացան”, - նշել է դերասանուհին, որը չորս տարի է` աշխատում է Դրամատիկական թատրոնում:
“Սյուզաննան, Սյուզետտան եւ Ժակլինը + 3 տղամարդ” ներկայացումը կարող եք դիտել նաեւ հոկտեմբերի 5-ին, 13-ին եւ 26-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: