«Նոր ալիք 2017»-ում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը։ Երգչուհիները պատրաստվում են սեպտեմբերին Սոչիում կայանալիք երիտասարդ կատարողների միջազգային մրցույթին։ 24-ամյա Սյուզաննան BRAVO.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը, նաեւ զրուցել ենք տրամադրվածության ու մրցութային երգերի ընտրության մասին. արդեն հայտնի է, թե որ երգն է նա կատարելու որպես Հայաստանի հիթ։
Սյուզաննա Մելքոնյանը
Մրցույթին ընդառաջ իրականացրած ֆոտոշարքի լուսանկարիչը Ռոբերտ Քոլոյանն է, զգեստները տրամադրել է դիզայներ Անկասան.«Հավանում եմ Ռոբերտի ճաշակն ու երեւակայությունը։ Այս պարագայում մինիմալիստական լուսանկարներ են, շեշտը դրված է աչքերիս, հայացքիս վրա, չենք փորձել գլամուրային ոճ ստանալ, կոպիտ ասած՝ «կրծքային ու ոտքային» արվեստ չէ»։
Նրա փոխանցմամբ՝ մրցույթի կազմակերպիչները մասնակիցներին պարբերաբար էլեկտրոնային նամակներով ծանուցում են ընթացակարգի մասին, այս ֆոտոշարքն էլ նախապատրաստական աշխատանքի մի մասն է.«Նրանց չափանիշներով արված այս լուսանկարները կօգտագործվեն մրցույթի պաստառների ու բեմում մեր անունները հայտարարելու ժամանակ»։
Սյուզաննայի երաժշտական պրոդյուսերն ուկրաինաբնակ երաժիշտ Շուշան Սարգսյանն է, որի հետ այժմ քննարկում են երգացանկը, իսկ վերջնական որոշումը կկայացնեն «Նոր ալիք»-ի երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինայի հետ համատեղ։ Երգչուհին Սոչի կմեկնի օգոստոսի 20-ին եւ շուրջ 3 շաբաթ կմասնակցի փորձերին.«Մրցույթն ուղիղ եթեր է հեռարձակվելու, ուստի ահռելի քանակությամբ փորձեր են սպասվում։ Երգերս վերջնական դեռ հաստատված չեն, միայն գիտենք, որ երեք երգ է հարկավոր՝ միջազգային հիթ, քո երկրի հիթ եւ նոր հեղինակային երգ, ընդ որում՝ բոլորը նոր գործիքավորմամբ։ Քանի որ երկրի հիթը մասնակիցն է ընտրում, մենք որոշել ենք՝ Անի Քրիստիի «Հայաստան երկիր, իմ մայր» հայտնի երգը կկատարեմ»։
Սյուզաննա Մելքոնյանը
Բացելով փակագծերը՝ նա BRAVO.am-ին պատմել է, որ կազմակերպիչներն իր առջեւ դրել են արտաքին փոփոխությունների խնդիր.«Դրանք կապված են նիհարելու, սանրվածքի եւ այլ մանրուքների հետ։ Հիմա փորձում եմ ցանկալի արդյունքին հասնել, բայց հուսով եմ՝ իմիջային կտրուկ փոփոխություններ չեն անի։ Յուրաքանչյուր մասնակցի հետ կաշխատի մեկ դիզայներ, մրցանակաբաշխության օրը կհայտարարվի լավագույն զգեստներով մասնակցի անունը»։
Սյուզաննան կենդանի կատարումներով շարունակում է ելույթ ունենալ երեւանյան ակումբներում, սակայն ոչ նախկին գրաֆիկով.«Կարոտում եմ իմ երաժիշտներին ու բեմը, բայց հասկանում եմ, որ պետք է փոքր հարցերում զիջեմ, որ մեծում շահեմ:)։ «Նոր ալիք»-ում միայն իմ անունը չեմ ներկայացնելու, այլ Հայաստանի անունն է հնչելու, ուստի պատասխանատվությունն ավելի մեծ է»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: