19-ամյա Սյուզի Ադամյանը, որի մասին BRAVO.am-ը պատմել է, Մակեդոնիայում օգոստոսին կայացած “Езерски бисери” միջազգային մրցույթ-փառատոնին 30 երկրի մասնակիցների շարքում ներկայացրել է Հայաստանը եւ 19-ից 30 տարիքային խմբում գրավել երկրորդ հորիզոնականը:
“Անկեղծ ասած, մեծ ակնկալիք չունեի, որովհետեւ ժյուրին շատ խիստ էր”. Սյուզի Ադամյան
Ստրուգա քաղաքում արդեն 9-րդ անգամ իրականացված այս մրցույթին մասնակցելու հրավերը Սյուզին ստացել է նախորդ տարվա հուլիսին Իտալիայում տեղի ունեցած մեկ այլ մրցույթի ժամանակ, որի շրջանակում եւս հանդես է եկել:
Աղջիկը ներկայացել է դասական եւ էստրադային երգերի անվանակարգերում՝ կատարելով “Դոն ժուան” օպերայից Ցերլինայի արիան, Կոմիտասի “Քելե, քելե” ստեղծագործությունը, Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” եւ Դոննա Սամմերի “Hot Stuff” –ը:
“Езерски бисери” միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանի ներկայացուցիչ Սյուզի Ադամյանը գրավել է երկրորդ հորիզոնականը
“Երգելու հնարավորություն ստացա նաեւ մրցույթի բացման ժամանակ՝ ի տարբերություն այլ շատ մասնակիցների: Ինձ համար հաճելի էր նրանց վերաբերմունքը, ծափողջույնները: Բացման եւ գալա համերգը հեռարձակվել են Մակեդոնիայի հանրային հեռուստատեսությամբ, իսկ ժյուրիի կազմում էին Մակեդոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ եւ այլազգի երաժիշտներ ու դոցենտներ: Անկեղծ ասած՝ մեծ ակնկալիք չունեի, որովհետեւ ժյուրին շատ խիստ էր, բայց մրցանակով վերադարձա:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Սյուզին:
Նա նաեւ պատմել է, որ մրցութային օրերից հետո բոլոր մասնակիցների համար կազմակերպվել են այեցելություններ թանգարաններ ու Մակեդոնիայի գեղատեսիլ վայրեր. “Ծանոթացել ենք այս երկրի մշակույթին, ինձ համար անզուգական էր հայտնի Օհրիդ լճում նավով շրջելը: Հանգստից հետո պատրաստվել ենք մրցանակաբաշխությանն ու գալա-համերգին”:
Սյուզի Ադամյանը Մակեդոնիայում
Մինչ “Езерски бисери” մրցույթին մեկնելը Սյուզին նաեւ մասնակցել է Հարավային Կորեայում կայացած գեղեցկության եւ տաղանդի ուսանողական միջազգային մրցույթի, որտեղ կրկին երգելով՝ արժանացել է առաջին մրցանակի:
Սյուզի Ադամյանն այժմ սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնի երրորդ կուրսում. “Դեռ փոքրուց երգում եմ ե՛ւ դասական, ե՛ւ էստրադային ժանրերում: Երեւանում էլ մասնակցում եմ դասական տարբեր համերգների: Ցանկանում եմ տեսահոլովակ ներկայացնել՝ նկարահանված սոֆթ-ռոք ոճի երգի հիման վրա: Հատուկ ինձ համար գրված երգեր կան, որոնք կերգեմ առաջիկայում”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սյուզի Ադամյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: