×


Սյուզի Մելիքյան. «Առաջ Աստված, ես էլ կունենամ իմ բալիկը»

Սյուզի Մելիքյանի հետ BRAVO.am-ի համար նոր հարցազրույցի ընթացքում քննարկել ենք տարբեր թեմաներ` սկսած դիմահարդարումից մինչեւ անձնական կյանք, մայրանալու ցանկություն եւ այլն: Պարզել ենք նաեւ, թե նա վերջ է դրել երգչուհու իր կարիերային, թե դեռ ասելիք ունի: Սյուզին նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:

Սյուզի Մելիքյանը


- BRAVO.am-ի լուսանկարահանմանը պատրաստվելիս ինչքա՞ն ժամանակ ես անցկացրել հայելու առջեւ:):
- Մոտ կես ժամ, ինչպես բոլոր օրերին, բայց հատուկ ֆոտոշարքի համար փորձել եմ հագուկապս ավելի հարմար ընտրել: Իհարկե, դիմահարդարումս էլ հատուկ է արվել` լուսանկարահանմանը համապատասխան:

- Հատկապես ի՞նչն ես սիրում ընդգծել` աչքե՞րդ, շուրթե՞րդ:

- Սիրում եմ ընդգծել աչքերս, եւ երբ դրանք շատ եմ ընդգծում, շուրթերիս համար ընտրում եմ ավելի մեղմ երանգներ: Իսկ եթե ոչ աչքերս, ապա շուրթերս եմ ընդգծում. կախված է տրամադրությունից:

- Այս սեզոնին շպարվելիս ի՞նչ երանգներ ես նախընտրում:

- Սիրում եմ բնական, չեզոք գույներ, իսկ երբ աշխատում եմ հաճախորդներիս հետ, նրանց ցանկությամբ հետեւում եմ սեզոնի գունային թրենդին: Այս եղանակին պետք է ավելի խիտ գույներ օգտագործել` ավելի արտահայտիչ լինելու համար:

- Ե՞րբ ես կարմիր շրթներկ օգտագործում:
- Կարմիր շրթներկ չեմ սիրում: Կյանքումս մեկ-երկու անգամ եմ օգտագործել: Բնույթով չհարմարվող եմ, եւ եթե օգտագործում էլ եմ, տասը րոպե հետո մաքրում եմ:

Սյուզի Մելիքյանը


- Շրջապատիդ մարդիկ սիրում են քեզ տեսնել դիմահարդարմա՞մբ, թե՞ առանց շպարի:
-Մտերիմներս, երբ տեսնում են ինձ առանց շպարի, ասում են` կարող եմ չդիմահարդարվել: Բայց, իհարկե, կարծում եմ, որ տնից դուրս գալիս բոլորս էլ կոկիկ ու պատշաճ տեսքով պետք է լինենք:

- Վերջին օրերին հայտնիներից ո՞ւմ դիմահարդարումն ես ապահովել:
- Հիմնականում աշխատում եմ Լիկա Սալմանյանի հետ: Շատերի հետ եմ աշխատել, բայց Լիկայի հետ նաեւ ընկերություն եմ անում, դրա համար էլ իրեն հիշեցի:

- Չե՞ս կարծում, որ հայուհիները շպարվելիս չափն անցնում են:
- Կարծում եմ, որ ոչ թե հայուհիներն են չափն անցնում, այլ հայ ժողովուրդն է դրան խիստ նայում: Ամեն մարդ ունի իր ճաշակը, յուրովի է հավանում իրեն, եւ կարիք չկա քննադատել, չէ՞ որ դա այն լրջության հարց չէ, որ պետք է քննարկել: Վերջին շրջանում նկատել եմ, որ մեր աղջիկներն ավելի ճաշակով են դարձել, գեղեցիկ են դիմահարդարվում, վարսերը միշտ խնամված են: Գուցե բնույթով լավատես եմ, բայց դրական փոփոխություններ կան:

- Այժմ ավելի հաճախ ներկայանում ես որպես դիմահարդար, քան երգչուհի: Պատճա՞ռը:

- Իրականում համատեղում եմ. ցերեկային ժամերին աշխատում եմ որպես դիմահարդար, իսկ երեկոյան ձայնագրման ստուդիա եմ գնում եւ այլն:

Սյուզի Մելիքյանը


- Նախկինում պարբերաբար նոր երգեր ու տեսահոլովակներ էիր ներկայացնում, հիմա դադարի փուլում ես: Խոչընդոտնե՞ր կան, թե՞ դիմահարդարի աշխատանքն ավելի եկամտաբեր է:
-Երբեւէ խոչընդոտներ չեմ ունեցել այդ հարցում, կարծում եմ` չեմ էլ ունենա: Ինձ սիրող բոլոր մարդիկ գիտեն, որ սիրում եմ երգել: Իսկ դիմահարդարումն էլ իմ սիրելի աշխատանքներից է, որին շատ լուրջ եմ վերաբերվում:

- Ի՞նչ է քեզ համար դիմահարդարումը:
- Կնոջ գեղեցկությունն ընդգծելու եւս մեկ միջոց է: Շպարի շնորհիվ կինը կարող է ավելի գեղեցիկ, խնամված երեւալ, բայց միեւնույն ժամանակ պետք է իմանալ, որ սխալ մի շտրիխն էլ կարող է ամեն բան փչացնել: Երեւի բնությունից տրված շնորհք պետք է ունենաս, որ հասկանաս` ինչն ավելի կգեղեցկացնի կնոջը:

-Իսկ երգարվե՞ստը:
- Այն ինձ համար ինքնաարտահայտվելու ամենակարեւոր միջոցն է: Ես երգով ապրող ու շնչող մարդ, առանց դրա մի օր անգամ չեմ դիմանա:

-Որպես երգչուհի դեռ ասելիք ունե՞ս:
-Մեղեդային նոր երգ ունեմ: Սիրո մասին է, ապրումներով լեցուն կատարում է, որը, կարծում եմ, կհուզի մարդկանց: Շուտով կներկայացնեմ: Հավանաբար, այն տեսահոլովակ էլ կունենա:

- Երգը կապվա՞ծ է ներկայիս հոգեվիճակիդ հետ:

-Չէ, սխալ է, երբ իմ բոլոր կատարումները վերագրում են ինձ: Պարզապես ես փորձում եմ երգ դարձած պատմությունները վերապրել, զգալ ու ներկայացնել:

- Առօրյադ, բացի դիմահարդարման սրահ գնալը, ինչպե՞ս ես լցնում:
- Օրս անցկացնում եմ ընտանեկան միջավայրում. շատ եմ սիրում տանը լինել, նաեւ ընկերուհիներիս եմ հանդիպում, զբոսնում եմ:

Սյուզի Մելիքյանը


- Ինչո՞ւ են անձնական կյանքիդ մասին պարբերաբար տարբեր լուրեր տարածվում:
- Չգիտեմ` ինչու է իմ անձնականն այդքան հուզում մարդկանց: Ես չեմ ուզում ոչ իմ երջանիկ պահերը հրապարակել, ոչ էլ` տխուր: Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է, ապրում եմ իմ կյանքով: Գիտեմ, որ բոլորի անձնականն էլ քննարկվում է, բայց եթե ինձ մնար, իմ անձնականից ոչ մի դրվագ չէր հրապարակվի: Իսկ եթե քննարկում են, ոչինչ չեմ կարող անել: Ինքս երբեք ոչ ոքի անձնական կյանքով չեմ հետաքրքրվում, միայն ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն:

-Գուցե հատո՞ւկ ես անում, որ դադարի այս փուլում չմոռանան քեզ:
- Չէ: Շատ ցածր քայլ կլինի, եթե անձնականս օգտագործեմ PR-ի համար:

- Քո մասին վերջին ասեկոսեն:

-Իբր հղի եմ:

-Չե՞ս շտապում մայրանալ: Ի՞նչն է խանգարում դրան:
- Շատ-շատ եմ սիրում փոքրիկներին: Առաջ Աստված, ես էլ կունենամ իմ բալիկը: Չեմ շտապում, թողել եմ Աստծո կամքին: Խանգարող բան չկա, ամեն բան հերթով, կարգով կլինի:

- Կցանկանաս առաջնեկդ աղջի՞կ լինի, թե՞ տղա:
- Տղա: Իհարկե, դա Աստծո կամքն է, բայց ամեն դեպքում տղա երեխա եմ սիրում, աղջիկ էլ անպայման կունենամ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է “Լուի Շարդեն” սրճարանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW