Մոսկվաբնակ երգչուհի Սոնան շուտով կներկայացնի նոր զուգերգ “Bad Boys Blue” խմբի մենակատար Քեւին ՄքՔոյի հետ: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ երգի իր հատվածը ձայնագրվել է Երեւանում, Քեւինինը՝ Գերմանիայում, իսկ նրանց առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում` “Tashi Show”-ի շրջանակում, որտեղ էլ առաջին անգամ միասին երգել են.“Նրանք իմ մասին տեղեկացել են “Gipsy Kings”-ի հետ զուգերգից, հետո կապ են հաստատել “Tashi Show”-ի կազմակերպիչների հետ: Քեւինը ցանկացավ, որ միասին հանդես գանք”:
Քեւին ՄքՔոյը եւ Սոնան
Նշենք, որ Քեւինն իր երաժիշտների հետ գալիս է Երեւան. նոյեմբերի 21-ին “Յանս” ակումբում կկայանա նրանց համերգը, որի ընթացքում կհնչի նաեւ Սոնայի հետ “Do What To Do” դիսկո ոճի զուգերգը.“Առաջին անգամ եմ ներկայանում այս ոճում, երգը հետաքրքիր է այն առումով, որ Քեւինը ռեպ է կարդում: Նրա երեւանյան այցի ընթացքում էլ կնկարահանվի մեր տեսահոլովակը”:
Քեւին ՄքՔոյը եւ Սոնան
Երգչուհին իր անհատական գործունեությանը զուգահեռ կրկին “Հայաստանի ձայն”-ի մարզիչների կազմում է, նշում է, որ իրեն ուրախացրել է սփյուռքահայ երիտասարդների ակտիվ մասնակցությունը.“Հուսով եմ` կրկին իմ մասնակիցը կհաղթի, մենք աշխատում ենք, որ գտնենք արժանի ձայներ: Մարզիչների մեջ էլ կարող է մրցակցություն լինել, յուրաքանչյուրն ուզում է, որ իր մասնակիցը հաղթի, բայց դա չպիտի հայոց հարց դարձնենք, ամեն դեպքում պետք է մարդ մնալ, որովհետեւ շոուն մի օր կվերջանա, իսկ մենք իրար հետ շարունակելու ենք շփվել: Արդեն տեսնում եմ հաղթողին. բեմը կախարդական երեւույթ է, իսկ փորձերն ու համերգները միանգամայն տարբեր բաներ են. մասնակիցը պարապմունքներին կարող է շատ լավ երգել, բայց համերգին ձախողվել հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով”:
Սոնան
Անդրադառնալով իր անձի շուրջ ծավալվող քննարկումներին ու ինտրիգներին` նա հետեւյալն է նշել. “Երբ ժամանցային շոու-ծրագիրը միապաղաղ է, ռեյտինգը նվազում է: Բայց ես շինծու ինտրիգներ չեմ անում. իրականում էլ, էկրանին էլ շատ զգացմունքային եմ, այդ պահին ասում ու անում եմ իմ զգացածը: Էությունս չի փոխվել, ուղղակի կյանքի փորձ ու իմաստնություն եմ ձեռք բերել: Որոշ մարդիկ մտածում են` ձեւական բաներ եմ անում եթերում, բայց չեմ կեղծում, արդար եմ, ուզում ու հավատում եմ, որ արդար քվեարկությամբ էլ կհաղթի արժանին”:
“Շոու-բիզնեսի աշխարհում միշտ են անում սկանդալներ, եթե համաշխարհային աստղերն առաջնորդվեն քննադատություններով, ապա խեղճ Մադոնան, Ջենիֆեր Լոպեսը, կամ էլ Ալլա Պուգաչովան պետք է վաղուց գոյություն չունենային: Ալլա Բորիսովնան միշտ կրկնում էր` եթե քեզ չեն քննարկում, ուրեմն ոչ մեկին հետաքրքիր չես”, - մեզ հետ զրույցում ընդգծել է երգչուհին:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոնան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: