Հայ-ֆրանսիական կամրջին ապրիլի 20-ին հանդիպել էին հայկական երաժշտությունն ու ֆրանսիական խոսքը: “Երաժշտությունը համախմբում է մեզ” խորագիրը կրող բարեգործական համերգին հայ կոմպոզիտորների հայտնի երգերը երիտասարդ երգիչները կատարել են բացառապես ֆրանսերենով:
Մխիթար Ավետիսյանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած համերգին նվագակցությունն ապահովում էին Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները` Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Առաջինը երգել է Մխիթար Ավետիսյանը, հաջորդաբար ելույթ են ունեցել Սրբուհի Սարգսյանը, Էմմա Ասատրյանը, Մոնիկա Մանուչարովան, Սոնա Շահգելդյանը, Նաիրա Մանուչարյանը, Սոնա Ռուբենյանը, Արմեն Վարդանյանը, Արթուր Ալեքն ու Սուսաննա Պետրոսյանը, Մաշա Մնջոյանը, Վարդան Բադալյանն ու Էմմա Պետրոսյանը, Նարեկ Մակարյանը, Իլոնան, Էրիկ Կարապետյանը, Հասմիկ Առաքելյանը, Հայկ Պետրոսյանը:
Նրանք ներկայացրել են Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Ռուբեն Հախվերդյանի, Նարինե Զարիֆյանի, Երվանդ Երզնկյանի երգերը, իսկ կոմպոզիտորներ Արամ Սաթյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանն իրենց հեղինակած ստեղծագործությունների կատարման ժամանակ բեմում նվագակցել են երգիչներին:
Էմմա Ասատրյանը
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի ունեցած միջոցառումը նախաձեռնել էին Երեւանի պետական համալսարանի “Մասս մեդիա” գիտակրթական կենտրոնի ուսանողները եւ “Հայկական Ալիանս Ֆրանսեզ” կազմակերպությունը: Համերգի բեմադրող ռեժիսորն է Տարոն Կոխլիկյանը, գեղարվեստական ղեկավարը` Հասմիկ Առաքելյանը, խորեոգրաֆը` Անգին Համբարձումյանը:
Հայկական երգերը հանդիսատեսին ֆրանսերենով մատուցելու գաղափարը ծագել է Հասմիկ Առաքելյանի մտքում, երբ տարիներ առաջ թարգմանել է Առնո Բաբաջանյանի “Վերադարձրու ինձ երաժշտությունը” եւ Ռոբերտ Ամիրխանյանի “Կարմիր ծաղիկ մը գարունի”-ն, որոնք, ի թիվս այլ գործերի, հնչել են այս համերգին.“Բաբաջանյանի որդին եւ մաեստրո Ամիրխանյանն այնքան դրական ընդունեցին, որ ոգեւորելով շարունակեցի իմ ճաշակով մի քանի երգ էլ թարգմանել: Մեր դասախոսներին գաղափարը ներկայացնելուց հետո համագործակցության ուղիներ գտանք: Համերգը կազմակերպել ենք Առաջին ալիքի եւ քաղաքապետարանի հետ գործընկերությամբ, մեզ աջակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Օրեր առաջ երգիչների հետ հրավիրված էինք դեսպանի ընդունելությանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է լեզվաբան Հասմիկ Առաքելյանը: Ի դեպ, նա նաեւ երգել է “Մայրիկ” ֆիլմի սաունդթրեքը:
“Երաժշտությունը համախմբում է մեզ” խորագրով համերգի մասնակիցները
Սուսաննա Պետրոսյանն ու Արթուր Ալեքը զուգերգով հնչեցրել են “Կարմիր ծաղիկ մը գարունի” երգը, երգչուհին նաեւ կատարել է Արամ Սաթյանի “Կապույտ երազ”-ը, որը հանդիսատեսի համար ժեստերի լեզվով թարգմանել է Գայանե Բարսեղյանը: Սուսաննան Ֆրանսիայում համերգներով եղել է երեք անգամ, թեեւ լեզվին չի տիրապետում, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, երգի խոսքերը սովորելու եւ հիշելու խնդիր չի ունեցել:
Մաշա Մնջոյանը եւս ֆրանսերենին չի տիրապետում, բայց ֆրանսերենով երգելու փորձ նախկինում ունեցել է.“Քանի որ Հասմիկը յուրաքանչյուրիս հետ պարապում էր, բառերը ճիշտ արտաբերելու խնդիր չկար: Տարիներ առաջ Գյումրիի “Դեղձանիկ” երգչախմբի հետ առիթ ունեցել եմ լինել Ֆրանսիայում, երգել ենք մի քանի քաղաքում: Սիրո երկիր համարվող Ֆրանսիան իմ սիրելի երկրների շարքում է”:
Սուսաննա Պետրոսյանը եւ Գայանե Բարսեղյանը
Նարեկ Մակարյանն ընտրել էր “Հայաստանի ձայն”-ում իրեն հաջողություն բերած Շառլ Ազնավուրի երգացանկից “Une vie d’amour”/ “Հավերժական սեր”/ ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը Ջորջ Գարվարենցն է.“Այս երգն ավելի հարազատ ու սիրելի դարձավ, երբ Ազնավուրի “ֆեյսբուքյան” էջում դրական արձագանք եղավ իմ կատարմանը: Ֆրանսիա մեկնելու ցանկություն ունեմ, դեռեւս չեմ եղել, բայց հուսամ` Հայկ Պետրոսյանն ինձ կտանի:)”:
Արթուր Ալեքը եւս Ֆրանսիայում երբեւէ չի եղել, բայց այս ամռան ընթացքում մեկնելու նպատակ ունի.“Քանի որ աշխատում եմ ֆրանսաբնակ երաժիշտ Մարինե Գյուլումյանի հետ, նրա առաջարկով ուզում եմ գործնական նոր կապեր ձեռք բերել այնտեղ, նաեւ որպես զբոսաշրջիկ ուսումնասիրել երկիրը: Իմ երգացանկում ֆրանսերեն երգ չկա, բայց չի բացառվում, որ հետագայում կլինի”:
Սոնան, Սրբուհին, Սուսաննան, Մաշան, Էմման եւ Սոնան
Ինչպես նշել է համերգի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Առաքելյանը, բարեգործական երեկոյին մասնակցած երգիչները չեն վարձատրվել, իսկ տոմսերի վաճառքից ու հանգանակություններից ստացված հասույթը կուղղվի Հայաստանի 5 դպրոցում իրականացվող “Խորացված ֆրանսերեն” ծրագրին` նոր դասագրքեր գնելու նպատակով:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: