×


«ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացմանը

Սոնան, Մաշան եւ ուրիշներ Հայկ Պետրոսյանի հետ ՀԱՅԿական Նոր տարի են նշել

«ՀԱՅԿական Նոր տարի»՝ երաժշտական, հումորային, քաղաքական, Ամանորի համերգ-ներկայացմամբ Հայկ Պետրոսյանը երկու օր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմին էր։ Լեփ-լեցուն դահլիճի առջեւ նա եւ երաժիշտ ընկերները կենդանի նվագակցությամբ երգում էին ու կատակում՝ փոխանցելով նախատոնական տրամադրություն։

Սթենդ-ափ ժանրում հայտնի դերասանը նոր ներկայացմանը նմանակում էր երգիչներին, խոսում հայկական հարսանիքներին իր հետ պատահած զավեշտալի դեպքերի, նախագահականի տոնածառի, ամենակարող հայ կանանց ու տոնական սեղաններից անպակաս խոզի բդի մասին.«Տղամարդիկ հունվարի 1-ից ուզում են ծխելը թարգել, կանայք էլ՝ նիհարել բանջարաբոստանային դիետայով։ Մի լավ ընկեր ունեմ, ինքն էլ որոշել է մյուս տարի ամուսնանալ, ասում է՝ «Հայկ ջան, գործերս թարս են, որ աղջկան հավանեցի, կամ ինքն էր ամուսնացած, կամ՝ ես:)»»։

«ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացմանը


2017-ը նրա համար բուռն աշխատանքային տարի էր, առանձնացրել է հատկապես հունիսի 1-ին Երեւանում կայացած «Քեզ համար, Ազնավուր» համերգը, որին ներկա էր Շարլ Ազնավուրը։ Կատակելով ասում է, որ Ազնավուրին հարազատ պապիկից շատ է սիրում.«Այդ օրը գլխավոր դերում էի, բացի երգելուց, նաեւ վարում էի։ Իմ սիրելի Ազնավուրը լսում էր իմ կատարումները: Նայում ու չէի հավատում, որ կանգնած ծափահարում էր։ Մանկությանս երազանքը կատարվել է»։

Հայկը համեմատում էր հին ու նոր Ամանորները, պատմում իր ու ընկերների կյանքից հետաքրքիր միջադեպեր.«Մանկությունս անցել է մութուցուրտ տարիներին, բայց ուրիշ էր, որովհետեւ մարդիկ իրենց հոգսերով ու ուրախությամբ կիսվում էին իրական կյանքում, ոչ թե Ֆեյսբուքում։ Դժվարությունները միավորել էին մարդկանց»։

«ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացմանը


Դերասանի հետ հումորային կատարումներով բեմում էին Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Միքայել Ոսկանյանը, Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած «Only Girls» խումբը, հյուրերից էր նաեւ Սեւակ Ամրոյանը, որը կատարեց «Ախպերս ու ես» երգը։

Հանդիսատեսը բուռն ծափահարում էր ռաբիս երգերի նմանակումներին ու քաղաքական հումորներին.«Մենք շատ քաղաքականացված ենք. եթե գերմանացուն ասենք Նոր տարվա թեմայով ռեֆերատ գրի, վերնագիրը մոտավորապես կլինի «Նոր տարին եւ կենցաղի կազմակերպումը, ֆրանսիացին կգրի «Նոր տարին եւ կանանց գայթակղելը», հայն էլ՝ «Ամանորը եւ Ցեղասպանության ճանաչումը»։ Ես պիտի լինեի քաղաքական գործիչ, որովհետեւ ավարտել եմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մտածում եմ՝ շատ «նագլի» կլինեի, չնայած՝ քաղաքական գործիչ ասելով՝ արդեն էդպես էլ պատկերացնում ենք»։

«ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացմանը


Համերգի եզրափակիչ հատվածում հումորային երգերից բացի, Հայկը կատարեց «Երազ իմ, երկիր հայրենի»-ն՝ ներկաներին առաջարկելով մի քանի վայրկյան աչքերը փակ ունկնդրել.«Մեր էներգետիկ դաշտը փոխանցենք մեր զինվորներին։ Առանց հայրենասիրական պաթոսի 700 հոգով տիեզերքին խնդրենք, որ խաղաղություն լինի, կարծում եմ՝ սա աղոթքի ուժ ունի»։

Ներկայացման մթնոլորտը կփոխանցի կարճ տեսանյութը։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW