×


Սոնան, Նարեկը, Անահիտը, Մարինեն եւ ուրիշներ երգել են տոնական համերգին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի առթիվ երեկ` մայիսի 9-ին, հայ վետերանների համար երգել են Անահիտ Շահբազյանը, Սոնա Շահգելդյանը, Նարեկ Մակարյանը, Մարինե Հակոբյանը, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Գեորգի Մանգասարյանը եւ այլք:

Անահիտ Շահբազյանը, Նարեկ Մակարյանը եւ Սոնա Շահգելդյանը


“Yans” ակումբում տեղի ունեցած տոնական միջոցառման հանդիսավար Սուսաննա Շահինյանը, շնորհավորելով վետերաններին, նշել է հետեւյալը.“600 հազարից ավելի հայ մասնակցել է այս պատերազմին, որոնց մի մասն այդպես էլ չվերադարձավ տուն, բայց կռվելով ու երգելով հասան Բեռլին, պարեցին հայկական Քոչարին: Հավերժ հիշատակ բոլոր զինվորներին, որոնք տուն չդարձան եւ երկարակեցություն բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են մեր կողքին”:

Նարեկ Մակարյանը պարում է երեկոյին ներկա վետերանի հետ


Համերգի բացումն արել են Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտները գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ` հնչեցնելով Արտեմի Այվազյանի “Հայկական ռապսոդիան”:

Երեկոյի առաջին հատվածում երգիչները կատարել են հայրենասիրական  երգեր, ինչպիսիք են` “Երազ իմ երկիր հայրենի”, “Մարտիկի երգը”, “Ո՞ւր եք, տղաներ”, “Հայաստան աշխարհ”, “День Победы”, իսկ համերգի երկրորդ մասում` ջազ ստեղծագործություններ:

Ռիտա Սարգսյանն ու տոնական համերգին մասնակցած վետերաններից


Համերգին ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որը վարդեր եւ նվերներ էր բերել վետերանների համար.“Իմ հայրիկը զինվորական էր, այդ պատճառով էլ մայիսի 9-ի հաղթական օրն ավելի շատ էի սիրում, քան իմ տարեդարձը եւ Նոր տարին: Սիրելի՛ վետերաններ, շնորհավորում եմ ձեզ, երեւի 68 տարի առաջ չեք էլ պատկերացրել, որ 68 տարի անց այս տոնը կնշեք ակումբում”, - ասել է Ռիտա Սարգսյանը, ով նաեւ երգել է ու պարել վետերանների հետ:

Սուսաննա Շահինյանն իր խոսքում նաեւ նշել է, որ պատերազմական տարիների երգերի միջոցով երիտասարդ սերունդն ավելի լավ է ընկալում մայիսյան այս տոնի իմաստն ու գեղեցկությունը, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ հայ կանայք.“Ասում են` պատերազմը կնոջ դեմք չունի, բայց մոտ 4000 հայ կին մասնակցել է եւ եղել իրենց տղամարդկանց կողքին”:

Ռադիկ Գաբրիելյանը


Առաջին շարքում նստած վետերան տատիկ-պապիկները շնորհակալություն են հայտնել հրավերի համար` նշելով, որ կռվել են հանուն խաղաղության եւ հանուն հայ ազգի.“Աստծո կամքով ողջ ենք, ինչ-որ կարող էինք անել, մենք արել ենք: Չտեսնված ծանրություն ու դժվարություն ենք տարել: Պատերազմի ամենափոքր մասնակիցը հիմա 88 տարեկան է, բոլորս 90-անց ենք”:

Ստորեւ առաջարկում ենք դիտել BRAVO.am-ի պատրաստած համերգային ֆոտոշարքը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW