×


Սոնա Շահգելդյան.«Էքստրեմալ իրավիճակ էր եւ ընկնելու վտանգ կար»

Սոնա Շահգելդյանն այս ամիս արդեն երկրորդ տեահոլովակն է նկարահանել, որոնց պրեմիերաները նախատեսված են ամռանը։ Սիրային նոր երգի համար տարվող աշխատանքին օրերս հաջորդել է մեկ այլ երգի տեսահոլովակի նկարահանումը՝ այս անգամ Հայաստանի մասին։

«Դարերի շունչ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին BRAVO.am-ին տրամադրել է լուսանկարներն ու պատմել, որ Ամբերդում եւ Զվարթնոցի տաճարում նկարահանումները տեւել են երկու օր, վայրերն ու հագուստն ընտրել է իր ցանկությամբ.«Զվարթնոցում դժվար է հոլովակ նկարելը, եւ անհրաժեշտ եղավ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի թույլտվությունը: Միշտ ցանկացել եմ այնտեղ նկարվել, ուրախ եմ, որ Հայաստանի մասին նոր երգովս կարողացա իրականացնել»։

«Դարերի շունչ» երգը սիմֆո-ռոք ոճում է, հեղինակն Ամստերդամում բնակվող Արթուր Նիկողոսյանն է՝ Կոնսը, որը նկարահանումներին մասնակցել է որպես դաշնակահար, իսկ խոսքերը գրել է Հարություն Ազարյանը.«Այս ոճի գործ դեռ չէի լսել, շատ գեղեցիկ ու տարերվող է։ Նկարահանվել են նաեւ ընկերներս` որպես երաժիշտ-դերասաններ։ Դիմահարդարը Նվարդ Դովլաթյանն է, օպերատորը՝ Պետիկ Ավետիսյանը»։

Սոնա Շահգելդյանը` «Դարերի շունչ» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Նախորդ տեսահոլովակի համար այլ թիմ է աշխատել, այս անգամ ռեժիսորը Զորիկ Բարսեղյանն է, որն առաջին անգամ է Սոնայի համար հոլովակ նկարահանում.«Իմ մոտ ընկերներից է, միշտ շփվում ենք գործի բերումով։ Այլ մարդկանց համար նկարել է, այս անգամ նրա հետ համագործակցեցի։ Սիրում եմ տարբեր մարդկանց հետ աշխատել, քանի որ ամեն երգի թեմա նոր մոտեցում է պահանջում: Սիրում եմ փոփոխություններ, կարծում եմ՝ սխալ է անընդհատ մեկ մարդու հետ աշխատելը»։

Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ նկարահանումները միշտ անցնում են ուրախ մթնոլորտում, այս անգամ էլ զվարճալի իրավիճակներն անպակաս են եղել. «էքստրեմալ իրավիճակ էր, երբ Ամբերդում ժայռի գլխին կանգնած էինք, ընկնելու վտանգ կար, գրեթե ընկնում էինք։ Այդ բարձրության վրա՝ փոքր քարին կանգնած, նկարվում ու ծիծաղում էինք:)։ Մեր բախտից անձրեւ չեկավ, միայն ավարտելուց հետո սկսվեց։ Շատ հոգնեցինք, բայց հաճելի հոգնածություն էր»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սոնա Շահգելդյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW