×


Սոս Ջանիբեկյանը, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը եւ այլք` “Փասիանի որսորդը” ֆիլմի պրեմիերային

“Մոսկվա” կինոթատրոնի կապույտ դահլիճում երեկ կայացել է “Պարալլելս ֆիլմ” կինոընկերության “Փասիանի որսորդը” կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Կյանքում ամուսիններ, իսկ աշխատանքում գործընկերներ Մարինե Զաքարյանը ռեժիսորն է, Հովհաննես Գալստյանն էլ` պրոդյուսերը:

\"Փասիանի որսորդը\" ֆիլմի գլխավոր օպերատոր Միհրան Ստեփանյանը, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը եւ ռեժիսոր Մարինե Զաքարյանը


“Փասիանի որսորդը” դրամատիկ պատմությունը “Կիսալուսնի ծովածոցը” լիամետրաժ խաղարկային ֆիլմի “Աշուն” հատվածն է. տարվա 4 եղանակն էլ նկարահանվել են Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա: Այս կինոնախագիծն իրականացվում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի առթիվ եւ արժանացել է “Հայակ” ազգային կինոյի “Լավագույն դեբյուտ 2013” մրցանակին: 

“Պարալլելս ֆիլմ” ընկերության հիմնադիր-տնօրեն եւ “Փասիանի որսորդը” ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի խոսքով` այն ստեղծվել է ֆինանսական սուղ միջոցներով` մոտ 2 մլն դրամ բյուջեով.“Նկարահանման ընդամենը 4 օր ենք ունեցել, բայց կարողացանք այսքան փոքր խմբով աշխատել ու այն ավարտին հասցնել”:

Դիզայներ Թամարա Բորոյանը եւ Նարինե Գրիգորյանը


“Փասիանի որսորդը” ֆիլմում նկարահանվել են դերասաններ Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Սամվել Վարդանյանը, Անի Գալստյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները: Վերջիններս, Հովհաննես Գալստյանի փոխանցմամբ, առաջին անգամ են ֆիլմում որպես հայր ու որդի խաղում: 

Դերասան Աշոտ Ադամյանը նշել է, որ շատ է սիրում Վիլյամ Սարոյանի պատմվածքներն ու հուշերը.“Գժվում եմ Սարոյանի համար: Ես էլ հանդիսատեսի կարգավիճակում էի, սպասում էի, որ տեսնեի` ինչ է ստացվել:): Հուսով եմ` ֆիլմը շատերի հոգիները կշարժի ու սարոյանական ոգով կլցնի”:

Դերասան Աշոտ Ադամյանը


Ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Վարդանյանը պրեմիերային ներկա չէր հարգելի պատճառով. նա այժմ ծառայում է հայոց բանակում: Ինչպես տեղեկացրեց Աշոտ Ադամյանը, ցուցադրությունից առաջ հեռախոսով զրուցել են եւ պրեմիերայի առիթով իրար շնորհավորել.“Ասացի, որ իր տեղն էլ ֆիլմը կնայեմ: Թող բարի լուրը գնա հասնի Սամվելին, որ ամեն ինչ բարեհաջող էր”: Հովհաննես Գալստյանն էլ կեսկատակ-կեսլուրջ հավելել է, որ հենց Սամվելը կրակել սովորեց, նրան բանակ տարան:

Ֆիլմի կոմպոզիտորը Լիլիթ Նավասարդյանն է, հնչյունային ռեժիսորը` Լեւոն Նավասարդյանը, գլխավոր օպերատորը` Միհրան Ստեփանյանը, որն էլ նշել է` փորձել են նկարահանել սարոյանական ոգով.“Շատ գունեղ է: Առանց օպերատորների, տեխնիկական անձնակազմի միասնական աշխատանքի այս պատկերը չէր ստացվի”:

Դրվագ "Փասիանի որսորդը" կարճամետրաժ ֆիլմից


Անդրանիկ ցուցադրությունից հետո հանդիսատեսը դիտել է “Կիսալուսնի ծովածոցը” լիամետրաժ ֆիլմի 3 րոպե տեւողությամբ թրեյլերը: Հեղինակներն այն ամբողջությամբ նախատեսում են ներկայացնել 2014-ի ընթացքում: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW