Սոս Ջանիբեկյանը սննդային թունավորման ախտանշաններով նախորդ գիշեր տեղափոխվել էր հիվանդանոց: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում եւ դուրս է գրվել հիվանդանոցից:
Սոս Ջանիբեկյանը
Դերասանը պատմել է, որ Մոսկվայում տեղի ունեցած նկարահանումներից հետո վերադառնալով Հայաստան` օդանավակայանից գնացել է տուն եւ քնել, սակայն գիշերն ինքնազգացողությունը վատացել է.“Հավանաբար, ծաղկակաղամբից կամ սնկից թունավորվել էի: Շտապ օգնություն ենք կանչել, մեքենայի մեջ շատ վատ վիճակում էի, սկզբում տարան Հանրապետական հիվանդանոց, հետո պարզվեց, որ պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն կլինիկա: Մեկ օր մնացի բժիշկների հսկողության տակ. օրգանիզմս մաքրել են, անալիզ եմ հանձնել, ողողումներ արել, հիմա համեմատաբար լավ եմ”:
Բժշկական ծառայությունների պայմաններից դժգոհել է նաեւ Սոս Ջանիբեկյանի մայրը` դրամատուրգ Աննա Աղասարյանը` գրառում կատարելով իր "ֆեյսբուքյան" էջում:“Մեր բողոքն ուղղված չէ որեւէ բժշկի, հիվանդանոցների պայմանները բավարար վիճակում չեն: Պետությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին, պայմաններ ստեղծի, որ բժիշկները լավ աշխատեն, հիվանդներն էլ իրենց ապահով զգան, մաքուր ու հարմարավետ հիվանդասենյակներում լինեն: Հիվանդը փոխանակ իր հիվանդությունը հաղթահարի, այդ վատ պայմաններից ավելի է սթրեսի ենթարկվում ու հիվանդանոցի անհարմարությունների մասին մտածում”,-BRAVO.am-ին ասել է Սոս Ջանիբեկյանը:
Սոս Ջանիբեկյանը մայրիկի` դրամատուրգ Աննա Աղասարյանի հետ
“Այս հարցը բարձրացնում եմ, որովհետեւ մենք ուզում ենք նմանվել քաղաքակիրթ երկրներին, բայց ուշադրություն չենք դարձնում այսպիսի փաստերին: Միգուցե մանրուք թվա, բայց շատ կարեւոր է: Սիրում եմ իմ երկիրը, սրտիցս արյուն է կաթում, որ այդպիսի պայմաններ եմ տեսնում”,-նշել է նա:
Դերասանի փոխանցմամբ` բժիշկներն իրեն լավ են վերաբերվել, սակայն նկատել է` ոչ բոլորի հանդեպ են ուշադիր եւ հոգատար.“Լավ վերաբերմունքի պակաս կա: Նրանց համար օրական տասնյակ հիվանդների ընդունելն ու ճանապարհելը սովորական երեւույթ է եւ առօրյա աշխատանք, բայց հիվանդի համար դժվար է, միգուցե նա կյանքում առաջին անգամ է նման վիճակում հայտնվել, նրան հոգատարություն ու մարդկային լավ վերաբերմունք է անհրաժեշտ”:
Սոս Ջանիբեկյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ապաքինվելուց հետո նույն եռանդով կշարունակի աշխատել: Նա Մոսկվայում նկարահանվել է “Стрелок 2” ֆիլմում` մարմնավորելով գլխավոր կերպարներից մեկին.“Պրոդյուսերը Միշա Պողոսովն է, ռեժիսորը` Արշալույս Հարությունյանը: Մինչեւ տարեվերջ նկարահանումները կավարտենք: Ռուսական արտադրության ֆիլմ է, հուսով եմ` այստեղ էլ կցուցադրվի: Բարդ եւ պատասխանատու դեր է, նաեւ ռիսկային, որ հայ դերասան է գլխավոր հերոսներից մեկի դերակատարը: Շնորհակալ եմ, որ վստահել ու ինձ են առաջարկել”:
BRAVO.am
Լուսանկարները` Սոս Ջանիբեկյանի անձնական արխիվից եւ Վահան Ստեփանյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: