×


Սոֆի Դեւոյան.“Ինձ ու ամուսնուս, մեկ էլ տղայիս ու Զառոչկային են բաժանում”

Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու թատրոնն օրեր առաջ համերգ է ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Պարուհիները գյումրեցի հանդիսատեսին ներկայացրել են հին ու նոր պարային բեմադրություններ, համերգը վարել է Վահագն Գրիգորյանը, մի քանի երգ է կատարել Զարուհի Բաբայանը, իսկ Սոֆի Դեւոյանի փոխարեն բեմում է եղել նրա թոռնուհին՝ կրտսեր Սոֆի Դեւոյանը:

Սոֆի Դեւոյանը


Ելույթ են ունեցել նաեւ 5 տարի առաջ ստեղծված “Արմելադ” համույթի պարուհիները, որոնք օրերս Հայաստանը ներկայացրել են Բելառուսում կայացած “Ոսկե մեղու” փառատոնին եւ նվաճել առաջին տեղը.“Աղջիկներս պատմում են, որ ռուսական, վրացական, ուկրաինական շատ լավ խմբեր են եղել, նրանք տպավորված ու զարմացած են վերադարձել եւ կրկին մրցանակով”,-նշել է Սոֆի Դեւոյանը:

Նա պարի ստուդիաներ ունի Երեւանում, Էջմիածնում եւ Աբովյանում, հետաքրքրվեցինք՝ արդյոք Գյումրիում մասնաճյուղ բացելու մտադրություն չունի. “Ցանկություն ունեմ, բայց հեռու է, ես ու մասնագետներս շաբաթական մի քանի անգամ ֆիզիկապես չենք հասցի գնալ: Վստահ չեմ, որ կհասցնեմ, իսկ չգնալը ճիշտ չէ”:

Սոֆի Դեւոյանը, Վահագն Գրիգորյանը եւ Իռեն Ուլիխանովան` Գյումրիում համերգի ետնաբեմում


Այժմ նրա խմբերում միայն աղջիկներ են, իսկ թե ինչով է պայմանավորված տղաների բացակայությունը, պարուհին հետեւյալն է պատասխանել.“Տարիներ առաջ աշխատում էի տղաների հետ, բայց մեկը գնում է բանակ, մյուսն աշխատելու խնդիր ունի… Հասկացա, որ մեր պայմաններում տղա պարողների հետ գործ ունենալը դժվար է: Երբ Շառլ Ազնավուրին նվիրված ներկայացման համար անհրաժեշտ էին տղաներ, հրավիրեցի Օպերայի եւ բալետի թատրոնի լավագույն պարողներին: Իհարկե, մեկանգամյա համագործակցությունը լավագույնը չէ, բայց նախագծերի համար ավելի ճիշտ տարբերակ է: Իսկ աղջիկներս շատ են, երբ ամուսնանում, երեխա են ունենում, նոր սերունդը գալիս է նրանց փոխարինելու”:

Սոֆին այս օրերին պատրաստվում է իր սաների ելույթներին.“Երեք գալա համերգ պիտի տանք, որոնց կմասնակցի մոտ 1000 երեխա: Ես եմ ընտրում զգեստներն ու աքսեսուարները, պարերը պետք է նայեմ, շտկումներ անեմ, ահռելի աշխատանք է: Այս անգամ բացի տարբեր ժողովուրդների պարերից, երեխաները կպարեն ժամանակից պարեր”:

Սոֆի Դեւոյանն` ամուսնու հետ


Ամռան ընթացքում պարուհին նախատեսում է աշխատել. կշարունակի նկարահանվել “Բախտաբեր” սերիալում եւ նոր բեմադրություններ անել համերգների համար.“Ես ամեն ինչ հասցնում եմ, անգամ աշխատանքից հետո ամուսնուս հետ ակումբ ու սրճարան եմ գնում”:
 
Սոֆիի խոսքով` հաճախ հայտնվում է ասեկոսեների կիզակետում.“Անտեղի ու անիմաստ  ինձ ու ամուսնուս, մեկ էլ տղայիս ու Զառոչկային են բաժանում: Մենք միասին ենք ապրում ու միմյանց շատ ենք սիրում: Տարօրինակ է, բայց ասում էին` իբր եզդի եմ, ինձ համար շատ զարմանալի էր, որովհետեւ մայրս Գորիսից է, հայրս՝ Սեւաստոպոլից, երկուսն էլ հայ են: Շատ անհեթեթ բաներ եմ լսել, բայց բամբասանքը, միեւնույն է, գովազդ է: Այնքան լուրեր են պտտվում, որ արդեն ուշադրություն չեմ դարձնում: Կարեւորը երջանիկ լինելն է, որ ներքին աշխարհդ հանգիստ լինի եւ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ”, -նշել է նա եւ հավելել, որ իր 50-ամյա բեմական գործունեության հոբելյանը կնշի սեպտեմբերին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոֆի Դեւոյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW