Սոֆի Մխեյանն այս շրջանում շատ է ճամփորդում, ինչով էլ պայմանավորված էր նրա ստեղծագործական լռությունը: Երգչուհու վերջին կանգառը Փարիզն էր, որտեղից վերադառնալուն պես անցել է գործի, քանի որ հասունացել էր նոր աշխատանք ներկայացնելու պահը եւ ասելիք ուներ: Նա իր նոր տեսահոլովակի, արտերկրում աշխատելու առաջարկների, հիասթափությունների, երազանքների, ընտանիքի եւ այլ թեմաներով թեյի բաժակի շուրջ անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ:
Սոֆի Մխեյանը
“Հյուրախաղերից գերլարվածություն կար, եւ անել մի բան, որ չկրկնվի, գրեթե անհնար էր: Ուրախ եմ, որ երկրպագուներս այդ ընթացքում ինձ գրում էին եւ սպասում: Լռությունից հետո “Երազում”-ն իմ ամենամեծ արդարացնում էր’’,-ասել է Սոֆին` տեղեկացնելով, որ Սերգեյ Այվազյանի հետ երգի երաժշտության համահեղինակն է, իսկ խոսքերը գրել են Ռուբեն Մխիթարյանն ու Նվեր Ղազարյանը:
“Երազում”-ի ռեժիսորը Լիլիթ Մովսիսյանն է, որը հայտնի է իր “Մոխրաման”, “Ես էլ”, “Կաուչո”, “Խիո” ֆիլմերով.“Երբ տեսա “Խիոն”, ցանկացա, որ իմ տեսահոլովակն էլ լինի նույնքան զգացմունքային: Այնքան ուրախ եմ, որ չեմ սխալվել: Այսօր արդեն ներքին բավարարվածություն եմ զգում, որովհետեւ այն կարծիքների շնորհիվ, որոնք լսում եմ մտերիմներիցս եւ անծանոթներից, հասկանում եմ, որ իզուր չեմ աշխատել: Ի դեպ, պարային շարժումները Արմինե Զարյանի մտահղացմամբ են, ինձ հետ նկարահանվել է պարող Հովհաննես Սարգսյանը”,-նշել է երգչուհին:
Սոֆիի նոր աշխատանքն առաջինը դիտել է ընտանիքը, ամենամտերիմ ընկերները, որից հետո էլ այն հանձնել է հանդիսատեսի դատին.“Առաջինը, ով դիտեց, եղբայրս էր: Հոլովակի ավարտին նրա աչքերում արցունքներ հայտնվեցին, գրկեց ինձ եւ համբուրեց… Այսօր էլ այդ պահը հիշելիս նույն զգացողությունն եմ ապրում: Հետո մայրս եւ հայրս տեսան, որոնց արձագանքն էլ դրական էր: Իսկ ընկերներս` Նազենին, Անդրեն, Սիլվան, Ավետը, Արտյոմ Կաչարյանը, Մարգարիտա Պոզոյանը, այնպիսի խոսքեր շռայլեցին, որ չափազանց ուրախ էի”:
Սոֆի Մխեյանը
Երգչուհու հետ մեր նախորդ զրույցը համերգային շրջագայությունների թեմայով էր: Պարզվում է` նա արտերկրում աշխատելու հրավերներ է ստացել, բայց. “Հյուրախաղերի ժամանակ առաջարկել են աշխատել Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում, բայց ինձ Հայաստանն է ձգում, ես դեռ անելիք ունեմ այստեղ, միեւնույն է` ուր գնաս, հայրենիքդ կանչում է քեզ: Շատ լավ հասկանում եմ իմ գործընկերներին, ովքեր մեկնել են… Իհարկե, այստեղ կան խնդիրներ, որոնք երբեք չեմ բարձրաձայնում, պարզապես ես լավատես եմ”:
Հիասթափության պահեր լինում են, բայց Սոֆին ելքեր գտնում է.“Երբեմն որոշում եմ այլեւս ոչինչ չանել` ինչ-ինչ խնդիրներից ելնելով, բայց ուրախ եմ, որ մեկ րոպե հետո ինչ-որ ուժ ինձ ստիպում է ավելի սթափ մտածել: Ես պարզապես ամենաանլուծելի իրավիճակում էլ կարող եմ լավատես լինել. տեսակով եմ այդպիսին”:
Երբ խոսքը կոմերցիայի մասին է, երգչուհին նախընտրում է պահպանել իր ոճը եւ տեսակը.“Չեմ կարող ինքս ինձ դեմ գնալ: Ամեն անգամ փնտրում եմ այն տարբերակը, որն ինձ է հարմար: Կարծում եմ, երբ արտիստն ամեն օր աչքի առաջ է, կորցնում է իր կերպարը, ինչ-որ չափով զիջում դիրքերը. պետք է կարողանալ չհոգնեցնել հանդիսատեսին: Խնջույքներին շատ քիչ եմ երգում, բայց եթե լինում է այդ հնարավորությունը, միշտ լավ արձագանքներ եմ լսում եւ կրկին համագործակցելու առաջարկ ստանում”:
Սոֆի Մխեյանը
Խոսելով նոր ձայնասկավառակի եւ նախատեսված մենահամերգի մասին` Սոֆին հետեւյալն է նշել.“Ցավոք, այսօր ալբոմի արդիականությունը կորել է, քանի որ համացանցից ցանկացած երգ կարող ես ներբեռնել: Իմ վերջին ալբոմը թողարկվել է 2012-ին, հիմա ունեմ երգեր, որոնք կզետեղվեն նոր CD-ում: Իսկ լուրջ մենահամերգը պահանջում է ֆինանս եւ երկարատեւ աշխատանք: Ինչպես իմ յուրաքանչյուր երգին եմ մանրակրկիտ մոտեցում ցուցաբերում, պատկերացրեք` մենահամերգիս ինչպես կպատրաստվեմ’’:
Երգչուհին իր անձնական կյանքը չի հանրայնացնում.“Դա փակ տարածք է: Եթե կողքիդ կա մեկը, կան նաեւ քննարկումներ եւ խոսակցություններ, իսկ դրանք երբեմն բերում են նրան, որ նա այլեւս չի լինում, իսկ դա դառնում է քննարկման եւս մեկ թեմա: Դրա համար ճիշտ է լռելը”:
Այնուամենայնիվ, Սոֆի Մխեյանը BRAVO.am-ի հետ զրույցում շատ անձնական հարց է շոշափել.“Երազում եմ ընտանիքի եւ երեխաների մասին, որոնք այնքան անձնական են: Տարիք է գալիս, երբ ցանկություններն ավելի անձնական բնույթի են դառնում: Հանուն ընտանիքի պատրաստ եմ հրաժարվել կարիերայից, քանի որ հասկանում եմ` այս ամենը հավերժ չէ: Ես չեմ վախենում մութ սենյակում մենակ մնալուց, ես վախենում եմ մենությունից: Երջանիկ եմ եւ երազում եմ լիարժեք երջանկության մասին, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ կողքիս կլինի այն միակը”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: