×


Սոֆյա Պողոսյան. “Բարեբախտաբար, ես եւ Մերին տարբեր ենք”

Սոֆյա Պողոսյանն ամուսնու հետ օրերս վերադարձել է Շրի Լանկայում անցկացրած հանգստից, հոկտեմբերի 20-ին նշել է իր 24-ամյակը եւ անցել աշխատանքային գրաֆիկին: “Շանթ TV”-ի “Անծանոթը” հեռուստասերիալում խորհրդավոր ու հակասական Մերիին մարմնավորող գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր անցած ճանապարհից, մանկական չարաճճիություններից, քրոջ` Մայա Պողոսյանի հետ հարաբերություններից եւ ոչ միայն:):

Սոֆյա Պողոսյանը


Մանկությունից միայն ջերմ ու բարի հիշողություններ ունեմ, չնայած, որ մութ ու ցուրտ տարիներ էին: Ընտանիքում լինելով երեք երեխա` միշտ կարողանում էինք հետաքրքիր խաղեր հորինել: Մեզ էր միանում նաեւ մորաքրոջս աղջիկը: Շատ ուրախ մանկություն եմ ունեցել:

Շատ կամակոր ու համառ երեխա եմ եղել
, եթե ինչ-որ բան ինձ դուր չի եկել, ոչ ոք եւ ոչինչ չէր կարող ստիպել անել դա:

Սիրած զբաղմունքներ շատ ենք ունեցել. սիրում էինք վերմակներով ամբողջ տունը վրանի վերածել ու խաղալ դրա տակ:

Սոֆյա Պողոսյանն ամուսնու` Նարեկ Գեւորգյանի հետ


Մանկապարտեզն իմ մանկության մի մասնիկը այդպես էլ չդարձավ: Մեկ օր եմ գնացել: Հիվանդացել էի ու ամբողջ օրը լացել, ծնողներս էլ որոշեցին այլեւս չտանել: Հաճախել եմ Կրուպսկայայի (ներկայում` Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցը: Սովորել եմ լավ, բայց չեմ սիրել ճշգրիտ գիտություններ, հումանիտար առարկաներն ավելի են գրավել:

Մասնագիտությամբ հոգեբան եմ. Ընտրության հարցում ծնողներս չեն միջամտել:
 

Սոֆյա Պողոսյանը


Հեռուստատեսություն մտա շատ պատահական. ամեն ինչ արագ ստացվեց: Դեռ չորրորդ կուրսում առաջարկ ստացա `վարելու “Ֆորտ Բոյար” նախագծի օրագրերը: Դրան հաջորդեց Նինայի դերը “Վերադարձ” հեռուստասերիալում: Շատ մեծ պատասխանատվություն էի զգում` խաղալով այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Սամվել Սարգսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը: Ինքնաքննադատաբար եմ մոտենում աշխատանքիս:

Մերիի կերպարը, ի տարբերություն Նինայի, բավական բարդ է, հակասական, որին երբեմն դժվար է հասկանալ, բայց ինձ օգնում է մասնագիտությունս:

Բարեբախտաբար, իմ ու Մերիի միջեւ նմանություն չկա: Մերիի կերպարում ինձ ձգում է խորհրդավորությունը, բազմերանգությունը:

Սոֆյա Պողոսյանը նկարահանվում է "Անծանոթը" սերիալում


Երկրպագուներից հաճախ եմ գովեստի խոսքեր լսում: Իսկ ձեռքով նկարված իմ նկարն անսպասելի ու հաճելի նվեր էր ինձ համար, որն ամենաշատն է զարմացրել:

Ամուսինս հասկանում է ինձ եւ իմ աշխատանքը: Նա միշտ իմ կողքին է: Նարեկի հետ ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Իմ ամենամոտ ընկերուհին` Նարե Հարոյանը, Նարեկի մանկության ընկերն է:

Շատ երջանիկ եմ, որովհետեւ կողքիս է նաեւ մեծ քույրս` Մայան, որը միշտ օգնում է ինձ իր խորհուրդներով:

Սոֆյան հոկտեմբերի 20-ին դարձել է 24 տարեկան


 Ամեն մի փոքրիկ բանից կարող եմ ուրախանալ, ինձ հեշտ է ուրախացնել:

Երբեք իմ սրտին ու խղճին դեմ չեմ գնա:

Սիրում եմ ճամփորդել ամուսնուս հետ, բայց հաճախ չի ստացվում: Ամառային հանգիստ այդպես էլ չկարողացանք կազմակերպել եւ տեղափոխեցինք աշուն:

Նոր ենք վերադարձել Շրի Լանկայից: Հանգստանալու էինք գնացել ամուսնուս եւ ընդհանուր ընկերների հետ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` ԷԼ Style-ի, BRAVՕ.am-ի, "Շանթ TV"-ի եւ Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW