×


Սպարտակ Պատվականյան.“Բամբասանքներից հեռու մնալու համար փորձում եմ շատ չմտերմանալ”

Լողի ասպարեզում հաջողություններ գրանցելուց հետո Սպարտակ Պատվականյանը որոշում է ուժերը փորձել դերասանական արվեստում, իսկ թե ինչպես է ստացվում, կարող են կարծիք հայտնել “Հարազատ թշնամի” սերիալին հետեւողները:): BRAVO.am-ի հետ զրույցում նա համեմատել է իր եւ կերտած կերպարը, խոսել շրջապատի վերաբերմունքի մասին եւ ոչ միայն:

Սպարտակ Պատվականյանը


-Ինչպե՞ս ընդգրկվեցիր սերիալի դերասանական կազմում:

-“Արմենիա” հեռուստաընկերությունում աշխատող մտերիմ ընկերներիցս մեկը զանգահարեց, ասաց, որ քասթինգ է հայտարարված եւ առաջարկեց մասնակցել: Շատ էի վախենում, որ հնարավոր է չստացվի, քանի որ դերասանական կրթություն չունեմ: Այնուամենայնիվ, ներկայացա, ինձ շատ հավանեցին, ցանկացան, որ նկարահանվեմ, ես էլ որոշեցի փորձել: Սկզբում առաջարկեցին մարմնավորել Սպարտակին, հետո հասկացանք, որ մի փոքր բարդ կլինի ինձ համար կերտել այդ կերպարը:

-Միշի դերակատարն ես: Այս կերպարը որքանո՞վ է համապատասխանում քո մարդկային տեսակին:

-Նմանությունները շատ են, տարբերություններ էլ կան, չնայած` առաջինը գերակշռում է: Կերպարս շատ եմ սիրում, իրական կյանքում նույնպես շատ բարի եմ եւ օգնում եմ կարիքավորներին: Բայց Միշն, անխոս, շատ ավելի համբերատար եւ համեստ է, տարբեր իրավիճակներում իրեն չափից դուրս հավասարակշռված է պահում, իսկ ես հնարավոր է նյարդայնանամ եւ հանգիստ չարձագանքեմ. ավելի ագրեսիվ վարքագիծ ունեմ:

Լիկա Սալմանյանը, Սպարտակ Պատվականյանը եւ Լուիզա Ղամբարյանը


-Ի՞նչ դժվարություններ ունես նկարահանման հրապարակում:

-Առհասարակ խաղալն ինձ համար սկզբում շատ դժվար էր: Լինելով այդ ամենի մեջ` չգիտեի` ինչ եմ անում, ինչպես եմ անում: Այժմ կարող եմ ասել, որ դժվարությունները հաղթահարել եմ պրոֆեսիոնալ խաղընկերներիս` հատկապես Լուիզա Ղամբարյանի եւ Ալբերտ Սաֆարյանի շնորհիվ, ովքեր մարմնավորում են Միշի ծնողներին:

-Իսկ ի՞նչ թերություններ ես տեսնում  Միշի կերպարում:

-Նա կարող էր շատ հարցերում այլ կերպ դրսեւորել իրեն, բայց մեծ սիրով եմ խաղում այն, ինչ գրված է սցենարով: Դիանա Գրիգորյանն ինձ այս դերը վստահեց եւ իր խորհուրդներով իմ կողքին է ցանկացած հարցում:

-Քո ընտանիքում եւ շրջապատում ի՞նչ արձագանք ստացավ լուրը, որ պետք է նկարահանվես սերիալում:

-Բացասական ոչ մի խոսք չի եղել. բոլորն էլ ուրախացան:

Սպարտակ Պատվականյանը


-Գործընկերներիդ հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են: Հասցրե՞լ ես մտերիմ ընկերներ ձեռք բերել:

-Մարդիկ շատ տարբեր են, մանավանդ այս ասպարեզում:  Անախորժություններից, բամբասանքներից  հեռու մնալու համար փորձում եմ շատ չմտերմանալ, բոլորին սիրում եմ, բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ամեն ինչ շատ լավ է, բայց մտերիմ ընկեր, որպես այդպիսին, չունեմ:

-Սերիալում նկարահանվելուց հետո ինչքանո՞վ է կյանքդ փոխվել:

-Միշտ շեշտում եմ, որ սերիալում խաղալով` մարդիկ “աստղ” չեն դառնում, պարզապես սիրվում եւ ճանաչվում են: Օրինակ` անգամ ավտոտեսուչներն ինձ տեսնելիս բարի ժպտում են, դրանից միայն կարելի է լավ զգալ, այլ ոչ թե մեծամտանալ եւ այլ կյանքով ապրել: Ես լավ վերաբերմունքից ոգեւորվում եմ, չեմ փոխվում:

Սպարտակ Պատվականյանը


-Ի՞նչ մասնագիտություն ունես:

-Դիզայներ եմ, բայց չեմ աշխատում այդ ասպարեզում: Տասը տարի զբաղվել եմ սպորտով: Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի լողի բաժինը, եղել եմ Հայաստանի լողի հավաքականից, բազմիցս արժանացել եմ չեմպիոնի տիտղոսին: Հանդես եմ եկել նաեւ որպես մոդել:

-Նպատակ ունե՞ս մասնագիտանալ դերասանական գործում:

-Մտադիր եմ սովորել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Հենց այս տարի կփորձեմ ընդունվել: Մասնագիտանալու ցանկությունս մեծ է, որովհետեւ տարբեր նախագծերում խաղալու առաջարկներ եմ ստանում, իսկ ավելի պրոֆեսիոնալ ներկայանալու համար պետք են գիտելիքներ: Ցանկանում եմ հանդես գալ գեղարվեստական ֆիլմերում եւ թատրոնում: Նախորդ տարի էպիզոդիկ դեր եմ խաղացել Հրաչ Քեշիշյանի եւ Միքայել Պողոսյանի ֆիլմում, որի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են: Հետագայում նույնպես առաջարկի դեպքում կցանկանամ նկարահանվել ֆիլմում եւ անել արժեքավոր աշխատանք:

Զրուցեց Քնարիկ Ռաֆայելյանը
Լուսանկարները` Սպարտակ Պատվականյանի անձնական արխիվից եւ Լուիզա Գրագատիի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW