21-ամյա շիկահեր գեղեցկուհի Ստեֆանի Թենսին ապրում է Ամստերդամում, ունի 173 սմ հասակ: 2012-ի տարեվերջին նա թագադրվեց որպես “Միսս Տիեզերք-Հոլանդիա 2013”, այժմ էլ պատրաստվում է “Միսս Տիեզերք 2013”-ին: Ամենահետաքրքականն այն է, որ Ստեֆանին ունի հայկական արմատներ, ինչն էլ BRAVO.am-ի համար նրա հետ բացառիկ հարցազրույց անցկացնելու առիթ է հանդիսացել:):
Ստեֆանի Թենսին
-Ստեֆանի, պատմիր քո արմատների մասին:
-Մի գաղտնիք բացեմ, իմ իսկական ազգանունն Աբգարյան է, իսկ Թենսին մորական ազգանունս է: Հայրիկիս պատմածների համաձայն, մենք հայ թագավոր Աբգարի հետնորդներն ենք: Տանը մի նկար ունենք, որտեղ պատկերված են հայ թագավորները, այդ թվում` նաեւ Աբգարը: Շատ կցանկանայի ավելին իմանալ իմ արմատների մասին:
Ստեֆանի Թենսի. "Հայ թագավորների այս նկարը փակցված է մեր տան պատին"
-Կփորձենք օգնել քեզ այդ հարցում:): Այսպիսով, ամենաքիչը երեք ազգ հպարտանում է գեղեցկության մրցույթներում քո գրանցած հաղթանակներով: Դժվա՞ր է ունենալ այսքան շատ ազգություններ:
-Երեքը քիչ ասացիր:): Ես հոլանդացի եմ, հայ, ամերիկացի, գերմանացի եւ ինդոնեզացի: Հորական պապս հայ էր, տատիկս` ինդոնեզացի, իսկ մորական կողմից պապիկս եւ տատիկս ամերիկացի եւ գերմանացի են: Չէ, ընդհանրապես դժվար չէ ունենալ այսքան ազգություններ, ընդհակառակը, այստեղ` Հոլանդիայում, ունենք բազմամշակութային հասարակություն:
Ստեֆանի Թենսին
-Ե՞րբ առաջացավ մոդել դառնալու ցանկությունը:
-Գիտե՞ս, մանուկ հասակում ես ընդհանրապես գեղեցիկ չէի, ավելի շատ նման էի տղայի եւ տեսքիս մասին ընդհանրապես չէի մտածում: Երբ դարձա 16 տարեկան, ինչ-որ մեկը նկատեց ինձ ու ասաց, որ նման եմ հոլանդացի մոդել եւ դերասանուհի, “Victoria's Secret”-ի հրեշտակներից Դաուտցեն Կրուսին: Ինձ առաջարկեցին պայմանագիր կնքել մոդելային մի գործակալության հետ, այդպես սկսվեց պոդիումային կարիերաս: Սկզբում ներքնազգեստի եւ բիկինիի մոդել էի, իսկ ավելի ուշ սկսեցի մասնակցել գեղեցկության տարբեր մրցույթների:
-Անակնկալի եկա՞ր, երբ թագադրվեցիր “Միսս տիեզերք Հոլանդիա-2013”, թե՞ վստահ էիր, որ լավագույնն ես:
-Անկեղծ ասած, մի քիչ զարմացած էի: Այո, ես ունեմ այն տեսքը, որը նրանք փնտրում էին, հետեւաբար շանսեր ունեի հաղթելու, բայց կային նաեւ գեղեցիկ այլ շատ աղջիկներ, ովքեր եւս ունեին հաղթելու մեծ հնարավորություն:
Հայկական արմատներով “Միսս Տիեզերք-Հոլանդիա 2013” Ստեֆանի Թենսին
-Հաջորդ մեծ քայլը “Միսս տիեզերք 2013”-ն է: Արդյո՞ք գնում ես այնտեղ միմիայն հաղթելու նպատակով:
-Իհարկե, շատ եմ ցանկանում հաղթել: Ամեն ինչ անելու եմ բարձր հորիզոնական զբաղեցնելու համար, բայց նաեւ ռեալիստ եմ. շատ դժվար է լինելու հաղթելը: Այնքան շատ են գեղեցիկ աղջիկները, պետք է մրցել 88 երկրից եկած գեղեցկուհիների հետ: Այնպես որ, դժվար է լինելու, բայց կանեմ ինձնից կախված ամեն ինչ:
-Ստեֆանի, ինչպիսի՞ն է մոդելային աշխարհը: Արդյո՞ք “վտանգավոր” է այդ ոլորտում աշխատելը:
-Մոդելային աշխարհն իրականում այնքան վատը չէ, ինչքան թվում է: Շատ մարդկանց ենք հանդիպում, շատ ճանապարհորդում: Ինձ շատ է դուր գալիս: Իհարկե, կան աղջիկներ, ովքեր նախանձում են քեզ, հետեւաբար պետք է զգուշավոր լինել: Ուղղակի միշտ պետք է ուշադիր լինել ու չթողնել, որ քեզ ապակողմնորոշեն: Իմ ընտանիքը եւ ընկերը շատ են աջակցում ինձ ցանկացած հարցում եւ միշտ հպարտանում են ինձնով:
-Այսօր ընդունված է, որ մոդելները նաեւ դերասանությամբ են զբաղվում: Դու նման պլաններ ունե՞ս:
-(Ծիծաղում է-հեղ.):Ես դեռ մանկուց եմ դերասանական դասերի մասնակցել: Մայրս միշտ երազել է, որ դերասանուհի դառնամ ու նկարահանվեմ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերում, բայց ինձ այդ ամենը դուր չեկավ: Մի անգամ խաղացի ֆիլմում, կոմերցիոն մի քանի նախագծի մասնակցեցի, բայց երբ հետ եմ նայում այդ ամենին, զգում եմ, թե ինչքան սարսափելի դերասան եմ: Ուստի, ավելի լավ է զբաղվեմ այն բաներով, որոնք ինձ մոտ լավ են ստացվում, այլեւս ոչ մի դերասանություն:):
Ստեֆանի Թենսին
-Դերասանությամբ զբաղվելը ջնջեցինք կարմիր գրիչով: Ուրիշ ինչո՞վ ես զբաղվում բացի գեղեցկության տարբեր մրցույթների մասնակցելը:
-Բնակվում եմ Ամստերդամում, մեր տան մոտ շատ գեղեցիկ մի այգի կա: Ամեն առավոտ գնում եմ այնտեղ վազելու, շատ եմ սիրում նաեւ շոփինգի գնալ: Դա նաեւ աշխատանք է, քանի որ ես ունեմ սեփական ընկերություն, որը զբաղվում է կանանց հագուստի խորհրդատվությամբ. օգնում եմ գտնել իրենց ոճը: Շատ եմ սիրում զբաղված լինել, ու դա բնական է: Նորաձեւության մենեջմենթ եմ սովորում: Բիզնեսը նաեւ իմ հոբբին է: Ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն դրանով զբաղվելու: Հաճելի է օգնել այն մարդկանց, ովքեր դժվարություն ունեն պատշաճ տեսքով ներկայանալու հարցում: Երբ մի անգամ ճիշտ ուղու վրա ես դնում, երկրորդ անգամ նրանք սկսում են ավելի ճիշտ հագնվել: Երբեմն իրոք դժվար է համատեղել այն ամենը, ինչ անում եմ, բայց ես հաջողակ կին եմ ու հասցնում եմ ամեն ինչ: Ամեն օր աղոթում եմ լավ ու առողջ կյանքի համար: Չէ որ այնքան շատ են այն մարդիկ, ովքեր զրկված են դրանից:
-Նկարահանումների, մրցույթների ժամանակ հիմնականում երեկոյան զգեստներով ես, իսկ ի՞նչ ոճի հագուստ ես նախընտրում առօրյայում:
-Շատ եմ սիրում 70-ականների ոճը: Կոմբինիզոններ, կրկնակոշիկներ, բայց նաեւ անտարբեր չեմ գլամուր զգեստների նկատմամբ: Իմ զգեստապահարանը լի է մեջքի հատվածքում լայն բացվածքով երկար զգեստներով: Ամեն օր տարբեր եմ, մի օր թիթիզ զգեստով եմ, հաջորդ օրը բայքերային հանդուգն ոճում եմ: Դա կախված է նրանից, թե ինչ տրամադրություն ունեմ այդ օրը: Դիմահարդարման հարցում նախընտրում եմ “Victoria’s Secret”-ի “լուքը”. գանգուրներ, սպիտակ ստվերաներկ, վարդագույն կարմրաներկ եւ բրոնզագույն դիմափոշի:
Ստեֆանի Թենսին
- Ստեֆանի, կիսվիր Հայաստանի ու հայերի մասին իմացությամբ:
-Գիտեմ, որ Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն է: Եթե չեմ սխալվում, 2001 թվականից Եվրախորհրդի անդամ է: Հայերը շատ գեղեցիկ են, ունեն մեծամասամբ սեւ մազեր եւ կապույտ աչքեր: Շատ ջերմ են ու հյուրընկալ: Կներես, բայց Հայաստանի ներքաղաքական իրադրության մասին ներկայումս գաղափար չունեմ:
-Ամստերդամում հայկական մեծ համայնք կա: Հայ ընկերներ կամ հարեւաններ ունե՞ս:
-Այդքան շատ հայերի չգիտեմ, բայց ընկերոջս լավագույն ընկերը հայ է եւ շատ հարազատներ ունի Հոլանդիայում: Անունը Պեդրո Հայկազ է, շատ լավ տղա է: Նրա ընտանիքը տեքստիլի ու կաշվի բիզնեսով է զբաղվում: Մի անգամ համագործակցել եմ Օլքայ Գյուլսենի հետ, ով նորաձեւության հայտնի բրենդ “Super Trash”-ի սեփականատերն է եւ ունի հայկական արմատներ: Հույս ունեմ, որ այս հարցազրույցի շնորհիվ ինձ կճանաչեն նաեւ Հայաստանում:
Ստեֆանի Թենսին սիրելիի հետ
-Դե քանի որ խոսքումդ հիշատակեցիր սիրելիիդ, պատմիր նաեւ նրա մասին:
-Արդեն մեկ տարի է` միասին ենք ապրում ու շատ ենք սիրում իրար: Սուրբ Ծննդյան տոներին միասին գնացել էինք հանգստանալու Բալիում: Հիանալի անցավ: Երկուսս էլ շատ զբաղված ենք ու չենք կարողանում իրար հաճախ տեսնել: Ու տարեվերջին միասին հանգստանալու գաղափարից հրաժարվելը հանցագործություն կլիներ: Իմիջիայլոց, նա շատ նման է հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերին “The Hangover” ֆիլմից :
-Ստեֆանի, քանի՞ լեզու գիտես:
-Իհարկե, հոլանդերեն, նաեւ անգլերեն եւ իսպաներեն: Հայերեն մի քանի նախադասություն գիտեմ, որոնք կրկնում եմ միշտ. “Պահպանեք ձեր երազանքները: Նպատակին հասնելու համար պահանջվում է հավատք ու հավատ սեփական ուժերին: Տեսլականը ծանր աշխատանք, վճռականություն եւ նվիրվածություն է պահանջում: Հիշել ամեն բան կարող են նրանք, ովքեր հավատում են”:
Երբեք չեմ եղել Հայաստանում, բայց մի օր անպայման այցելելու եմ հորս հետ:
Ստեֆանի Թենսին
-Աշխարհահռչակ շատ հայեր օգտագործում են իրենց անունը տարածելու հայամետ գաղափարներ: Դրանք նպաստում են, որ աշխարհն ավելի լավ պատկերացում կազմի Հայաստանի եւ նրա խնդիրների մասին: Քո կողմից նման քայլեր կարելի՞ է ակնկալել:
-Ես իսկապես հպարտ եմ իմ արմատներով: Աշխարհը պետք է լսի Հայաստանի մասին:
-2012-ը քեզ համար շատ հաջող տարի էր: Ի՞նչ ակնկալիքներ ունես 2013-ից:
-Հույս ունեմ, որ շատ ավելի մեծ նվաճումների կհասնեմ այս տարի: Ուզում եմ նոր շատ բաներ սովորել, փորձ կուտակել, առաջ գնալ ու ավելի լավ անել այն ամենը, ինչ հիմա եմ անում: Բացի դա ես մեծ ոգեւորությամբ մասնակցում եմ տարբեր հիմնադրամների աշխատանքներին, հատկապես հիվանդ երեխաներին օգնություն տրամադրելու ծրագրերին: Ուզում եմ ավելի ու ավելի մեծ չափով օժանդակել նրանց 2013-ին:
Շատ եմ ցանկանում նպաստել Հայաստանում աղքատության կրճատմանը, հատկապես աջակցություն տրամադրել աղքատ երեխաներին, ովքեր չունեն ընտանիք: Գիտեմ, որ սա մեծ խնդիր է Հայաստանի համար: Ցանկանում եմ մի օր անպայման գալ Հայաստան ու զբաղվել այդ խնդիրների լուծմամբ:
Ստեֆանի Թենսին
-Ինչի՞ մասին է երազում Ստեֆանի Թենսին:
-Երազանքներիցս մեկն արդեն իրականություն է դարձել: Ցանկանում էի ամսագրերից մեկի շապիկին հայտնվել, արդեն հոլանդական միանգամից երեք ամսագրի շապիկին եմ հայտնվել: Ամենամեծ երազանքս է ճանապարհորդել ամբողջ աշխարհում եւ տեսնել ամեն ինչ:
-Լսում ենք քո խորհուրդը բոլոր այն հայուհիներին, ովքեր երազում են մոդելային կարիերայի մասին:
-Առաջին հերթին սովամահ մի եղեք: Շատ են այն աղջիկներն, որոնք սկսում են չհավանել իրենց մարմինը, երբ տեսնում են այլ մոդելների: Ինքս էլ շատ բաներ չեմ հավանում, բայց ես միայն “կաշվից ու ոսկորներից” կազմված այն մոդելներից չեմ, որոնց ամեն օր կարող եք տեսնել հեռուստատեսությամբ: Ես առողջ մարմին ունեմ, առողջ սնվում եմ, սպորտով եմ շատ զբաղվում, կոնֆետներից չեմ հրաժարվում: Պետք չէ զրկել քեզ այս բոլոր հաճույքներից, չէ որ ընդամենը մեկ անգամ ենք ապրում: Առողջ ապրելակերպ վարեք ու ձեւականությունների հետեւից մի ընկեք: Վայելեք կյանքը:
Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ստեֆանի Թենսիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: