Երեւանի կամերային թատրոնում օրերս “Ստրիպտիզ” մոնոներկայացման պրեմիերան էր, որի բեմադրությունն ու երաժշտական ձեւավորումը կատարել է երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանը:
Ֆրիդա Յորքը "Ստրիպտիզ" մոնոներկայացման պրեմիերային
“Ստրիպտիզ”-ը բեմադրվել է Սեդա Ստեփանյանի հեղինակած համանուն պիեսի հիման վրա: Նշենք, որ երիտասարդ դրամատուրգի “Իսկ արեւը շարունակում էր լկտիաբար շողալ” ռադիոպիեսն էլ 2012 թվականին Բրիտանական խորհրդի եւ BBC-ի համաշխարհային ծառայության ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ճանաչվել է Եվրոպայի լավագույն ռադիոպիես:
Գլխավոր դերակատար Ֆրիդա Յորքը մոտ 40 րոպե թատրոնի բեմից երկխոսության մեջ է մտնում հանդիսատեսի հետ, պատմում, թե ինչպես գեր լինելու պատճառով մանուկ հասակում իրեն չեն ընդունել բալետի դպրոց եւ ինչպես է որոշել պարուհի դառնալ` հիմնավորելով հայտնի ասույթը` “Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից”:
Ֆրիդա Յորքը "Ստրիպտիզ" մոնոներկայացման պրեմիերային
“Հերոսուհին հետո հասկացավ եւ փոխեց իր ապրելակերպը, բայց հույս ունեմ, որ անկախ կարգավիճակից` մարդիկ չեն կորցնի իրենց պարզությունն ու մաքրությունը”, - ներկայացումից հետո իր կերպարի մասին ասել է Ֆրիդան, ով ներկայանում է Յորք բեմական կեղծանվամբ, իսկ կյանքում կրում է ամուսնու ազգանունը:
Դերասանուհին Մոսկվայում նկարահանվել է մի քանի ֆիլմում, այժմ տեղափոխվել է Երեւան, բայց որեւէ թատրոնում չի աշխատում: Գոռ Մարգարյանին ճանաչել է ուսանելու տարիներից, մտերիմ լինելով հանդերձ` առաջին անգամ են միասին աշխատում. “Միշտ ցանկություն ունեցել ենք, այս ներկայացումն էլ լավ առիթ էր: Հոգեհարազատ ռեժիսոր եմ գտել, քանի որ ամեն ինչ միասին քննարկում էինք… Շատ հաճելի է Գոռի հետ աշխատելը”:
Ֆրիդա Յորքը, Գոռ Մարգարյանը եւ Դիանա Մեղրյանը
Ֆրիդան այս ներկայացման համար սովորել է ստրիպտիզ պարել եւ խոստովանում է` ձողի շուրջ պտույտներ կատարելը բարդ աշխատանք է: Նա ժամանակին պարել է “Բարեկամություն” անսամբլում, բայց երեխայի ծննդից հետո մոտ երեք տարի է` դադար է վերցրել.“Մտածում էի` պարելու փորձս ինձ կօգնի, բայց մի փոքր անսովոր էր նախկին ճկունությամբ պարել, պտույտներ անելը սարսափելի բարդ էր, մատներիս կոշտուկներ են եղել: Հիմա ավելի լավ եմ հասկանում մերկապարուհիներին, ինչպես են գիշերն աշխատում` չգիտեմ:)”:
“Կարծում եմ` ներկայացման մեջ այդքան էլ բաց տեսարաններ չեն, բեմում պատրաստ չեմ մերկանալ, իսկ ֆիլմի դեպքում` միգուցե, եթե շատ արժեքավոր գործ արվի”,-ասել է դերասանուհին` ավելացնելով, որ հանդիսատեսը լիովին պատրաստ չէ ընդունել մերկացող դերասաններին, իսկ այս ներկայացումը բեմադրել են առանց գռեհկության ու փորձել են ցույց տալ գեղարվեստական տեսանկյունից:
Ռեփեր Համոն եւ Լիլի Էլբակյանը` "Ստրիպտիզ" մոնոներկայացման պրեմիերային
Գոռ Մարգարյանը պիեսի հեղինակի առաջարկով է սկսել բեմադրության աշխատանքները եւ նշում է, որ թեման սկզբում իրեն այնքան էլ հոգեհարազատ չի եղել.“Գուցե զարմանալի թվա, բայց երբեւիցե չեմ եղել ստրիպ ակումբում, բեմադրել եմ հեռուստատեսությունից ստացած տեղեկություններով ու իմ պատկերացմամբ: Գործն արվել է հանդիսատեսի համար, որ հաճույք ստանա ու մտածելու առիթ ունենա”:
“Երկաթ” մշակութային կենտրոնի աջակցությամբ բեմադրված ներկայացումը հնարավոր է` ընդգրկվի Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում: “Ստրիպտիզ”-ի պարային բեմադրության գործում աջակցել է Հարություն Թոփալիդիսը, զգեստների հեղինակն է Մարինա Հարությունյանը: Պարուհու մանկությունը մարմնավորում է “Բարեկամություն” համույթի պարուհի Դիանա Մեղրյանը:
Դերասան Արթուր Կարապետյանն իր կնոջ հետ
Նշենք, որ ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար եւ ապրիլի 29-ին կներկայացվի “Արմմոնո” թատերական փառատոնի շրջանակում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: