×


Սրբուհի Սարգսյան. “Հեշտ կյանքով չեմ ապրել ”

Սրբուհի Սարգսյանին 2011 թվականին ճանաչում բերեց “X-Factor” երաժշտական հեռուստանախագիծը, որից հետո նա ստեղծեց իր բենդը՝ “Allusion”-ը, եւ երաժիշտների հետ սկսեց ելույթ ունենալ երեւանյան ակումբներում: 20-ամյա երգչուհու օրակարգը հագեցած է համերգներով, դրան զուգահեռ այժմ սովորում է Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի երկրորդ կուրսում:

Սրբուհի Սարգսյանը


Սրբուհու հետ որոշեցինք հանդիպել հերթական համերգից առաջ, զրուցել ու  լուսանկարել բենդի երաժիշտների հետ, բայց մինչ այդ նա հասցրեց արդուկել ոչ միայն իր հագուստը, այլեւ երաժիշտներից մեկի վերնաշապիկը: BRAVO.am-ի հետ հարցազրույցում էլ խոստովանեց, որ արդուկն իրենից անպակաս է. սիրում է անհրաժեշտ բոլոր պարագաներով ներկայանալ համերգներին:

Իր “օժիտի” մասին

Գրեթե ամեն օր ելույթ եմ ունենում ու սիրում եմ մեկ հագուստի, կոշիկի փոխարեն երկուսը վերցնել տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Ամեն օր տնից դուրս եմ գալիս մի քանի պայուսակով, մայրս էլ միշտ կատակում է, թե օժիտով եմ գնում:): Նա վախ ունի, որ մի օր էլ չեմ վերադառնա տուն: Ընտանիքիս անդամները գիտեն, որ շատ ինքնուրույն եմ, իմ սեփական կարծիքն ունեմ, բայց այդքան համարձակ ու խենթ չեմ, որ երկու պայուսակով տնից հեռանամ:

Ինչպես սկսվեց ակումբային կյանքը

Երբ երեք տարի առաջ որոշեցի բենդի հետ երգել, զանգահարեցի կիթառահար Արթուրին, նրա միջոցով էլ կապ հաստատեցինք մյուս երաժիշտների հետ: Խումբն արագ ձեւավորվեց, բայց որոշ ժամանակ անց անդամները փոխվեցին: Միշտ մտածում էի` երբ եմ համերգներին նույն դեմքերին տեսնելու, հիմա աննկարագրելի զգացողություն եմ ապրում, երբ ճանաչում եմ մեր ունկնդիրներին: Նրանք միաժամանակ իրար այնքան նման ու տարբեր են` պատանիներից մինչեւ տարեց մարդիկ: Վաղուց երազում էի ունենալ իմ խումբը, հիմա կողքիս այնպիսի մարդիկ են, որ միմյանց հետ հաճույքով ենք աշխատում: Տարիներ առաջ հենց այսպես եմ պատկերացրել, որ մեկ հայացքից իրար կհասկանանք: Խմբի անունն էլ` “Allusion”, որը թարգմանաբար նշանակում է ակնարկ, համապատասխանում է մեզ:

Սրբուհի Սարգսյանը


Էներգիա տալու ու ստանալու մասին

Երգում եմ այն, ինչ սիրել եմ փոքրուց՝ փոփ, սոուլ, ջազ քավերներ: Արետա Ֆրանկլինի, Ուիթնի Հյուսթոնի, Էտա Ջեյմսի, Էլլա Ֆիցջերալդի երաժշտությունն ինձ համար շատ սիրելի է, բայց համերգներին կատարում եմ նաեւ ժամանակակից հիթեր: Մեր համերգների օրակարգը կազմվում է շաբաթներ ու ամիսներ առաջ. բավական ծանրաբեռնված ենք: Երգացանկը դասավորում եմ` ըստ տվյալ օրվա իմ տրամադրության, իսկ բեմում երգերի հերթականությունը փոփոխում ենք` ըստ ներկաների տրամադրության: Ձայնալարերը խնամելը հեշտ չէ, վոկալիստին չի կարելի շատ սառը եւ տաք ըմպելիքներ, սխալ երգեցողության ու շնչառության պատճառով կարող ես լուրջ խնդիրներ ունենալ: Երբեմն ասում են` ինչու ինձ չեմ խնայում, բայց հաճույքով եմ երգում, պատրաստ եմ չորս ժամից ավելի երգել, այդպես ես սպառվում եմ ու նոր էներգիա ստանում: Հույզերս արտահայտում եմ բեմից, հաճախ հարցնում են` ինչպես եմ առօրյայում հանգիստ, իսկ բեմում այդքան էներգիայով լի: Ես իսկապես կյանքում ու բեմում շատ տարբեր եմ. առօրյայում չեմ սիրում շպարվել, հանգիստ եմ ու խաղաղ, իսկ բեմում էներգիաս շատ է, բայց ներքուստ ես նույնն եմ, պարզապես ներքին աշխարհս բեմից ավելի ցայտուն ու արտահայտիչ է: Վայելում եմ այն պահը, երբ մարդիկ ուշադիր լսում են իմ կատարումները, ես էլ իմ էներգիան ուղղորդում եմ ու փոխանցում առավելագույնը:

Տիեզերական զգացողության մասին


Ակումբներում երգելիս ներկաների հետ կապը պետք է կարողանաս ստեղծել, որ խմելու, ուտելու, իրար հետ խոսելու փոխարեն քեզ լսեն: Մարդիկ միգուցե չգիտեն, որ ջազ լսելիս չի կարելի ծամել, բայց կարելի է խմել, այդ մշակույթը մեզ մոտ ձեւավորված չէ: Իհարկե, չես կարող ստիպել, որ չուտեն, բայց քո աշխատանքի միջոցով բեմից կարող ես հասկացնել, որ կարելի է շուտ ուտել, ավարտել ու համերգը դիտել: Բայց պետք է խոստովանեմ, որ մեծ բեմի էներգիան ուրիշ է. երբ մեծաքանակ հանդիսատեսի առջեւ եմ կանգնած, շատ էներգիա եմ ստանում, տիեզերական զգացողություն է:

Սրբուհի Սարգսյանը


Նախընտրում է լռել

Շատերն ինձ չեն ճանաչում, որովհետեւ բնույթով փակ մարդ եմ: Իմ ներաշխարհի մասին չեմ սիրում շատ պատմել. հեշտ կյանքով չեմ ապրել, ժամանակավոր ֆինանսական ու հոգեբանական դժվարություններ եմ ունեցել, ինչն ինձ օգնել է ավելի ուժեղ դառնալ: Միգուցե հետագայում կխոսեմ, ուղղակի չեմ ուզում խղճահարություն առաջացնել, որ կարեկցելով ինձ սիրեն, այլ նախընտրում եմ լռել: Օրինակ՝ մանկուց ուզում էի մկրտվել, անցյալ տարի վերջապես կատարվեց ցանկությունս, բայց ոչ մի խնջույք չեմ արել, միայն ընտանիքիս հետ կիսեցի ուրախությունս:

Չվնասելով ուրիշներին

Ես շատ նվիրվող եմ, բայց եթե մարդն ինձ համար փակված “էջ” է, երբեք չեմ բացում: Գուցե սխալ եմ, բայց հասկացել եմ, որ մարդիկ չեն փոխվում. դեպի վատը` կարող են, բայց դեպի լավը փոխվելն ուղղակի կեղծիք եմ համարում: Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր միշտ ժպտում են, դա էլ եմ կեղծիք համարում, ամենից վատն եմ սպասում կեղծ ժպտացողներից, իսկ “գժական” ու տարօրինակություններով մարդկանց ընդունում եմ իրենց անկեղծ տեսակի համար: Ես փորձում եմ ճիշտ ապրել` ուրիշներին չվնասել, չտրորել, իսկ շոու-բիզնեսում այլ կանոններ են… Հաճախ հասկանում եմ, որ իմ տեղը չէ, փորձում եմ հեռու մնալ, այդ պատճառով ստեղծեցի խումբ, որ շարունակեմ երգել ու ինքս եփվեմ դրա մեջ: Եթե անկեղծորեն չսիրեի երաժշտությունը, հաստատ հեռու կմնայի այս ոլորտից, բայց երաժշտությունն իմ մեջ է, ինքս ինձ չեմ կարող խաբել:

Սրբուհի Սարգսյանը


Ռաիսա Մկրտչյանի ուսանողուհիներից է

Կոնսերվատորիա ընդունվելն իմ ճիշտ որոշումներից է եղել. երաժիշտ ընկերներս ասում էին, որ չարժե, բայց չեմ ափսոսում: Դասախոսիս՝ Ռաիսա Մկրտչյանի շնորհիվ սովորել եմ ճիշտ կատարել էստրադային երգեր, նա այն դասախոսներից է, որ հաշվի է առնում ուսանողի անհատականությունը: Երեկոյան համերգներից հետո հեշտ չէ առավոտյան դասի գնալ, բայց փորձում եմ չբացակայել, նույնիսկ կոնսերվատորիայի դատարկ պատերն արդեն ինչ-որ բան տալիս են, էլ չեմ ասում դասերի մասին:

“X Factor”-ը՝ կյանքի նոր փուլ

Առաջին հաղթանակներիցս մեկը “X Factor” նախագծում երկրորդ հորիզոնական գրավելն էր: Իմ երաժշտական ճանապարհին իր մեծ ներդրումն ունի “վիտամինցի” Գարիկը. հենց նա ինձ առաջին ելույթից նկատեց ու ընդգրկեց իր թիմում, երբ ընդամենը 16 տարեկան աղջիկ էի եւ ուղղակի որոշել էի մասնակցել նախագծին: Իմ առաջին վոկալ-մրցույթն էր, ամեն ինչ կարեւոր էի համարում, այնքան շատ էի լարվում, որ մի անգամ ամբողջ գիշեր երգը պարապելուց հետո ոչինչ չէի հիշում, ձայնս էլ կտրվել էր, բայց ժյուրիի անդամները հասկացան հուզմունքիս պատճառը: Իմ հնարավորությունների սահմանում այդ տարիքում առավելագույնն էի անում, ամեն ելույթիս լրջորեն պատրաստվում էի, բայց սխալս այն էր, որ կասկածում էի իմ ուժերին. փոքր էի ու վստահորեն չէի պայքարում:

Արտասվելու փոխարեն՝ ուժերը հավաքել

Եզրափակչում կան կադրեր, երբ ես հուզված եմ, որովհետեւ մասնակցությունս շատ ծանր էի տանում, բայց երկրորդ տեղն ինձ հետագայում օգնեց ավելին անել: Ուրախ եմ, որ Վրեժ Կիրակոսյանը հաղթեց, մեր միջեւ մրցակցություն չի եղել ու չի լինի, որովհետեւ տարբեր ժանրերում ենք երգում: Այդ պահին տխրել էի, որ ինձ հավատացող մարդիկ չտեսան իմ հաղթանակը, բայց հետո գիտակցում էի, որ պետք է ինքնուրույն շարունակեմ իմ ընտրած ուղին, որովհետեւ չունեմ հարուստ ծնողներ, չունեմ “մեջք” ու հովանավորներ, ոչ ոք ինձ չի բերելու մեծ փողեր տա ու ասի՝  աղջիկ ջան, գնա քո գիժ նպատակներն իրականացրու: Ես ինձ ուժեղ եմ համարում, իսկ երբ նեղվում եմ, չեմ նստում ու լաց լինում, այլ ինքս ինձ հավաքում եմ ու որոշում հաջորդ անելիքներս:

Գարիկի հետ առաջին համատեղ մրցանակը


Միշտ շնորհակալ եմ ինձ հավատացող Գարիկին, նա “X Factor”-ից հետո ինձ ու մյուս մասնակիցներին ներգրավում էր տարբեր համերգներին, որ դադարի ընթացքում սթրես չտանենք ու չկոտրվենք: Նախորդ տարի նա առաջարկեց երգել իր հեղինակած ու գործիքավորած երգերից մեկը` “Boat”-ը, որն ընտրվեց որպես ռուսական “Лёгок на поми́не” ֆիլմի սաունդթրեքերից մեկը, վերջերս էլ “Ռադիո Վան”-ի մրցանակաբաշխությանը դարձավ հունիս ամսվա հաղթող երգ: Սա իմ առաջին մրցանակն էր, որը ոգեշնչեց, Գարիկն այդ արձանիկն ինձ տվեց, որը ճիշտ ժամանակին հայտնվեց մեր տանը:

Սրբուհի Սարգսյանը



Քանոնահար Սրբուհին՝ մրցույթների դափնեկիր


Երաժշտական դպրոցում հաճախել եմ ոչ միայն վոկալի դասերի, այլեւ 7 տարի սովորել եմ քանոն նվագել եւ մի քանի անգամ դարձել եմ միջազգային մրցույթների դափնեկիր: Առաջին հայացքից ինձ հետ կապ չունեցող գործիքն իմ ուսուցչի՝ Ծովինար Հովհաննիսյանի շնորհիվ առ այսօր սիրում եմ, իսկ նրան՝ պաշտում: Բացի այն, որ իմ հորաքույրն է, այլեւ ինձ համար կատարյալ մարդու տեսակ է՝ համեստ ու հզոր, որից շատ բան եմ քաղում ու սովորում: Հիմա կարոտում եմ այդ գործիքը, որովհետեւ իմ քանոնը որոշ պատճառներով վաճառեցինք: Կոնսերվատորայում մեկ-մեկ ուզում եմ քանոնահարուհիների ձեռքից վերցնել ու վերհիշել, չի բացառվում, որ մի օր բեմում ինքս կնվագեմ:

Հեքիաթներով չի ապրում

Երգի միջազգային մրցույթների դեռ չեմ մասնակցել, առաջարկները վերլուծելուց հետո հասկացել եմ, որ չարժե մասնակցության համար գումար ծախսել: Կմասնակցեի, եթե գումարի խնդիր չլիներ, բայց քանի որ ինքս եմ աշխատում, ամեն լուման ինձ համար կարեւոր է: Եթե մեկնեմ ու ծախսեմ, օրինակ, 5000 դոլար, ի՞նչ կտա այդ մրցույթն ինձ, բայց ես ավելի սառն եմ դատում, հեքիաթներով չեմ ապրում, իսկ մրցույթներում հաճախ արդար չեն դատում ու “կոտրում” են մասնակիցներին: Ապագայի համար շատ նպատակներ ու ցանկություններ ունեմ: Տեսահոլովակների մտքեր ունեմ, որոնցով արդեն կներկայանամ, բայց ծանոթութուն չունեմ, որ խնդրեմ՝ ինձ ցույց տան հեռուստաալիքներով, մի քանի երես էլ չունեմ, որ կեղծավորություն անեմ առաջ գնալու համար: Չգիտեմ` հանուն ինչ ժամանակավոր արժեքների համար են իրար տակ փորում, ատում ու բամբասում: Երեւի աշխարհը փոխվել է կամ էլ ես եմ նոր բացահայտել:):

“Allusion” բենդը հանդես է գալիս հետեւյալ կազմով՝


Վոկալ - Սրբուհի Սարգսյան
Կիթառ - Արթուր Մարգարյան
Բաս-կիթառ - Վահագն Ստեփանյան
Հարվածային գործիքներ - Գեւորգ Հարությունյան
Ստեղնաշարային գործիքներ - Արթուր Հովակիմյան


Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Դիմահարդարումը` Նունե Խաչատրյանի
Վարսահարդարումը` Քրիստաֆորի
Նկարահանումն իրականացվել է “Յանս” ակումբում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին