×


Վահագնի եւ Լուսինի` հաշտությունից հետո առաջին հարցազրույցն ու ֆոտոշարքը

Դերասաններ Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանը 2013 թվականի ապրիլին ընտանիք կազմեցին։ Թատերական ինստիտուտի համակուրսեցի- շրջանավարտների սիրո պատմությանը բազմիցս անդրադարձել ենք։ Դերասան-ամուսինների անձնական կյանքում նախորդ տարի բարդ շրջան էր. բաժանվել էին, բայց այս ամիս հայտնեցինք նրանց ընտանիքի վերամիավորման ուրախալի լուրը։

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանն` իրենց դստեր հետ


BRAVO.am-ն օրերս լուսանկարել է զույգին եւ նրանց առաջնեկին՝ 2,5 տարեկան Ռուզաննային։ Աղջնակն ակտիվ շփվում էր, ջրաներկով նկարում, հայրիկի համար ճաշ պատրաստում, մայրիկին բուժում, այնուհետեւ Վահագնի առաջարկով փորձեց սարդ-մարդու հանդերձանքը:): Իսկ ծնողները մեզ հետ զրույցում առաջին անգամ խոսել են իրենց հաշտության մասին։

Երեխայի ու բաժանման փուլի մասին

Վահագն. Մեր բաժանումը շատերի համար անսպասելի էր: Դրանից միայն ամիսներ անց ես հարցազրույցի ժամանակ անկեղծորեն ասացի, որ միասին չենք ապրում, ինչից հետո սկսեցին քննարկել։ Չեմ փոշմանել, որ բարձրաձայնել եմ. ինձ համար դա էական ոչինչ չփոխեց։ Հետո, երբ ես ու Լուսինեն քննարկեցինք ու հասկացանք, որ ուզում ենք միավորվել, այդ լուրը մեր մտերիմներին շատ ուրախացրեց։ Ինձ էլ ուրախացրեց, որ անծանոթները դրական մեկնաբանություններ են գրում, միայն լավ խոսքեր են ասում։

Լուսին. Նորից վերամիավորվելու արձագանքները տարբեր էին, մեր ծանոթների համար եւս անսպասելի էր, որովհետեւ բաժանումը գրեթե մեկ տարվա պատմություն ուներ։ Բայց, իհարկե, բարին կամեցողներն ուրախացան եւ ուզում են մեզ երջանիկ ու ամուր տեսնել։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Վահագն. Բաժանման առաջին ամսում, երբ գնում էի Լուսինենց տուն, աղջիկս լացում էր, չէր ուզում ինձ հետ տնից դուրս գալ։ Փորձում էի համոզել, որ լավ տեղ ենք գնում, աստիճանաբար վերաբերմունքը փոխվեց, միասին ինչ-որ տեղ էինք գնում, շփվում ու  խաղում։ Ինձ հարցեր չէր տալիս, բայց երբեմն ասում էր՝ մամային էլ մեզ հետ տանենք։

Լուսին. Երբ կրկին սկսեցինք մեկ հարկի տակ ապրել, Ռուզիկը մի քանի օր չէր կարողանում իրավիճակը հասկանալ, բայց հիմա շատ ուրախ է։

Վահագն. Հիմա տրամադրությունը լավ է, բայց կամակորությունները շատացել են։ Շուտով մանկապարտեզ կտանենք:

Հարաբերությունների վերականգման մասին

Վահագն. Ընտանիք ստեղծելով` հասկանում էի, որ պիտի կարողանամ ֆինանսապես ապահովել։ Տարբեր աշխատանքներ եմ կատարել, գործից ու դժվարություններից չեմ խուսափել։ Ծաղկի վաճառքի կետ էի բացել, բացի ձեւավորումից, բոլոր հարցերով ես էի զբաղվում։ Վաղ առավոտյան կամ գիշերը գնում էի շուկա, ընտրում էի ծաղիկները, ես էլ վաճառում էի, պատահում էր` իմ մեքենայով առաքում էի։ Խորասուզվել էի այդ գործի մեջ. ինչով զբաղվում եմ, շատ, թե քիչ, բայց սիրում եմ։ Հոկտեմբերի 1-ից աշխատում եմ որպես բուքմեյքեր, գիշերն աշխատանքի վայրում եմ, ցերեկն էլ սերիալի նկարահանումներին, քիչ եմ քնում, բայց ծաղկի բիզնեսի լարվածությունից հետո հիմա գրաֆիկս թեթեւ է։ Առաջ հազիվ կարողանում էի 3-4 ժամ քնել, պատասխանատվությունն ինձ վրա էր, ահավոր նյարդային էի դարձել։ Հնարավոր է, դա էլ բաժանման պատճառներից մեկն էր, բայց հիմնական ու գլխավոր պատճառը չէր։ Ուղղակի հարաբերությունների այն փուլում էինք, որ ոչ ես էի իրեն հասկանում, ոչ նա` ինձ։ Գիտեք, հիմա որոշ բաներ կոտրված են, բայց երեւույթներ էլ կան, որ մեր հարաբերություններում նոր են, նախկինում չեն եղել։ Մենք նոր ձեւով ու նորի հույսով կրկին միասին ենք։ Նորովի մոտեցմամբ՝  հուսով ենք, որ ամեն բան կստացվի։

Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի դուստրը

Լուսին Վարդանյանը` դստեր հետ


Լուսին. Հիմա կենսակերպս ու աշխարհայացքս ընտանեկան հարցերում շատ է փոխվել։ Երբ կյանքումդ շրջադարձային փոփոխություն է լինում, ավելի իրատես ես դառնում. շատ եթերային, ռոմանտիկ պատկերացումներ կոտրվում են, բայց փոխարենն անում ես ավելի հասուն ու գիտակցված քայլեր, ինչն էլ կարող է դառնալ ավելի ամուր կյանքի հիմք։

Վահագն. Բաժանման ժամանակ ես հասկացա, որ չեմ սիրում լուրջ լինել, որովհետեւ վախեցել եմ լուրջ երեւալուց։ Հիմա ուրիշ կերպ եմ մտածում։ Երեխայի գործոնը մեծ էր, որ վերանայենք մեր հարաբերությունները, նրա շնորհիվ երկուսս էլ լուրջ մտածեցինք այդ մասին։ Բայց միանալու առիթը միայն երեխան չէր, քանի որ երեխան պիտի մեծանա սիրով լի ընտանիքում, իսկ մենք սիրում ենք իրար։

Վահագն. Ռուզիկն ավելի շատ կապված է Լուսինեի հետ, մայր ու աղջիկ իրար լավ հասկանում են, վիճում, հաշտվում են ու իրար պաչում:)։ Իսկ երբ ինձնից նեղանում է, պիտի տանեմ խանութ, մի կոնֆետ կա, որին ասում ենք՝ «վատ կակա», պիտի գնեմ, որ հաշտվենք։ Անկեղծ ասած` ես դաստիարակության հարցում դժվարանում եմ, որովհետեւ քույր չեմ ունեցել, եւ անսովոր են աղջկական կամակորությունները։ Բայց ես էլ փոքր ժամանակ չարաճճի եմ եղել, հիշում եմ, որ ինձ էլ շատ բաներ արգելում էին, ու չէի սիրում այդ «չի կարելիները»։

Լուսին. Ռուզիկն իր հորինած ընկերուհին ունի, որին անվանում է Դեւինե, եւ երեւակայական Սոնա տատին, որին ոչ մեկս չենք ճանաչում։

Վահագն. Հեռախոսով զանգում է Դեւինեին ու երկար խոսում։ Ինձ համար ամենազվարճալին այն պահն է, որ մինչեւ ընկերուհին կվերցնի հեռախոսը, ինքը մի քանի վայրկյան սպասում է, հետո լուրջ դեմքով զրուցում։

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց դստեր հետ


Երկրորդ անգամ ծնողներ դառնալու մասին

Լուսին. Ընտանիքի համալրումը պիտի գիտակցված լինի, բացի Աստծո կամքից, պետք է հասկանալ` արդյոք պահն է երկրորդ, երրորդ կամ չորրորդ երեխայի։ Ավելի լավ է ունենալ երկու երեխա եւ ապահովել բարեկեցիկ կյանքով, որ ուրախ մանկություն ունենան։ Ես երեխա շատ եմ սիրում, կցանկանամ գոնե 3 բալիկ ունենալ։ Բայց առայժմ մեր ընտանիքում համալրում չի սպասվում։ Աստված առաջ։

Վահագն. Աղջիկս դեռ չի ասում, որ քույրիկ կամ եղբայր է ուզում, բայց մենք կցանկանանք նորից ծնողներ դառնալ։

Լուսին. Իհարկե, բաժանումը վատ է, բայց եթե մարդ կարողանում է այդ ընթացքում գնահատել իր ունեցածն ու արժեւորել, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ։ Նորաստեղծ ընտանիքներին խորհուրդ կտամ իրար սիրել, հարգել, համբերատար լինել, բայց չափի մեջ, որովհետեւ կյանքը կարճ է, ապրել է պետք։ Եթե երիտասարդները խելացի ու ձգտումներով առաջ շարժվեն, շատ համբերելու կարիք էլ չի լինի։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Yes! Republic» մանկական ակումբում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW