Մոդելավորողներ Վահան Խաչատրյանի եւ Դիանա Շատվերյանի միջեւ առցանց կոնֆլիկտ է ծագել: Երեկ Վահանն իր “ֆեյսբուքյան” էջում հրապարակել էր լուսանկար, որում ներկայացված է իր եւ Դիանայի հեղինակած երկու զգեստ, իսկ կից գրել էր.“Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով եւ առանց վատ զգալու հրապարակել համացանցում: Ամո՛թ է”:
Վահան Խաչատրյանը
Վահանը գրառումը հեռացրել է իր էջից, ինչից հետո BRAVO.am-ի հետ զրույցում պարզաբանել, որ այդպես է վարվել, քանի որ զգեստը կրած աղջկան նախապես չէր տեղեկացրել լուսանկարը հրապարակելու մասին եւ վերջինիս խնդրանքով է հանել: Մեր հարցին, թե նախապես իր ատելյե են եկել զգեստը պատվիրելու, թե` ոչ, նա պատասխանել է.“Ես չեմ ուզում այդ աղջկա մասին խոսել, այստեղ հարցը Դիանայի արարքն է: Ես դեմ չեմ, որ հաճախորդը դերձակին պատվիրի հայտնի բրենդի զգեստից կարել, իսկ դերձակի եւ դիզայների տարբերությունն այն է, որ դիզայները պետք է գոնե այնքան քթածակ ունենա, որ զգեստը որոշ փոփոխություններով պատրաստի, որ ե՛ւ պատվիրատուն չնեղանա, ե՛ւ չկրկնօրինակի, այսինքն՝ ոգեշնչվի, ոչ թե նույնությամբ, բայց վատ որակի կարի”:
Վահան Խաչատրյանի հրապարակած լուսանկարը
Դիանա Շատվերյանի հետ եւս փորձեցինք կապ հաստատել, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին: Դիզայներն իր “ֆեյսբուքյան” էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը, որը դիզայներ Զուհայր Մուրադի (Zuhair Murad) հավաքածուից է.“Կարո՞ղ եք գուշակել, թե ում հեղինակած զգեստն է լուսանկարում: Առաջ անցնելով` նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորող, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի հեղինակային աշխատանքն է”:
Դիանա Շատվերյանի հրապարակած լուսանկարը
Վահան Խաչատրյանը լուսանկարը հեռացնելուց հետո էլ այն կարծիքին է, որ Դիանան հենց իր զգեստն է կրկնօրինակել.“Նման լինելը մի հարց է, իսկ ամբողջովին կրկնօրինակելն` այլ. այս երկու հասկացությունը պետք չէ շփոթել: Իմ 15 տարվա փորձն ու կրթությունն ինձ թույլ են տալիս բարձրաձայնել այս մասին: Ինձ էլ հաճախ մեղադրում են, որ կրկնօրինակում եմ. ամեն մարդ իրավունք ունի կարծիք հայտնել, բայց ես նույնությամբ չեմ կրկնօրինակում: Այս զգեստների պարագայում կրկնօրինակումն ակնհայտ էր, ընդամենը կարելի էր սխալն ընդունել ու այսքան աղմուկ չբարձրացնել”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Դիանա Շատվերյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: