×


Վահան Արծրունու կոմիտասյան երաժշտությունը` «Ֆրեսկո» փառատոնի յուրօրինակ բեմահարթակում

Արդեն մի քանի օր է` Երեւանի Սբ. Աննա եւ Սբ. կաթողիկե եկեղեցիների տարածքը վերածվել է յուրօրինակ մի բեմահարթակի, որտեղ հանդես են գալիս տարբեր երգչախմբեր ու պարային խմբեր: Առիթը «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնն է, որն այս տարի անցկացվում է օգոստոսի 23-ից 30-ը: Այս ընթացքում կազմակերպվում են ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ, այլեւ հանդիպում-քննարկումներ, ցուցահանդեսներ եւ, իհարկե, համերգային ծրագրեր: BRAVO.am-ը երեկ ներկա է եղել կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունու համերգին, որի շրջանակում նվագախմբի ուղեկցությամբ հնչում էր «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը:


Հեղինակ-կատարողի խոսքով՝ քանի որ այս տարի լրանում է Կոմիտասի 150-ամյակը, այդ առիթով հասցրել են արդեն ութ համերգ ունենալ՝ ներկայացնելով «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը: Մեզ հետ զրույցում Վահան Արծրունին նշեց, որ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված այդ շարքն ինքը վաղուց է հեղինակել եւ հասցրել է բազմիցս ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրոպայի ու Միջին Արեւելքի երկրներում: Օգոստոսի 27-ին էլ երաժիշտն առիթ ունեցավ եւս մեկ անգամ հանդես գալ կոմիտասյան շարքով՝ նշանավորելով «Ֆրեսկո» փառատոնի համերգաշրջանի փակումը:

Վահան Արծրունին


«Ինձ համար արդեն բարի ավանդույթ է դարձել «Ֆրեսկո» փառատոնի հետ համագործակցությունը: Երկու տարի առաջ էլ բեմը կառուցվել էր Կարապի լճի տարածքում, այսինքն՝  կրկին հանրային վայրում, որտեղ նման համերգներով հանդես գալը լրիվ այլ բովանդակություն ու տրամադրություն ունի: Իսկ այս տարվա համերգաշարը սկսեցինք ես, Արտո Թունջբոյաջյանը եւ Վահագն Հայրապետյանը: Հաջորդող օրերին էլ ելույթ ունեցան Թումոյի «ԹմբաԹա» նվագախումբը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խումբը եւ «Լապտերներ» մանկական երաժշտական խումբը։ Իսկ այսօր ինձ հետ բեմում հանդես կգան Էկա Հորստկան (վոկալ), «In Rock Quintet»-ը, փողային նվագախումբը, «Շողակաթ» մանկական երգչախումբը եւ մեր հատուկ հյուրը՝ դուդուկահար Արտակ Ասատրյանը»,- համերգից առաջ մեր զրույցում ասաց երաժիշտը:


Վահան Արծրունին կարեւորեց նաեւ վայրի ընտրությունը եւ մշակութային նշանակությունը՝ որպես սրբազան ու մաքուր տարածք Կոմիտասի երաժշտությունը հնչեցնելու համար.«Նման խորհրդանշական վայրերը թելադրում են որոշակի տրամադրություն, աուրա, ինչպես, օրինակ, Ազգային գրադարանը, Մատենադարանը, որոնց տարածքներում նույնպես հասցրել ենք այս երգաշարով ներկայանալ: Ես միշտ ձգտել եմ մաքուր տարածքներում ներկայացնել իմ երաժշտությունը, իսկ ավելի մաքուր ու սրբազան վայր, քան Սուրբ Աննա եւ Սուրբ կաթողիկե եկեղեցիների տարածքն է, դժվար է պատկերացնել»,- նկատեց նա:


Իսկ այն տրամադրությունն ու էներգետիկ դաշտը, որի մասին խոսում էր Վահան Արծրունին, տեսնել ու զգալ հնարավոր էր միայն համերգին ներկա գտնվելով: Աթոռները, որոնք նախատեսված էին հանդիսատեսի համար, համերգից առաջ արդեն ամբողջությամբ զբաղված էին, իսկ միջոցառման սկսվելուն պես շատերը որոշեցին կանգնած հետեւել համերգի ընթացքին, միայն թե բաց չթողնեն Աբովյան փողոցի այդ գողտրիկ վայրում կոմիտասյան երաժշտություն լսելու հնարավորությունը: Դե, իսկ Վահան Արծրունին խոստացավ, որ մինչեւ տարվա վերջ դեռ էլի հանդես կգան «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքով, եւ նույնիսկ արդեն հայտնի է հաջորդ համերգի օրը՝ սեպտեմբերի 7-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում. «Կարծում եմ՝ մեր երկիրը լի է մաքուր տարածքներով, եւ ես պարտադիր բոլոր այդ վայրերում կհնչեցնեմ կոմիտասյան այս շարքը:)»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport