×


Վահրամ Սահակյանի նոր գիրքը հավակնում է բեսթսելլեր դառնալ

«Մերկապարանոց հանդիմանություններով եւ ողբաձայն հառաչանքներով պարուրված վեպ՝ ուղղված անբռնազբոս եւ ապիկար, ապականությամբ վաճառված եւ անքավելի մեղքերի տակ կքած բոլոր ժամանակակից իդիոտներին, քանզի կյանքն է նրանց դժնդակ, եւ վիճակը՝ անճողոպրելի»՝ այսպիսի տողերով է սկսվում գրող, թատերագիր եւ դերասան Վահրամ Սահակյանի նոր ստեղծագործությունը՝ «Ատյան ողբերգությանը»: Նրա նոր գիրքը, ինչպես ինքն է բնորոշում, նվիրվում է հայ արվեստի եւ մշակույթի հիշատակին:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին


Սակայն ամեն ինչ այդքան էլ տխուր ու հուսահատեցնող չէ. գիրքը «28+» է: Սա, իհարկե, հեղինակի կատակներից մեկն է, ինչպես եւ կատակ էր այն գրությունը, որ մարտի 18-ին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ դրված էր վաճառվող գրքերի կողքին՝ «Նվիրատվության համար»: Վահրամ Սահակյանին լավ ճանաչողները միանգամից կհասկանային, որ գրքի վաճառքից ստացված հասույթն ամենեւին էլ չի փոխանցվելու որեւէ բարեգործության. սա միայն ծաղր է՝ ուղղված ժամանակակից շնորհանդեսներին ու միջոցառումներին: Իսկ «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսը միանգամայն տարբերվում էր իր ձեւաչափով, ասելիքով ու ընթացքով:

Միջոցառման մեկնարկին դեռ ժամանակ կար, բայց հեղինակը՝ գրիչը ձեռքին, արդեն սպասում էր իր հյուրերին, որպեսզի անձամբ մակագրեր գրքերը: Շուտով վաճառվող գրքերի սեղանի շուրջ իսկական հերթ կուտակվեց: Մարդիկ շտապում էին գնել գիրքը, լուսանկարվել հեղինակի հետ ու ստանալ նրա մակագրությունը: Նույնիսկ մեկուկես ժամ անց հյուրերի շարքերը դեռ չէին նոսրացել, այդ պատճառով էլ մեզ դժվարությամբ հաջողվեց մի քանի րոպե զրուցել Վահրամ Սահակյանի հետ:

Վահրամ Սահակյանը


BRAVO.am-ի հետ զրույցում նա անկեղծացավ, որ իր կարծիքով` սա Հայաստանի Հանրապետության ամենաժամանակակից գիրքն է, եւ կարեւոր ու օգտակար կլինի հատկապես երիտասարդության համար: Միաժամանակ ընդգծեց` թող մեծամիտ չհնչի, կամ էլ թող հնչի.«Ճիշտ է՝ գրքում ես ոչինչ չեմ քարոզում, բայց համենայն դեպս, այնտեղ կան բազմաթիվ երկխոսություններ, թատերական գործող շատ անձինք, կարելի է ասել` այն թատրոն-գիրք է, որից պարզ է դառնում` ոչ մեկին պետք չէ հավատալ, նույնիսկ ամենամոտ մարդկանց»:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին


Վահրամ Սահակյանը տեղեկացրեց, որ շուտով գրքի հիման վրա նաեւ թատերական ներկայացում է բեմադրվելու, եւ խաղալու է անձամբ ինքը.«Գուցե սեպտեմբերին կամ ավելի շուտ սա կդառնա ներկայացում: Ինքս կխաղամ այն. ոչ մեկին չեմ վստահում ոչ մի դեր, ոչ մի ռեժիսորի չեմ վստահում: Համոզված եմ` ներկայացումն ավելի օգտակար է լինելու՝ մանավանդ երիտասարդության համար: Գաղափարական առումով ոչինչ չեմ ուզում ասել, որովհետեւ գրքում այնքան նկարագրություններ կան, պատմական իրողություններ` ժամանակակից կյանքի տեսանկյունից, ժամանակակից մարդու հայացքով, որ կարծում եմ` բոլորին հետաքրքիր կլինի: Ուրախությամբ կլսեմ մյուսների կարծիքները եւս»,- նշեց հեղինակը:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին


Շնորհանդեսի երեկոն ընթանում էր իր հունով` մեկ գավաթ գինու հյուրասիրությամբ, երբ գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը որոշեց հանդես գալ խոսքով եւ ելույթի հնարավորություն տալ նաեւ գործընկերոջը` գրքի հեղինակին: Նա նկատեց, որ Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգությանը» հագեցած է դրամատիզմով ու դրամատուրգիական կառույցներով, եւ հեղինակը, որ անընդհատ հանդիպումներ է ունենում հանրության տարբեր շերտեր ներկայացնող մարդկանց հետ, կենդանի, առողջ ու հետաքրքիր զրույցներ է ստեղծում, թեեւ երբեմն ծաղրը, սարկազմը բարձր աստիճանի են հասնում:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» գրքի շնորհանդեսին


Վահրամ Սահակյանն էլ իր խոսքի սկզբում նախ արձագանքեց ներկաների ծափահարություններին` ասելով, որ երբեք չի ձգտել դրանց, թեեւ ամբոխահաճո լինելը հիմա այնքան մոդայիկ է, որ երբեմն կարելի է ամաչել այդպիսին չլինելուց: Այնուհետեւ իրեն բնորոշ հումորով ու բարկությամբ անդրադարձավ այն թեմաներին, որոնք տեղ են գտել գրքում: Սակայն միաժամանակ նշեց, որ չի ցանկանում խոսել բովանդակությունից, քանի որ գրքում դա տարբեր կերպարների միջոցով է արվում:

Եթե չեք հասցրել ներկա գտնվել գրքի շնորհանդեսին, ապա տեղեկացնենք, որ այն արդեն վաճառվում է քաղաքի տարբեր գրախանութներում: Միայն թե հիշեք, ինչպես հեղինակն է նշում, «այս գրքի ընթերցումն անվտանգ չէ առողջության համար եւ առաջացնում է կախվածություն»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport