×


Վանիլային կամ «մարդավարի» սեքս… մռռ՜

Վանիլային երկինք կամ պաղպաղակ լսել էի, բայց վանիլային սե՞քս: Պարզվում է, որ սա կայացած տերմին ու էրոտիկ մշակույթի տեսակ է: Պարզվում է նաեւ, որ սեքս-գուրուներն այս սեքսը նորին մեծություն BDSM-ի ինվերսիան են համարում: Իսկ սովորական մահկանացուները համացանցային տարբեր ֆորումներում բաժանվում են 2 խմբի. ըստ առաջինների՝ սա քաղցրը, նուրբն ու ամենալավն է, ըստ երկրորդների՝ ձանձրալի ու կանխագուշակելի:

Եվ այսպես, սահմանենք` վանիլային սեքսը որոշակի մշակույթի շրջանակում զույգի նորմալ սեքսուալ վարքն է՝ «մարդավարի» սեքսը: Կամ այլ կերպ էլ կարելի է ձեւակերպել` սա սեքսի այն տեսակն է, որտեղ բացակայում են BDSM-ը, ֆետիշը եւ այլ հատուկ էֆեկտները:

*Նորմալ, սովորական, մարդավարի... առաջին հայացքից կանաչ հորա՞նջ է հիշեցնում: Բա այդ դեպքում ինչո՞ւ են այն կատարյալ համարում: Վանիլային սեքսը, ոչ թե սեքսով, այլ սիրով զբաղվելն է: Սեքս նրբագույն սիրո, այլ ոչ թե պատեպատ տվող կրքի զուգակցմամբ, երբ մաշկային շփումից ու լեզվի հպումներից գետինը վազում է ոտքերի տակից, երբ նույնիսկ օրալ գործողություններն ամենաշքեղ հաբույրի են նման: Այստեղ ամեն ֆրիկցիան հավասարազոր է մի ինքնուրույն դիրքի, ու այստեղ հույզերն այնքան չկեղծված են, որ ոչ մի դերային խաղ դրանց չի հասնում: Դե, մի խոսքով, այս ողջ ներդաշնակության մեջ տեղ չունեն մտրակները, դիմակներն ու ստրապոնները:

*Այն, ինչ հիմա կասեմ, լավ կպատկերացնեն հին զույգերը: Հանդիպում են, հասկանում, որ ամեն ինչ լուրջ է, զբաղվում են միմիայն սիրով: Տարիներ անց կան լուրջ հարաբերություններ, կա ամուսնության վկայական, կա սեքս, բայց չկա վանիլ: Ինչո՞ւ: Որովհետեւ ամենասկզբում սերն ու սեքսն ուտում են մեր ուղեղը մինչեւ գերհագեցում, իսկ հետո սեքսը սկսում է տեղավորվել տուն, երեխա, կենցաղ, աշխատանք, կոմունալ ծախսեր ձեւաչափերի արանքներում մի տեղ: Հին զույգերը փորձում են փոթորկալից սեքսը վերակենդանացնել՝ գլխապտույտ առաջացնող ներքնազգեստ, մոմեր ու վարդի թերթեր, սեքս-խաղալիքներ՝ միմյանց ապացուցելով, որ վառոդը դեռ տաք է: Իսկ շնչահեղձող ու գգվանքներով վանիլին այդպես էլ չեն մոտենում:

Վանիլային սեքսը գալիս է շատ պատահաբար. օրվա ավարտին ուժասպառ նստել բազմոցին, խոսել գործերից, վաղվա պլաններից, որոշել ֆիլմ դիտել, հենվել միմյանց, պարանոցը հոտոտել, թեւը շոյել, մոռանալ միացված ֆիլմը, երկա՜ր համբուրվել, չզգալ, թե ինչպես համբուրվելը սեքսի վերածվեց, չհաշվել, թե քանի դիրք փորձարկվեց, չֆիքսել, թե ով ինչ էր հագել ու ինչ տեսք ուներ, ընկղմվել վանիլի մեջ: Որքան պարզ է այս ամենն ու, միաժամանակ, որքան բարդ բռնեցնելը:

*Հստակ եզրահանգումներ անենք: Վանիլային կանոններն են՝ փոխադարձ զգացմունքներ, տեսողական կապ, համբույրներ, երկար փեթինգ, նրբագույն բառեր, անկողին:

Վանիլային տաբուներն են՝ ստիպողական սեքս, սեքսի տեսագրում, դերային խաղեր, սեքս-խաղալիքներ, պոռնոդիտում, երրորդ անձի ներկայություն կամ մասնակցություն:

*4 հարց վանիլային սեքսի մասին.

Ինչո՞ւ է այն այդպես անվանվում: Անգլիացիները վանիլայինն օգտագործում են «սպիտակ, պարզ, բնական» իմաստներով: Ամերիկացիները վանիլային են անվանում առանց հավելումների պարզ պաղպաղակը: Եվ ի վերջո, նրանք երկուսն էլ վանիլային են անվանում պարզ, սովորական սեքսն առանց աքսեսուարների ու այլասերությունների:

Հնարավո՞ր է միանվագ վանիլային սեքս: Ոչ, իհարկե ոչ: Միանվագ սեքսը ենթադրում է ադրենալին, արկած, ինտրիգ, իսկ վանիլը` սեր, խոր էմոցիաներ ու ջերմություն:

Իսկ օրա՞լ սեքսը: Դեե… սիրով զբաղվելը տեսողական կապով միսիոներական դիրք է ենթադրում, բայց, ինչպես ասում են, որքան վեհ է սերը, այնքան ներքեւ են սահում համբույրները: Կարծում եմ` 69-ն է կատարյալ այս դեպքում: Իսկ սիրո գեղեցիկ խոսքերն օրգազմի տեղատարափից հետո էլ կարելի է արտաբերել: 

Ինչպե՞ս վանիլային սեքս առաջարկել զուգընկերոջը: Առաջարկել պետք չէ: Պետք է անել՝ կիրառելով վերը նկարագրված գործողություններն ու գաղափարախոսությունը: Առհասարակ, կամայական սեքսի առաջարկ փակում է սեքսով զբաղվելու ախորժակը, ուր մնաց` վանիլայինի դեպքում:

Վանիլային սեքսի ամենավառ կադրերը մատուցված են «Գայթակղություն» ֆիլմում՝ Բանդերասի ու Ջոլիի գեղեցիկ կատարմամբ: Դիտեք ու դուք էլ գայթակղվեք: Անխտիր բոլորին ցանկանում եմ կյանքում գոնե մեկ անգամ… ոչ, ավելի լավ է բազում անգամներ վանիլային սեքս վայելել. ոչ մի էքստրիմ չի կարող դրա հետ ոտք գցել:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW