×


Վարդան Հովսեփյան. «Մարդ սպանելը հեշտ չէ»

Նոյեմբերի 9-ից ATV-ի եթերում կցուցադրվի նոր սերիալ` «Վերջին հայրիկը», որի սցենարիստը Անահիտ Մխիթարյանն է, ռեժիսորը` Արթուր Դավթյանը, իսկ գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է Վարդան Հովսեփյանը: Նոր կերպարի մասին դերասանը պատմել է BRAVO.am-ին:

Վարդան Հովսեփյանը


Մեկ տարի սերիալներում չխաղալու ընթացքում Վարդանը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմերում, նշում է` սերիալային նոր դերը շատ է հավանել. «Չեմ կարող ստել ու ասել, որ այս ընթացքում սերիալային այլ առաջարկներ էլ եմ ունեցել, սակայն չեմ ընդունել: Նոր սերիալի հիմքում պապ- տղա-թոռ փոխհարաբերություններն են»:

Դերասանը մարմնավորում է Գուժ Մանուկյանի դերակատարի որդուն` Դավթին. «Շատ հաճելի է խաղալ վարպետի հետ: Խաղընկեր ասվածը զգում եմ ամեն նկարահանումից հետո»:

Շուտով ATV-ի եթերում կցուցադրվի «Վերջին հայրիկը» սերիալը


Խոսելով իր կերպարի մասին` Վարդանն ասել է, թե Դավիթ Արշակյանը 12 տարվա ազատազրկումից հետո վերադառնում է տուն եւ փորձում հարմարվել կյանքին.«Նա նույնիսկ փողոցներն է մոռացել եւ խնդրում է որդուն ցույց տալ դրանք: Գուցե նմանություններ լինեն կերպարիս ու իմ միջեւ, բայց կարծում եմ` մարդ սպանելը հեշտ չէ, ուրիշ տեսակ պետք է ունենաս դրա համար: Մարդ եթե ծայրահեղ քայլերի է գնում, ուրեմն նրա միջի գազանն արթնացել է: Նմանություններ չեմ փնտրում. ես Վարդանն եմ, ով մարմնավորում է Դավթին»:

Դերասանի խաղը նաեւ հոգեբանական լուծումներ է պահանջում.«Նա փորձում է շփվել որդու հետ, հասկանալ նրան եւ լուծել որեւէ խնդիր, որոնք սկսում են հաջորդել  մեկը մյուսին: Դավիթը փորձում է փրկություն գտնել խմիչքի մեջ, բայց հասկանում է, որ դա միայն կործանման է տանում»,-պատմել է նա:

Վարդան Հովսեփյանը` «Վերջին հայրիկը» սերիալի նկարահանումներին


Վարդանի խոսքով` սերիալային աշխատանքին եւս պետք է լուրջ վերաբերվել. «Կարծում եմ` ոչ ոք չպետք է ասի, որ սերիալում է նկարահանվում ու դրան մատների արանքով է նայում: Ես այդպես չեմ վարվում, այլապես կստացվի, որ ինձ չեմ հարգում: Եթե մարդ սիրում է իր մասնագիտությունը, ապա պետք է փորձի հնարավորինս լավ անել իր աշխատանքը: Շատ եմ ուրախանում, երբ ինձ փողոցում շնորհակալություն են հայտնում: Մենք էլ պետք է նրանց շնորհակալ լինենք, քանի որ, եթե սերիալային հասարակությունը չլինի, սերիալ չի նկարահանվի, մենք էլ աշխատանք չենք ունենա` ամենօրյա աշխատանք»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` դերասանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW