“Վերածնունդ”. այս խորագիրն է կրում այսօր Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կգործի մինչեւ մարտի 3-ը` արվեստասերին ներկայացնելով 8 երկրից ավելի քան 60 նկարչի 150 նկար, որոնց ստեղծվել են “Հայկական ներկապնակ” ծրագրի շրջանակում:
"Վերածնունդ" խորագրով ցուցահանդեսին ներկայացված կտավներից
Ցուցահանդեսին մասնակցող նկարիչները վերջին 5 տարվա ընթացքում եղել են Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, եւ պատահական չէ, որ բազմազան են թեմատիկ նախընտրությունները, որ նրանք ունեցել են ստեղծագործելիս` hին ու նոր քաղաքային միջավայր, բնության գողտրիկ անկյուններ, հայկական եկեղեցիներ, մարդկանց ինքնատիպ կերպարներ:
“Ավելի հաճախ նկարների որոնումների ստացած արդյունքը` վրձնած կտավների տեսքով, անսպասելի են եղել,-պատմում է “Հայկական ներկապնակ” ծրագրի ղեկավար, “Լոռվա ձոր” հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- զարմանալիորեն արվեստագետները հասկացել են տարածաշրջանները, եղած ավանդույթները, այնտեղ ապրած մարդկանց եւ այդ ամենը տեղափոխել ստեղծագործական հարթակ` կոնկրետ բնութագրական ստեղծագործությունների տեսքով: Կերպարային լուծումներին ավելի շատ դիմել են տարբեր երկրներից, առանձնապես Ռուսաստանից եկած արվեստագետները, քանի որ նրանց հետաքրքրել են վերածնված երկրի մարդիկ”:
"Վերածնունդ" խորագրով ցուցահանդեսին ներկայացված կտավներից
“Թերեւս ե՛ւ արվեստագետները, ե՛ւ արվեստասերները այս ցուցադրությանն են եկել առանձնակի սպասումով, քանի որ խորագիրն իսկ “Վերածնունդ” եւ ցուցահանդեսի առիթը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, պարտավորեցնող են,-մեր զրույցը շարունակում է “Փյունիկ” հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանը,- մի կողմից ասելիք ունեցող արվեստագետը ուզում է արվեստասերին ներկայանալ ավելի ամբողջական, իսկ արվեստասերն էլ, ով տեսել է առանձին նկարներ, ցանկություն ունի ընկալել ասելիքի խորությունը` տպավորիչ գույների եւ նրբերանգների միջոցով: Չէ՞ որ այստեղ ոչ միայն հայ նկարիչներն են, այլեւ օտարները, ովքեր կարճ ժամանակամիջոցում փորձել են ճանաչել, հասկանալ ու արվեստասերին փոխանցել իսկապես վերածնված, ոտքի կանգնած մի ժողովրդի ու նրա երկիրը` Հայաստանը”:
“Հայկական ներկապնակ” պլեներային (բացօթյա) գեղանկարչության միջազգային ծրագիրն իր գոյության 5 տարվա ընթացքում կազմակերպել է 25 փառատոն եւ ցուցահանդես, որոնցից 5-ը` միջազգային: Սկիզբն 2011 թվականին էր, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը, “Փյունիկ” հիմնադրամը եւ “Լոռվա ձոր” հայրենակցական միությունը կազմակերպեցին “Արվեստանոց անիվների վրա” բացօթյա գեղանկարչության առաջին միջազգային փառատոնը Լոռու մարզում եւ Արցախում` հայ եւ օտարերկրյա 25 գեղանկարչի մասնակցությամբ: Ստեղծվեց ավելի քան 400 գեղանկար:
"Վերածնունդ" խորագրով ցուցահանդեսին ներկայացված կտավներից
Նախորդ տարիների ընթացքում “Հայկական ներկապնակ” ծրագրի շրջանակում արվեստագետները ստեղծագործել են Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Արարատյան դաշտում, նաեւ Երեւանում` Ազատության հրապարակում, ուր ընդամենը մեկ օրվա ընթացքում ծնվեցին չորս մեծածավալ հորինվածքներ, որոնցում ամփոփ պատկերված է Հայաստանը` իր տարեգրությամբ եւ ապագայի տեսլականներով:
Փառատոնի մասնակիցները ամեն փառատոնի ավարտին ստեղծել են հավաքական նկարներ: Ավելի քան 30 նկարչի համատեղ վրձնահարվածներով ստեղծվեցին “Հայաստան աշխարհ”, “Արցախյան համանվագ”, “Քրիստոնյա Հայաստան” եւ “Հնամենի Երեւան” 2x3 մետր չափեր ունեցող կտավները:
“Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս ցուցադրությունում կներկայացնենք բազմաթիվ գեղանկարներ, որոնցում արվեստասերը կտեսնի մեր վերածնված հայրենիքի գրեթե բոլոր գույները եւ երանգները, որոնք ծնունդ են առել “Հայկական ներկապնակ”-ի տարբեր փառատոների ժամանակ”,- ասում է Սերգո Երիցյանը:
Տեքստը` Կարինե Տիտանյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: