Սուսաննա Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը, Անահիտ Շահբազյանը, Սրբուհի Սարգսյանը, Կիմ Գրիգորյանը եւ Նարե Գեւորգյանը միասին մասնակցում են նոր համերգային ծրագրի: Երգիչները կատարում են անգլալեզու հայտնի հիթեր, որոնք ուղեկցվում են “Պարիր, թե կարող ես” նախագծի պարողների բեմադրություններով:
Նիկը, Սրբուհին, Կիմը, Գարիկը, Սուսաննան եւ Անահիտը
Մեկնարկը տրվել է երեկ` դեկտեմբերի 20-ին, “Ջոս” ակումբում: BRAVO.am-ը համերգից առաջ եղել է հանդերձասրահում, երբ երգիչները կրկնում էին երգերի բառերը, արտաքին տեսքում կատարում վերջին շտկումները եւ պարային վերջին փորձերն անում:
Նախագծի հեղինակը “Վիտամին” ակումբից Գարիկ Պապոյանն է, որը հրավիրել է երգիչներին եւ համակարգել փորձերը.“Մասնակիցների մեծ մասը “Շանթ”-ի երեխաներն են, որովհետեւ այս հեռուստաընկերության երաժշտական նախագծերում եմ աշխատել, բայց մեզ հետ են նաեւ Նիկն ու Անահիտը: Նիկ Էգիբյանի հետ վերջերս եմ ծանոթացել, նույնիսկ կարող եմ ասել, որ նրա ոճի երկրորդ երգիչ Հայաստանում չկա”,-BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է հումորիստ-երաժիշտը` հավելելով հետեւյալը.“Երգիչները ներկայացնում են ոչ թե իրենց երգացանկի գործերից, այլ հիթեր: Այն մարդիկ, որոնք անգամ հեռուստացույց չեն դիտում, բեմում կտեսնեն թեկուզ իրենց համար անծանոթ երիտասարդ երգիչների, որոնք լավ են կատարում քիչ, թե շատ ծանոթ արտասահմանյան երգեր”:
Գարիկը` կնոջ հետ
Սուսաննա Պետրոսյանն ընտրել էր ռիթմիկ երգեր եւ ոչ միայն երգում էր, այլեւ խմբի հետ պարում.“Գարիկի հետ հաճույքով եմ աշխատում, որովհետեւ բծախնդիր է եւ գործին պրոֆեսիոնալ է մոտենում: Ընտրել եմ ինչպես նոր երգեր, այնպես էլ վաղուց հայտնի ու սիրված հիթեր, օրինակ` “This is a Man's World”-ը: Մարդիկ մեր կատարումները հիմնականում դիտել են “Շանթ”-ի եթերում, հիմա ակումբային մթնոլորտում կարող են լսել ու տեսնել մեր կենդանի ելույթները”:
Անահիտ Շահբազյանն առաջին համերգին կատարել է Ռուբեն Հախվերդյանի “Գիշերվա աստղազարդ նկարում”, Բեյոնսեի “Halo”, Ալիշա Քիզի “If I Aint Got You” երգերը, նաեւ առաջին անգամ Կիմ Գրիգորյանի հետ զուգերգ են ներկայացրել.“Շատ ենք փորձ արել, որ ամեն ինչ հաջող անցնի: Հուսով ենք` այս ձեւաչափը հանդիսատեսին դուր կգա, եւ հաջորդ տարի էլ նույն կազմով կերգենք”:
Մերի Մակարյանը
Երկու ժամից ավելի տեւողությամբ շոու-ծրագիրը վարող Մերի Մակարյանը ներկաներին առաջարկել է ոչ միայն երգիչներին ունկնդրել, այլեւ պարել: Առաջին համերգին, ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել նաեւ “Վիտամին” ակումբի տղաները:
Նիկ Էգիբյանը եւ Նարե Գեւորգյանը
Համերգ-նախագծով երգիչները հանդես կգան նաեւ նոր տարում: Ինչպես նշել է Գարիկը, մեկ ամսից ավելի փորձեր են արել, որ որակը պահպանեն.“Այսինքն` չստացվի այնպես, որ աշխատանք չունեին եւ երգում են ակումբում: Մենք ոչ թե հարմարվում ենք ակումբային իրականության պայմաններին, այլ կատարում ենք որակյալ երգեր եւ չենք մատուցում ցածրորակ երաժշտություն: Շաբաթական երեք անգամ նրանք կներկայանան նույն համերգով, որոշ ժամանակ հետո կլինեն նաեւ երգացանկային փոփոխություններ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: