BRAVO.am-ն արդեն պատմել է հոկտեմբերի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունների եթերում հայտնված “10+10”-ը նախագծի մասին, որի մասնակիցները վրացական ու հայկական շոու-բիզնեսից ընտրված 10-ական ներկայացուցիչներ էին:
Նազենի Հովհաննիսյանն ու Դաթո Գոմարթելին
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է մրցույթի եզրափակիչ համերգը, որի ընթացքում յուրաքանչյուր զույգ արժանացել է տարբեր մրցանակների Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների, քաղաքապետարանների եւ այլ կառույցների կողմից: Միմյանց պարգեւատրել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունները:
“Սովորություն է դարձել երգիչերին բնակարան տալը, մեզ չտվեցին, գոնե այստեղ տային”,- Վրաստանի մշակույթի նախարարության սահմանած մրցանակը ստանալիս ասել է Մհերը: Մրցութային շաբաթների ընթացքում հայրենիքին նվիրված երգերին հաճախ անդրադարձող Մհերն ու Սոփո Գելովանին եզրափակիչ համերգին եւս երգել են “Հայաստան” երգը, իսկ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշել է. “Այս երգից հետո Սոփոն Հայաստանում տուն կստանա:)”: Տան փոխարեն Մհերը հագուստ է ստացել, որը վրացիները նվիրում են իրենց ժողովրդի կողմից սիրված մարդկանց:
Rippi-ն եւ Թեմո Սաջայան
Դաթո Գոմարթելին համերգի ընթացքում ասել է, որ հատուկ Նազենիի համար սովորել է “Ախ, սեւ աչերով աղջիկ, քաղցր պաչերով աղջիկ” երգը, իսկ Նազենին ուղղել է նրան. “Դաթո, քաղցր պաչերը ճիշտ է, բայց իմ աչքերը սեւ չեն...”:
Մասնակից Վերիկոն եւ Անդրեն միայնակ են հանդես եկել, քանի որ վրացուհին իր զույգին` Միստր X-ին, “կորցրել” է Կանադայում, իսկ Անդրեի զույգը` Նինի Շերմադինին, եւս Հայաստանում չէ:
Բեմ հրավիրելով Էրիկին եւ Սալոմե Կորկոտաշվիլիին` Նազենի Հովհաննիսյանը զույգին անվանել է “մրցույթի հրաշք 2 աստղ ”, իսկ Էրիկն ուրախություն է հայտնել նախագծի կայացման համար. “Ինձ հարազատ նախագիծ է, քանի որ երկու երկրի հետ էլ կապ ունեմ”:
Մհերն ու Սոփո Գելովանին
Հանդիսատեսի շրջանում մեծ աշխուժություն եւ ծափերի տարափ է առաջացել “Լա-լա-լե” երգի ժամանակ, ինչը մրցույթի ընթացքում հաղորդավար Դաթոյի համար գլուխկոտրուկ է դարձել. վրացին բառարաններում փորձել է գտնել “լա-լա-լե” բառի բացատրությունը:):
Սոնա Շահգելդայնն ու Արչիլ Նիշարաձեն երգել են “Թբիլիսո”-ն եւ “Հայաստան աշխարհ”-ը: Արման Էլբերտի եւ Թիկայի “Կարմիր ծաղիկ մը գարունի” երգից առաջ հաղորդավարները խոսել են այն մասին, թե երբ է առաջին անգամ տղամարդը կնոջը ծաղիկ նվիրել: “Ադամն է եղել, որը, ի դեպ, հայ էր: Դրախտից վտարվելու օրը նա մի փունջ ձնծաղիկ է նվիրել Եվային”,-ասել է Նազենին:
“Երբ բեմում Եվա Ռիվասն ու Անրի Ջոխաձեն են, կրքերի հրավառություն է. պետք է ուշադիր լինել”,-ասել է Նազենի Հովհաննիսյանը, իսկ Դաթունան ներկայացրել է զույգի` “Ես կգամ” երգը` Նազենիին հավատացնելով, որ ինքը եկել է հաղորդավարուհու, ոչ թե Եվայի համար:):
Անրի Ջոխաձեն եւ Եվա Ռիվասը
Մինչ Rippi-ն եւ Թեմո Սաջայան երգել են “Այնպես եմ ուզում քեզ փարվել”-ը , Դաթոն խոստացել է Նազենիին ետնաբեմում ցույց տալ` ինչպես է ուզում նրան փարվել:): Զույգը երգել է նաեւ հայրենիքի հանդեպ սիրո պարզ բանաձեւը` “Կարմիր, կապույտ, ծիրանագույնն” ու խոստովանել` “Ես սիրում եմ իմ երկիրը”:
Աննա Խաչատրյանի եւ Լաշա Ռամիշվիլիի երկու կատարման ընթացքում էլ վրացին մեծարել է հայ երգչուհուն` մի քանի անգամ համբուրելով նրա ձեռքը: “Լաշա, ջենթլմենը` ջենթլմեն, բայց հերիք է համբուրես մեր Աննային”,-ասել է Նազենին ու հավելել. “Շատ ջենթլմեն են էս վրացիները, մի քիչ էլ բեմից են օգտվում...”:
Վերիկոն
Հայի ու վրացու այս մրցույթում, ինչպես արդեն նշել էինք, հաղթողներ ու պարտվողներ չեն եղել, զույգերն արժանացել են տարբեր մրցանակների, իսկ վրացական տուրիստական գործակալություններից մեկը բոլորին նվիրել է հանգստյան ուղեգրեր Շարմ էլ Շեյխի 5 աստղանի հյուրանոցի համար: “Այդ տաք հյուրանոցում ավելի տաք կրքեր կբորբոքվեն”,-ասել է Նազենի Հովհաննիսյանը:
“Ցավում եմ, որ մեր բարեկամական նախագիծը վերջանում է, հաճելի եւ գեղեցիկ օրեր ենք անցկացրել”,-նշել է ժյուրիի անդամ, Արա Բաբաջանյանի կին եւ Նազենիի բնութագրմամբ` իսկական հայկական հարս Մայա Կիփիանին: Իսկ Արա Դեղտրիկյանը նշել է, որ երկու ամիս շարունակ վայելել է այս նախագիծը. “Բոլոր երգիչներին մաղթում եմ, որ 2012-ը բեղմնավոր տարի լինի”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: