×


Վրույր Թադեւոսյանը` Վիոլայի, բռնաբարության տեսարանի մասին եւ ոչ միայն :)

Արդեն պատմել ենք Ռուբեն Քոչարի “Անունս Վիոլա է” հայ-ամերիկյան արտադրության ֆիլմի մասին, որի պրեմիերան կայացել է մայիսի 22-ին` Կաննի կինոփառատոնի կինոշուկայի շրջանակում, իսկ Երեւանում առաջին անգամ կցուցադրվի հուլիսի 14-ին` “Ոսկե ծիրան”-ի շրջանակում: Արդեն իսկ մեծ աղմուկ բարձրացրած  ֆիլմում բավական  սկանդալային, բացասական կերպար է մարմնավորել մասնագիտությամբ լրագրող Վրույր Թադեւոսյանը, որը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ստեղծագործական կյանքից մի շարք մանրամասներ:

Վրույր Թադեւոսյանը


Առաջին մասնագիտությամբ հեռուստալրագրող եմ: Հեռուստատեսությունում աշխատելն այնքան էլ մանկության երազանքներից չէր. երազում էի դերասան դառնալու մասին, բայց ստացվեց այնպես, որ ԵՊՀ  Ժուռնալիսիկայի ֆակուլտետ ընդունվեցի ու մինչեւ հիմա չեմ փոշմանել ընտրությանս հարցում: Հիմա էլ մագիստրոսական կրթություն եմ ստանում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի “Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում” բաժնում:

17 տարեկան էի, երբ  նկարահանման տաղավարում հսկա լույսերը միացան, եւ ռեժիսորն առաջին անգամ ականջիս ասաց.“Վերջ, դու ուղիղ եթերում ես”, ու ես սկսեցի անընդմեջ խոսել, այդպես` 2 տարի: Բավական կտրուկ փոփոխվում էին ոլորտներն ու հեռուստաընկերությունները. սոցիալականից ու մշակութայինից` հումորային “32-ակումբ”,  ընդ որում` հաճախ համատեղելով, ապա` ռազմական: Վերը նշվածներից ամենաերկարատեւը ռազմականն էր:

Վրույր Թադեւոսյանը "Զինուժ" հեռուստածրագրի նկարահանումներին


Ամենահետաքրքիր ու ադրենալինով նկարահանումները “Զինուժ” հեռուստածրագրում աշխատելու ընթացքում եմ իրականացրել` դիրքեր, տանկ, ինքնաթիռ, զորավարժություն, հետախուզական ցուցադրություններ, պարաշյուտ, հայաստանյան լեռնային ձյուն ու աստրախանյան տափաստանային արեւ: Մարկեսն էր ասում` ես մի լրագրող եմ, որ սիրում է իր հարմարավետությունը: Ես այդ հարմարավետությունը զգում էի ամենուր` միայն թե տեսախցիկն ու օպերատորը կողքիս լինեին:

Առաջին հեղինակային ֆիլմս Արցախյան ազատամարտի մասին պատմող “Պատերազմից հետո” գեղարվեստավավերագրական լիամետրաժ ֆիլմն է, որը առաջնեկ եղավ ոչ միայն ռեժիսուրայի, այլեւ սցենարական աշխատանքի առումով: Երկար տառապեցի այս աշխատանքի վրա, երկար ճանապարհ անցա, մինչեւ հասկացա, որ եկել է ասելիքս հանդիսատեսին հասցնելու ժամանակը: Մեծ ուրախությամբ, արցունքներով ու հոտնկայս ծափահարություններով ընդունվեց ֆիլմս: Այժմ էլ իմ ստեղծագործական կյանքում կարեւորագույն տեղ ունի գեղարվեստական ֆիլմերի սցենարների ուսումնասիրությունն ու մշակումը, որով զբաղվում եմ արդեն ավելի քան մեկ տարի:

Վրույր Թադեւոսյանը


Կյանքում լինում են դեպքեր, երբ ուղղակի հուսահատվում, կորցնում ես սեփական ուժերին հավատալու ունակությունը: Երբեք չեմ մոռանա այդ պահը, չէի ուզում ընդհանրապես մնալ Հայաստանում: Մեկնեցի` չվերադառնալու նպատակով, բայց չկարողացա: Ինձ համար փորձություններ էի հորինում, լեռներ մագլցում, մտածում էի, որ սխալվել եմ մասնագիտության ընտրության հարցում: Հետո նախագծեր ձեռնարկեցինք գերմանացի ընկերոջս հետ ու գնացինք Ստամբուլ` հայ-թուրքական ֆիլմի սցենարի մշակման համար: Ի դեպ, այդ աշխատանքները ընթացքի մեջ են նաեւ այժմ:

Ռեժիսոր ընկերներիցս Արշակ Զաքարյանն ինձ ծանոթացրեց Ռուբեն Քոչարի հետ: Չեմ մոռանա, թե ինչպես Ռուբեն Քոչարն ասաց.“Հլը կանգնի, ֆռա` մեջքդ տեսնեմ: Հա, լավ թիկունք ունես…”:  Ծիծաղեցինք, հավանեց ինձ, տեսավ կերպարներից մեկին: Այդ օրն ու հետագա մեր աշխատանքային պրոցեսի ընթացքում ես հիացած հետեւում էի, թե ինչպես է Քոչարը շփվում դերասանների ու աշխատակազմի հետ: Այն հարգանքը, որ նա ցուցաբերում էր հատկապես բաց տեսարանների նկարահանման ժամանակ, պրոֆեսիոնալիզմի դրսեւորում էր: Հոր պես խնդրում էր ու պահանջում, ջղայնանում ու նեղանում:

Վրույր Թադեւոսյանը եւ Լուսինե Ալեքսանյանը "Անունս Վիոլա է" ֆիլմի նկարահանումներին


Բռնաբարության տեսարաններում եմ նկարահանվել:  Ճիշտ է` մեր հասարակության մեջ կերպարի ընկալման խնդիր դեռ կա` պայմանավորված նաեւ սերիալների ազդեցությամբ, որը ոչնչացրել է էկրանային արտադրանքի էության ողջ իմաստը: Բայց սա մեր կինոշուկայի հերթական ֆիլմերից չէ, հանդիսատեսն էլ պետք է հասուն լինի ` խորքայինը հասկանալու համար: Բացասական կամ դրական կերպար մարմնավորելու խնդիր, իմ կարծիքով, դերասանը չպետք է ունենա. եթե նա պրոֆեսիոնալ ռեժիսորի ձեռքերում է, ուրեմն ապահովագրված է: Առաջարկը չընդունելու մասին անգամ չեմ էլ մտածել: Նույնիսկ շատ ուրախ էի, որ նման բացասական կերպարին մարմնավորելու համար Ռուբեն Քոչարն ինձ տեսավ ու, կարծում եմ, չսխալվեց:

Առաջին անգամ էի ֆիլմում նկարահանվում,
բայց  սա իմ դերասանական առաջին փորձը չէր. բեմում խաղացել էի Բեռնարդ Շոուի “Arms and the Man” անգլալեզու ներկայացման մեջ: Դա ավելի վաղ էր ու կրկին բացասական կերպար էի մարմնավորում: Հետաքրքիր է, որ իմ մեջ միշտ տեսնում են բացասականին մարմնավորելու կարողությունը: Ու ես ուրախ եմ:

Վրույր Թադեւոսյանը


“Երկիր Մեդիա”-ի “Երկիրն այսօր” լրատվական հաղորդման մեկնաբանն եմ: Կարծում եմ` հաղորդավարությունն ամենադժվար դերասանություններից մեկն է, ընդ որում` ամենօրյա: Այս աշխատանքում ոչ ոք երբեք չի հարցնում քո տրամադրության, ապրումների ու նույնիսկ առողջական վիճակի մասին: Հատկապես հիմա, երբ ամենօրյա ուղիղ եթեր եմ վարում, սխալն ու շեղումը, վրիպումն ու թերացումն աններելի են: Իսկ դերասանական աշխատանքի ժամանակ դու աշխատում ես քո երկու տեսակի հետ` դու ու կերպարդ: Նրան դարձնում ես քեզ նման, դու` նմանվում նրան: Այստեղ սխալդ ոչ թե ներելի է, այլ` տվյալ պահին վերականգնելի:

Չեմ ցանկանա կանգնել ընտրության առջեւ. շատ եմ ուզում համատեղել այս երկուսը: Սակայն ընտրության դեպքում էլ կշեռքի նժարներին հետեւող եմ, բայց նաեւ` դիպվածային. ինձնից ամեն ինչ սպասելի է:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վրույր Թադեւոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW