×


Տաթեւիկ Ադումյան.“Երեւի ինձ խելոք չեմ պահում, նա էլ մանդարին չի բերում:)”

Տաթեւիկ Ադումյանն ամուսնուն` համընթաց թարգմանիչ Խաչատուր Ադումյանին հանդիպելուց հետո գտել է իր Ձմեռ պապին եւ հավատում է նրա գոյությանը:): Ամուսնական զույգը վերջին տարիներին Ամանորը միասին նշում է արտերկրում, այս տարին էլ բացառություն չի եղել:

Տաթեւիկ Ադումյանը


“Ամուսնուս ընտանիքը շատ ավանդապահ է, նրա ծնողներից միշտ սովորելու բան ունեմ: Խաչիկն էլ փոքր տարիքից սովորել է արտերկրում, բայց որքան էլ կապ ունի Եվրոպայի հետ, հարգում է հայկական ավանդույթները, ուղղակի Նոր տարին Հայաստանում չենք նշում”,-BRAVO.am-ին պատմել է դերասանուհին:

Այս տոնի հետ կապված Տաթեւիկը մանկուց ունի իր պատկերացումները: Նախքան ամուսնանալն Ամանորի նախաշեմին խոհանոցային գործերում օգնել է մայրիկին եւ ժպիտով է հիշում, թե ինչպես է նրբաբլիթի շերտեր պատրաստելիս մատներն այրել. “Տարեմուտի գիշերը նրբաբլիթի կամ ինչպես սիրում ենք ասել` բլինչիկի պատճառով մատներիս վառված հետքեր էին լինում: Բայց ինձ համար այն ընտանեկան, հեքիաթային ու բարի տոն է”:

Տաթեւիկ Ադումյանը


21-ամյա դերասանուհին, որն այժմ նկարահանվում է “Հարազատ թշնամի” սերիալում, թեեւ տարեսկզբին Երեւանում չի եղել, բայց նախատոնական օրերին լուսանկարվել է BRAVO.am-ի ամանորյա ֆոտոշարքում, նաեւ մասնակցել է մայրիկի տան տոնածառի զարդարմանը.“Արդեն ավանդույթ է դարձել. բոլորս հավաքվում ենք մայրիկիս տանը եւ ամանորյա երգերի ներքո զարդարում եղեւնին: Միշտ տան փոքրը` եղբայրս էր աստղը տեղադրում տոնածառի գագաթին, բայց նա հիմա այնքան բարձրահասակ է, որ ես եմ փոքրը եւ այս անգամ ես դրեցի:): Փոքր ժամանակ նվերները փնտրում էի տոնածառի տակ, Ձմեռ պապը մեզ մանդարին ու կոնֆետներ էր բերում, բայց վերջին տարիներին երեւի ինձ խելոք չեմ պահում, նա էլ մանդարին չի բերում, խանութից եմ գնում:)”:

Տաթեւիկ Ադումյանը


Նա պատմել է, որ իր ընտանիքը 11 տարի բնակվել է Լիբանանում.“Ինչպես այնտեղի հայերի մեծ մասը, մեծ շուքով նշում էինք Սուրբ Ծնունդը, իսկ Ամանորն ընտանեկան միջավայրում էինք անցկացնում: Հիշում եմ, որ տոնածառ զարդարելը պարտադիր չէր, բայց բոլոր հայերն իրենց տանն անպայման ունենում են քրիստոնեական մսուրը: Միշտ փուչիկներով, Ձմեռ պապի գլխարկներով գնում էինք մեր ընկերների տուն ու շնորհավորում իրար: Կարծում եմ` Լիբանանում շատ ավելի հետաքրքիր եւ ուրախ են նշում”:

Տաթեւիկ Ադումյանը


Խոսելով 2014 թվականի ընթացքում իր անելիքներից` Տաթեւիկ Ադումյանը նշել է, որ սերիալի ավարտից հետո ցանկանում է դադար վերցնել եւ նկարահանվելու փոխարեն արտերկրում մասնագիտական դասընթացների մասնակցել.“Բավական ժամանակ է` ինտենսիվ կերպով անգլերեն եմ պարապում: Այս լեզվին չեմ տիրապետել, քանի որ դպրոցում ֆրանսերեն եմ սովորել, մի քանի ամսից նաեւ կսկսեմ իսպաներենի դասերը: Ուզում եմ օտար լեզուներին լավ տիրապետել ու փորձառու ռեժիսորների մոտ թրեյնինգների մասնակցել: Այս սերիալից հետո որոշել եմ կանգ առնել ու դերասանական հմտություններս բարելավել”:

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/
Նկարահանումն իրականացվել է “Mon Amie” ծաղկի եւ դիզայնի սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW