×


Տաթեւիկ Հովհաննիսյան.“Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք”

Ջազի հայ թագուհին Հայաստանում է, եւ BRAVO.am-ին առիթ է ընձեռվել հանդիպել սիրելի երգչուհուն ու հետաքրքիր զրույց ունենալ: Տաթեւիկ Հովհաննիսյանը հայրենիք վերջին այցից շուրջ 6 տարի անց կրկին այստեղ է մենահամերգներով. նրա հոգեթով ձայնը կհնչի Գյումրիում, Արցախում եւ, իհարկե, քաղաքամայր Երեւանում:

Տաթեւիկ Հովհաննիսյանը


-Ծնվել եք երաժշտական ընտանիքում, Ձեր երաժշտական ուղին սկսվել է 11 տարեկանից: Արդյո՞ք ճակատագիր էր, թե՞ գիտակցված ընտրություն:

-Կարող է եւ երաժշտական ընտանիքում էլ մեծացած չլինեի ու ընտրեի այս ուղին, սա ճակատագրական հարց էր, այսպես էլ պետք է լիներ: Ես ծնվել եմ երաժշտությամբ, երգով, արվեստով, երգչուհի դառնալու համար:

-Փաստորեն հավատում եք ճակատագրի ուժին:

-Օ՜, այո, շատ…

-Երբեւէ չեք հայտնվել Ձեր հայտնի մայրիկի, կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանի շողքում: Ինչպե՞ս է հաջողվել պահել անհատականությունը, դառնալ “Խորհրդային ջազ վոկալի թագուհի”:

-Դա էլ ճակատագրական մի պատմություն է: Եղբայրս` ջութակահար, հայրս`  երաժիշտ. ամբողջ ընտանիքով երաժիշտ ենք: Փոքրիկ էի եւ լսում էի մեր տանը հնչող երաժշտությունը՝ դասական, հայկական ժողովրդական, ջազ: Այդ տարիքում սիրեցի ջազն ու գրավվեցի դրանով: Բնավորությամբ դժվարություն փնտրող եմ, եւ Ճանապարհն ինձ տարավ այնպես, ինչպես նախանշված էր:

Տաթեւիկ Հովհաննիսյանը


-Շատ երկար է հայտնիների ցուցակը, որոնց հետ երբեւէ համագործակցել եք:Կա՞ արդյոք մեկը, ով “անհասանելի” արտիստ է Ձեզ համար եւ նրա հետ համագործակցելը երազի պես մի բան է:

-Անհասանելին մահացել է: Դաշնակահար Օսկար Փիթերոսնն էր, շա՜տ կուզեի, բայց նա մահացել է: Բոլոր երաժիշտներն անկրկնելի են, յուրահատուկ գանձեր են:

-Հանդես եք եկել աշխարհի ամենահայտնի բեմերում` օտարերկրյա հանդիսատեսի առջեւ: Տարբերվում են արդյո՞ք հայ հանդիսատեսը եւ մայրաքաղաքի բեմը մյուսներից:

-Մենք` հայերս, շատ հետաքրքիր երեւույթ ենք. ե՛ւ փնովում ենք մեզ, ե՛ւ ուտում ենք իրար, ե՛ւ կռիվ ենք անում, բայց մի լավ բառ կա, որը հայերեն էլ չի, բայց տեղին է, որ ասեմ` թասիբ ունենք: Ես էլ եմ այդպիսին. եթե օտարազգի մեկը համարձակվի իմ ազգին քննադատել, կխեղդեմ: Մեր երաժշտությունը դրսի հանդիսատեսը չի կարող մեզ նման զգալ, բայց այն հրաշալի ընդունվում է ամբողջ աշխարհում:

Տաթեւիկ Հովհաննիսյանը


-Աշխարհը ճանաչում է Ձեզ որպես “Էլլան Հայաստանից”: Որքանո՞վ է դժվար պահել այդ անունն այսքան տարիների ընթացքում:

-Բոլորովին չեմ ձգտում պահպանել այդ կոչումը, որ ստացա դեռեւս այն ժամանակ, երբ այստեղ սկսեցի երգել ջազ: Բնականաբար, ուսուցիչներ չկային, եւ պետք է սովորեի այդ մեծություններից, որոնցից մեկն էլ Էլլա Ֆիցջերալդն էր:

-Երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ, արդեն իսկ “խորհրդային ջազ վոկալի  թագուհին” էիք, սակայն հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սովորելու ցանկություն ունեիք: Ի՞նչ փորձությունների միջով անցաք, ի՞նչ սովորեցիք:

-Ջազն անծայրածիր է, մինչ օրս էլ սովորելու նյութ կա: Այս երաժշտությունն այնպիսի պատմություն, խորություն եւ տեխնիկա ունի, որ անընդհատ սովորում եմ: Չասեմ, թե դարձել եմ այնպիսին, ինչպիսին կուզեի… Փորձում եմ եւ այսօրվա դրությամբ կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ, այո՛, կցանկանայի Օսկար Փիթերսոնի հետ էլ երգել:

-Դուք նաեւ հայտնի եք որպես ուսուցիչ: Ի՞նչ կարծիքի եք, այսօր Էլլաներ ծնվո՞ւմ են:

-Ո՛չ, չի ծնվել եւ չի ծնվի: Գուցե ծնվի Լայզա կամ Ռոզա, բայց ոչ Էլլա կամ Մայլս Դեւիս: Նրանք աստվածաշնորհ եւ յուրահատուկ մարդիկ էին:

Տաթեւիկ Հովհաննիսյանը


-Համերգն ավարտվում է, եւ Դուք գնում եք հանդերձասենյակ… Ինչպիսի՞ն է Տաթեւը, երբ ոչ ոք նրան չի տեսնում:

-Կապ ունի այն, թե ինչպես է անցել ելույթը: Իմ կարծիքն եմ ունենում, թե ինչ կատարվեց, ինչպես ելույթ ունեցանք, ուղղելու ինչքան բան կա: Միտքս միշտ զբաղված է, միշտ դժգոհ եմ, միշտ ձգտում եմ էլ ավելի լավին: Իմ առաջին քննադատը ես եմ:

-Անթիվ դժվարություններ եք հաղթահարել եւ դեռ հաղթահարում եք: Վստահ եմ, որ հուսահատության պահեր էլ եք ունենում: Ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել եւ ոտքի կանգնել:

-Երաժշտության հանդեպ սերը շատ մեծ ուժ ունի: Այնպես ուժգին եմ սիրում երաժշտությունը, որ կարողանում եմ հաղթահարել:

Տաթեւիկ Հովհաննիսյանը


-Իսկ երաժշտությունից բացի, ինչի՞ հանդեպ կիրք կամ ի՞նչ թուլություններ ունեք:

-Կենդանասեր եմ եւ անչափ կապված եմ բնության հետ: Բանջարեղեն եմ ցանում, այստեղից էլ լոլիկի, վարունգի եւ ռեհանի սերմեր եմ տանելու: Շատ լավ հարեւաններ ունեմ, երբ համերգներով բացակայում եմ, իրենք են խնամում այգիս: Իտալացի հարեւանիս վստահում եմ անգամ իմ տան բանալիները. վարդերս է ջրում…

-Հանրահայտ մարդիկ սովորաբար դժվարությամբ են համատեղում ընտանիքը եւ կարիերան: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում ներդաշնակություն պահպանել:

-Որովհետեւ կարիերիստ չեմ. ինձ համար շատ ավելի կարեւոր բաներ գոյություն ունեն: Ես նույնչափ սիրով զբաղվում եմ հողագործությամբ, կարող եմ հաճույքով հայկական կերակուր պատրաստել եւ հպարտությամբ մատուցել  հյուրերիս: Կարիերան ինձ համար կյանքի նպատակ չի եղել եւ չի լինի: Դրա համար չէ, որ երգում եմ: Ես երգում եմ, որովհետեւ հոգիս է երգում, ուրիշ ճար չկա…

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW