×


Տաթեւ Ամիրյան.«Ortus-ն իմ «առաջնեկն» է»

Ամերիկաբնակ կոմպոզիտոր եւ դաշնակահար Տաթեւ Ամիրյանի համար մայիսն առանձնացել է աշխատանքային բուռն գործունեությամբ. ԱՄՆ-ում տեղի է ունեցել նրա մենահամերգն ու առաջին ձայնասկավառակի՝ «Ortus»-ի շնորհանդեսը: CD-ն իր մեջ ամփոփում է կոմպոզիտորի վերջին տարիների դաշնամուրային գործերը՝ ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Տաթեւ Ամիրյանը


Տաթեւն ավարտել է Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի կոնսերվատորիայի ասպիրանտուրան եւ ներկայումս հանդիսանում է երաժշտական արվեստների դոկտորի թեկնածու: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների՝ գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային եւ սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ճապոնիայում ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում՝ դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի, տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի, «Carme Diem» լարային քառյակի, «Oktoplus» անսամբլի եւ Կանզաս քաղաքի «Metropolitan Choral» երգչախմբի կատարմամբ:

Կոմպոզիտորի հետ զրույցը ձայնասկավառակի ստեղծման եւ իր ստեղծագործական գործունեության շուրջ է։

Տաթեւ Ամիրյանը


- Տաթեւ, ստեղծագործողի համար անչափ կարեւոր է ձայնասկավառակը, քանի որ այն իր մեջ խտացնում է նրա ողջ հույզերն ու ասելիքը։ Հետաքրքիր է, թե ի՞նչ եք ցանկացել ներկայացնել «Ortus»-ում։

- «Ortus» լատիներենից թարգմանաբար նշանակում է սկզբնաղբյուր, սկիզբ, ծնունդ եւ խորհրդանշում է նորի սկիզբ։ Ինձ համար այս CD-ն կրկնակի կարեւորություն ունի, քանի որ այն իմ «առաջնեկն» է։ «Ortus»-ն իրենից ներկայացնում է ինքնաճանաչման եւ ինքնակերտման մի հետաքրքիր «ճամփորդություն» տարիների միջով։ Ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ։ Այս ստեղծագործությունները ներշնչված են իմ մանկությունից եւ այն իրականությունից, որի մեջ ապրել եմ, այն միջավայրից, որում մեծացել եւ ձեւավորվել եմ որպես անհատականություն, ուստի «Ortus»-ն իր մեջ ամփոփում է իմ ստեղծագործական էվոլյուցիայի յուրօրինակ հանրագումարը։ Բացի այդ, ինձ համար, որպես կոմպոզիտոր-դաշնակահար, այս ստեղծագործությունները նաեւ հանդիսացել են գործիքի կատարողական հնարավորությունների փորձարկման եւ յուրացման յուրօրինակ հարթակ։ Հետեւաբար, ձայնասկավառակը նպատակ ունի ունկնդրին ներկայացնել իմ անցած ուղին ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլ նաեւ՝  կատարող։

- Հայկ Մելիքյանի հետ համագործակցությունն ինչպե՞ս ստացվեց։
- Հայկ Մելիքյանի հետ բախտ եմ ունեցել համագործակցելու դեռ 2012 թվականից, երբ նրանից նոր ստեղծագործություն գրելու առաջարկ ստացա։ Այս ընթացքում նա բազմիցս կատարել է իմ երաժշտությունը Հայաստանում, ինչպես նաեւ Եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Բելգիայում եւ Գերմանիայում։ Իսկ 2014 թվականին իմ «Waiting for the Dawn» ստեղծագործությունը ընդգրկվել է նրա «Echoes of Altar» ձայնասկավառակում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Քանի որ նա արդեն որոշ չափով ծանոթ էր իմ գործերին եւ դրանցից մի քանիսն արդեն հնչել էին նրա կատարմամբ, ինքնըստինքյան անհրաժեշտություն հասունացավ դրանք համախմբել մի ալբոմում։ Եվ երբ անցյալ տարի նրանից առաջարկ ստացա թողարկել համատեղ ձայնասկավառակ, մեծ ուրախությամբ համաձայնեցի։ Շատ ուրախ եմ, որ ինձ, որպես կոմպոզիտոր, նման հնարավորություն ընձեռվեց, քանի որ Հայկ Մելիքյանն այսօր այն եզակի կատարողներից է, ով կարողանում է վարպետորեն եւ համոզիչ մատուցել ժամանակակից երաժշտությունը եւ իր յուրովի մեկնաբանությամբ նոր կյանք տալ կոմպոզիտորի ստեղծագործությանը։ Առայսօր իմ դաշնամուրային գործերը հնչել են մեծամասամբ հեղինակային կատարմամբ, ուստի Հայկի հետ համագործակցելու այս որոշումը պայմանավորված էր նաեւ նրանով, որ ես նպատակ ունեի իմ երաժշտությունն ունկնդրին ներկայացնել նոր տեսանկյունից, նոր մեկնաբանությամբ եւ հնարավորություն տալ նրան այն նորովի բացահայտել իր համար։

Տաթեւ Ամիրյանը


-Ձեր համերգին հնչել են միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ. ինչո՞վ է պայմանավորված ծրագրի նման ընտրությունը։
- Համերգի ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների գործեր՝ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Առաջին բաժնում հնչել են Կոմիտասի, Ռ. Անդրեասյանի, Ա. Բաբաջանյանի, Էդ. Միրզոյանի, իսկ երկրորդ բաժնում իմ ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են ձայնասկավառակի մեջ։ Ծրագրի նման մոտեցմամբ ես նպատակ ունեի ունկնդրին ներկայացնել հայ դասական երաժշտության անցած մեկդարյա ուղին, ինչպես նաեւ ընդգծել իմ երաժշտության կապը հայ երաժշտության ավանդույթների հետ։

- Ձեր լսարանը կազմում են նաեւ օտարազգի ունկնդիրները. որքանո՞վ են նրանք ծանոթ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին։
- Հայ կոմպոզիտորների երաժշտությանը օտարազգի ունկնդիրը, ցավոք, շատ ծանոթ չէ, այդ պատճառով իմ համերգային ծրագրերում ձգտում եմ հնչեցնել ավելի շատ հայ կոմպոզիտորների գործեր՝ նպատակ ունենալով հայկական երաժշտության մասին ավելի շատ տեղեկացնել դրսի լսարանին, ինչպես նաեւ օտարազգի կատարողների մոտ հետաքրքրություն եւ ցանկություն առաջացնել՝ մեր կոմպոզիտորների գործերը կատարելու համար։

Տաթեւ Ամիրյանը


- Ստեղծագործողները հաճախ պիտի պատրաստ լինեն լսել ոչ միայն գովեստի խոսքեր, այլ նաեւ քննադատություն։ Ինչպե՞ս եք ընդունում քննադատական կարծիքները։
- Ես շատ կարեւոր եւ օգտակար եմ համարում առողջ քննադատությունը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետի դա անհրաժեշտ է կայանալու համար, քանի որ այն ինքնակատարելագործման հնարավորություն է ընձեռում, օգնում է իր գործին նայել օտար աչքով՝ ավելի ադեկվատ, ստիպում է ավելի շատ աշխատել եւ ձգտել պրոֆեսիոնալիզմի։ 

- Մի առիթով նշել եք, որ բնակվելով ԱՄՆ-ում, շատ եք կարոտում Հայաստանը եւ հաճախ եք վերադառնում՝ ստեղծագործական լիցքեր ստանալու համար։ Հատկապես որտե՞ղ կցանկանայիք լինել, ինչու՞։
- Հայաստանն իմ տունն է: Երբ ես Հայաստանում եմ, ինձ զգում եմ ինչպես իմ սեփական տանը եւ ինձ համար նրա յուրաքանչյուր անկյունը հավասարապես թանկ է ու հարազատ: Ինձ համար իմ հողի վրա լինելն արդեն իսկ մեծ լիցքեր է տալիս, կարեւոր չէ, թե որտեղ կլինեմ, ուստի, չեմ կարող առանձնացնել կոնկրետ վայր:

- Ստեղծագործական ի՞նչ նոր պլաններ ունեք առաջիկայում։
- Այժմ աշխատում եմ իմ դիսերտացիայի վրա, որը պատրաստվում եմ պաշտպանել աշնանը եւ ստանալ երաժշտական արվեստների դոկտորի աստիճան։ Բացի այդ, ունեմ նոր ստեղծագործությունների պատվերներ եւ համագործակցության առաջարկներ տարբեր կատարողների կողմից ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։

Զրուցեց Լուիզա Հարությունյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW