×


Տաթեւ Մնացականյանի լուսանկարները` Ազգային ժողովում

Նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթեւ Մնացականյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերին կայացած միջազգային 6-րդ ֆոտոբիենալեից ունի ոսկե մեդալ, ինչը համարում է ոչ միայն իր, այլեւ` Հայաստանի հաղթանակը:

Տաթեւ Մնացականյանն իր քրոջ` Հասմիկի ֆոտոօբյեկտիվից


“Արդեն երկրորդ անգամ իմ աշխատանքները մասնակցում են այս բիենալեին, ցավոք, այս անգամ չկարողացա մեկնել ու ներկա լինել, բայց հետեւելով հասկացա, որ Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի լուսանկարիչներ այնտեղ ունեցել են անհատական ցուցահանդեսներ, բավական լավ կազմակերպված է անցել”, - BRAVO.am-ին պատմել է նկարչուհին:

Տաթեւ Մնացակնյանի դուստրը` Կատրինը


Տաթեւն իր աշխատանքներից բացի նաեւ ներկայացրել է դստեր` Կատրինի եւ քրոջ` Հասմիկի աշխատանքները. “Աղջիկս ինձ հետ հավասար լուսանկարում է, որոշեցի նրա կադրերն էլ ուղարկել, թեեւ մտածում էի, որ լուրջ չեն ընդունի եւ չեն հավատա, որ հինգ տարեկան երեխան կարող է պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով լուսանկարել: Քույրս ու աղջիկս ստացել են շնորհակալական դիպլոմներ, բայց մրցանակային տեղ չեն գրավել: Կարծում եմ, որ հաղթանակները կապ ունեն քաղաքականության հետ, նույնը կարող եմ ասել եվրոպական բիենալեների մասին, այնուամենայնիվ, այս անգամ առանց դրա գնահատվեց իմ կատարած աշխատանքը”:

Ազգային ժողովի ցուցասրահում բացվել է Տաթեւ Մնացականյանի լուսանկարների ցուցահանդեսը


Լուսանկարիչ-դիզայները ներկայացրել է չորս ֆոտոպատմություն, ընտրվել է “Ազատազրկում” շարքից սեւ-սպիտակ լուսանկարը: Նա ոսկե մեդալ է ստացել “Լավագույն նորարար փորձարարական լուսանկար” անվանակարգում. “Մրցանակային չորս անվանակարգի համար սահմանված էր ոսկե մեդալներ եւ երկուական արծաթե ու բրոնզե մեդալ: Իմ անվանակարգի երրորդ տեղում եղել է Ադրբեջանի մասնակիցը: Ինձ համար հպարտություն էր, որ առանց քաղաքական խաղերի կարողացել եմ արժանանալ ոսկե մեդալի”:

“Միայն մահանալուց հետո են մեծարում ու հիշում”. Տաթեւ Մնացականյան


Հաղթանակից հետո Տաթեւի լուսանկարների ցուցահանդեսը նոյեմբերի 14-ին բացվել է Ազգային ժողովի ցուցասրահում: Ներկայացված 25 լուսանկարում պատկերված են ամենամեծահասակ կին քանդակագործ Թերեզա Միրզոյանը, քանդակագործ Խաչիկ Իսկանդարյանը, նկարիչ Ելենա Աբրահամյանը, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը եւ այլք:

Տաթեւ Մնացականյանն իր քրոջ` Հասմիկի ֆոտոօբյեկտիվից


“Իմ նախագիծն արդեն մի քանի անգամ մերժվել է Մշակույթի նախարարության կողմից, պատասխանել են, թե ուրախ են, որ մարդասիրական ու հայրենանվեր գործով եմ զբաղվում: Փոխարենը շատ զարմացա, երբ արձագանքեցին Ազգային ժողովից ու առաջարկեցին կազմակերպել իմ լուսանկարների ցուցահանդեսը: Ես առաջարկեցի Բիենալեին ուղարկված 39 լուսանկարի փոխարեն ներկայացնել իմ նոր ֆոտոշարքը, որում ընդգրկված են արվեստի մեծահասակ նվիրյալները, որոնք ապրում են մեր կողքին, բայց գնահատված չեն. միայն մահանալուց հետո են մեծարում ու հիշում”,-պատմել է նա:

Տաթեւ Մնացականյանը ոսկե մեդալի է արժանացել "Ազատազրկում" շարքից այս լուսանկարի համար


Այս ֆոտոնախագիծն առաջիկայում դառնալու է միջազգային, քանի որ Տաթեւը նպատակ ունի այլ երկրների տարեց արվեստագետներին եւս լուսանկարել եւ տվյալ երկրում ցուցահանդեսով ներկայացնել. “Առաջին երկիրը կլինի Եգիպտոսը, արդեն բանակցել եմ. ցուցահանդեսը կկազմակերպվի հաջորդ տարի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւ Մնացականյանի անձնական արխիվից եւ ԱԺ մամուլի ծառայության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW