×


Տաթեւ Սարգսյանը

Տաթեւ Սարգսյանը՝ նոր երգի, բամբասանքների եւ առաջին անգամ որպես մոդել ներկայանալու մասին

Օրեր առաջ տեղի ունեցավ Գեւորգ Մարտիրոսյանի նոր՝ «Սրտիս դու անուն»  տեսահոլովակի պրեմիերան: Պարզվում է՝ երգի բառերի հեղինակը հայկական մի շարք սերիալներից հայտնի Տաթեւ Սարգսյանն է: Նա անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ՝ խոսելով նոր համագործակցությունների, երազանքի իրագործման, իր հասցեին պարբերաբար հնչող բամբասանքների, ինչպես նաեւ առաջին անգամ որպես մոդել ներկայանալու մասին:

Երազանքի հետքերով
Երազանք եմ ունեցել ընդունվել Մոսկվայի պետական համալսարան, եւ այժմ սովորում եմ երեւանյան մասնաճյուղում: Շատ լավ տարի է՝ բազում հաջողություններով: Երբ հետ ես նայում, հասկանում ես, որ ամեն ինչ ճիշտ հերթականություն ունի: Այնտեղ դրական եւ շատ հաճելի մթնոլորտ է, քանի որ շուրջս խելացի եւ գեղեցիկ մարդիկ են: Առավոտյան արթնանալն ինձ համար մեծ խնդիր է, բայց հեշտությամբ եմ հաղթահարում, քանի որ գիտեմ՝ ինչ դրական մթնոլորտում եմ հայտնվելու:

Տաթեւ Սարգսյանը


«Չի կարող ստիպել…»
Այժմ ողջ ժամանակս տրամադրում եմ երգ գրելուն: Ճիշտ է՝ որոշ ժամանակ առաջ երեք տարվա գրածներս տեխնիկական ինչ-ինչ պատճառներով անհետացան հեռախոսիս միջից, բայց ոչ մի բան չի կարող ինձ ստիպել կանգ առնել կամ հուսահատվել, ուրեմն դրանք չպետք է լինեին: Վստահ եմ՝ էլ ավելի լավ բաներ կգրեմ, հատկապես որ գրածս «Սրտիս դու անուն» երգի շուրջ դրական իրարանցումն ինձ համար խթան դարձավ առաջ շարժվել եւ վստահ լինել: Չեմ կարող անգամ բառերով նկարագրել այս մի քանի օրերի հոգեվիճակս, թե ինչքան ոգեւորված, թեւեր առած եմ:

«Չես կարող խոցվել»
Իմ մասնակցությամբ վերջին սերիալը «Կայարան»-ն է: Դերս իր տրամաբանական ավարտն ունեցավ: Իսկապես, մեծ սեր էի տածում այդ կերպարիս հանդեպ, մեծ սիրով եմ աշխատել թե ամբողջ թիմի հետ, եւ թե դերս կատարելիս: Կրկին խաղալով բացասական դեր՝ հասկացա, որ դա իմ տարերքն է, եւ որ բացարձակ չես կարող խոցվել անվանդ շուրջ հնչած անմիտ արձագանքներից, մեկնաբանություններից: Վաղուց, շատ վաղուց իմ կյանքում տեղ չեմ տալիս այն բամբասանքներին, որոնք պարբերաբար պտտվում են իմ շուրջ: Բազմիցս ասել եմ, որ կան մարդիկ, որոնք նման կերպ են լիցքաթափվում, միեւնույն է՝ իրենք իրենց ներսում գիտեն, թե ով են: Իմ մասին վատ նյութերը կարդալիս թեթեւ ժպիտ է առաջանում դեմքիս:

Տաթեւ Սարգսյանը


Առաջին անգամ որպես մոդել
Բազմիցս առաջարկներ եմ ստացել որպես մոդել ներկայանալու, բայց երբեւէ չեմ փորձել, քանի որ համարում եմ՝ պետք է անես այն, ինչի հանդեպ մեծ սեր ես տածում եւ այն շարունակություն կունենա քո կյանքում: Երբեք չեմ սիրել մոդելի աշխատանքը ու չեմ էլ փորձել ոտք դնել այդ ոլորտ: Բայց առաջիկայում համագործակցություն կունենամ Մանուկ Ալեքսանյանի հետ: Այն շարունակություն չի ունենա, պարզապես Մանուկն իմ լավ ընկերն է եւ իր վերջին ցուցադրությունն է անում, որից հետո մեկնելու է, այդ պատճառով էլ համաձայնեցի:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Տաթեւի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW