×


Տեսնել է պետք. Թաիլանդը ինչպես կա

Ծով, արեւ, հարուստ պատմություն, խելահեղ ակումբային ժամանց` Թաիլանդը հայտնի եւ պահանջված ուղղություն է աշխարհի տարբեր կողմերում ապրող զբոսաշրջիկների համար։ Թաիլանդի թագավորության գրեթե երկու տասնյակ հայտնի հանգստավայրերից այս անգամ ներկայացնում ենք Փհուկետ կղզին, որն իբրեւ հանգստավայր համեմատաբար երիտասարդ պատմություն ունի: Գրեթե 5 տասնամյակ է, ինչ այս գեղատեսիլ կղզին, այսպես ասած, հայտնաբերել են զբոսաշրջիկները, իսկ Թաիլանդի կառավարությունն էլ ջանքեր է գործի դրել՝ կղզին տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկների համար առավել գրավիչ ու հետաքրքիր դարձնելու համար։


Թաիլանդում 2019 թվականը չէ

Թաիլանդ գնալուց առաջ, որպեսզի անհարմար իրավիճակներում չհայտնվեք, չկարծեք, թե դուք խենթացել եք կամ ժամանակի մեքենան ձեզ մեկ այլ ժամանակային հարթություն է տեղափոխել, անպայման պիտի այս երկրի ու ժողովրդի մասին ինֆորմացիայով զինված մեկնեք։

Առաջին հերթին, հիմա Թաիլանդում 2019 թվականը չէ։ Եթե թաիլանդական խանութներից որոշեք, օրինակ, ինչ-որ սննդատեսակ գնել եւ արտադրության ամսաթիվը տեսնեք 2562 թվական, չմտածեք, թե այն ապագայից է բերված (ինչպես երբեմն մեր երկրում է լինում, երբ, օրինակ, հավկիթի արտադրության ժամկետը կարող է գնման ամսաթվից մի երկու օր հետո լինել)։ Այստեղ առաջնորդվում են բուդդայական օրացույցով, այսինքն՝ ժամանակագրությունը սկսվում է այն օրվանից, երբ Բուդդան անցավ Նիրվանայի, այն 543 տարով առաջ է մեր թվարկության սկզբից, այսինքն՝ ներկա տարեթվին՝ 2019-ին, ավելացնում ենք 543, եւ ստացվում է, որ Թաիլանդում հիմա 2562 թվականն է։


Մեկնելուց առաջ ծանոթացեք տեղական սովորույթներին՝ անգիտակցաբար անախորժությունների մեջ չընկնելու համար

Թաիլանդը հաճախ անվանում են ժպիտների երկիր։ Այստեղ նորմալ է, երբ անծանոթն անծանոթին ժպտում է։ Փոխարենը նորմալ չէ փողոցում բարձր ձայնով խոսելը։

Եթե փողոցում շատ համովիկ, թմբլիկ թաիլանդցի երեխայի տեսնեք, չփորձեք շոյել նրա գլուխը, ինչպես, օրինակ, Հայաստանում կանեիք։ Բացի այն, որ թաիլանդցիները դա պարզապես չեն սիրում, նրանք նաեւ հավատում են, որ հոգին, որը սրբազան է, ապրում է հենց գլխում, հետեւաբար դուք անհարգալից վերաբերմունք եք այսպես դրսեւորում եւ վիրավորում։

Մի փոքրիկ զգուշացում տղամարդկանց՝ ծովափնյա տեսքով, այսինքն՝ մերկ, առանց վերնաշապիկի հանկարծ մտքներովդ չանցնի հայտնվել հանրային վայրերում, դա հասարակական կարգի խախտում է։


Ձեզ պետք է մուտքի արտոնագիր՝ վիզա

Թաիլանդ մուտքի համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա։ Եթե ինքնուրույն եք կազմակերպում Ձեր ճամփորդությունը, ապա վիզայի համար պիտի դիմեք Հայաստանում Թաիլանդի հյուպատոսություն։ Անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, որը պետք է ունենա նվազագույնը 6 ամիս վավերականություն, նկատի ունեցեք, որ երկարացված անձնագրեր չեն ընդունվում, 2 լուսանկար, տեղեկանք աշխատավայրից` պաշտոնի եւ աշխատավարձի չափի վերաբերյալ, տեղեկանք բանկային հաշվի վերջնական մնացորդի վերաբերյալ եւ այլն, հյուպատոսական վճարը 20 հազար դրամ է։ Վիզայի ստացումը տեւում է 1-2 շաբաթ, այնպես որ ցանկալի է, որ վիզայի մասին հոգաք ոչ վերջին պահին։


Ինչպես մատչելի ճանապարհով հասնել Փհուկետ

Հայաստանից Փհուկետ կարող եք հասնել տարանցիկ թռիչքով, օրինակ, Դոհայով կամ Մոսկվայով համակցված չվերթով։ Առավել հարմար եւ մատչելի տարբերակը Մոսկվայից Փհուկետ չարտերային թռիչքով մեկնելն է, առավել եւս եթե չարտերային թռիչք իրականացնող ավիաընկերությունից ամբողջական հանգստի փաթեթը ձեռք բերեք։


Երբ մեկնել Փհուկետ

Փհուկետում հանգստի լավագույն շրջանը սկսվում է նոյեմբերից ու շարունակվում մինչեւ ապրիլ. այդ ամիսները համարվում են չորային, անձրեւներ գրեթե չեն տեղում, այնպես որ ձեր հանգիստը չեն փչացնի: Եթե որոշեք այստեղ գալ ցածր սեզոնին, անձրեւոտ համարվող ամիսներին, ապա գումար կխնայեք եւ ավիատոմսեր ձեռքբերելիս, եւ հյուրանոց ամրագրելիս: Բայց իհարկե, հանուն մի 100-200 դոլար խնայելու միգուցե հանգստյան օրերի ամբողջ ընթացքում ստիպված լինեք Փհուկետը միայն հյուրանոցի պատուհանից տեսնել՝ տեղատարափ անձրեւների պատճառով, այնպես որ, բախտի վրա հույս դնել թերեւս այնքան էլ չարժե։


Must do 1. Քաղաքային պտույտ վարդագույն բեռնատար-ավտոբուսով

Քաղաքային ավտոբուսները երթեւեկում են կղզու առեւտրային եւ մշակութային կենտրոնում` Փհուկետ Թաունում: Դրանք ըստ էության ոչ այնքան ավտոբուս են, որքան բեռնատար` վարդագույն բեռնատար, որի թափքում տեղադրված են երկար նստարաններ, թափքը չունի դուռ, պատուհան, հաստ կտորով թափքը ծածկվում է այն ժամանակ, երբ, օրինակ, ուժեղ անձրեւ է եւ այլն, այնպես որ գոնե հետաքրքրության համար արժե 1 անգամ նստել, առավել եւս որ կոլորիտային էքստրեմալ ուղեւորության համար կծախսեք մոտ 1 դոլար:


Must do 2. Կնկարվեք մեծ Բուդդայի հետ

Փհուկետում կան անթիվ, անհամար բնական հուշարձաններ, ջրվեժներ, արգելոցներ, պատմական եւ ճարտարապետական հետաքրքիր եւ յուրօրինակ կառույցներ... Որպեսզի ձեր ճամփորդությունն իմաստ ունենա, ապա անպայման Փհուկետում մի քանի էքսկուրսիաների մասնակցեք, այլապես հյուրանոցից դուրս չգալու կամ միայն ծովափին պառկելու համար պետք չէր հազարավոր կիլոմետրեր կտրել, անցնել, Թաիլանդ հասնել։

Առաջին բանը, որ պիտի տեսնեք, Բուդդայի մեծ արձանն է։ 45 մետր բարձրությամբ հսկայական այս արձանը կանգնեցված է լեռան գագաթին: Սա նոր հուշարձան է կղզում, այնքան նոր, որ շինարարությունը դեռ չի ավարտվել, բայց այստեղ միշտ եւ շատ տուրիստներ կան, այնպես որ հսկայական Բուդդայի ֆոնին հարմար նկար ունենալու համար պիտի բավականին սպասեք: Արձանի մոտ կա նաեւ դիտման հրապարակ, որտեղից 360 աստիճանով տեսարան է բացվում դեպի կղզին: Իսկ եթե եղանակը պարզ լինի, ուրեմն ոչ միայն կտեսնեք Փհուկետը, այլեւ շրջակա կղզիները:




Must do 3. Այցելություն կոկորդիլոսների եւ օձերի ֆերմա

Փհուկետում կան բազմաթիվ արգելոցներ, այգիներ, տարօրինակ եւ էկզոտիկ ֆերմաներ։ Կարող եք այցելել թիթեռների, թռչունների այգիներ, օկեանարիում եւ պարտադիր՝ օձերի կամ կոկորդիլոսների ֆերմաներ, որտեղ կտեսնեք, թե ինչպես են բուծվում այս սողունները, կկարողանաք լուսանկարվել նրանց հետ եւ հետո գլուխ գովել հայրենիքում խիզախությամբ՝ ցույց տալով սարսափազդու կոկորդիլոսին գրկած լուսանկար։ Ֆերմաներից կարող եք ձեռք բերել նաեւ կոկորդիլոսի կամ օձի կաշվից պայուսակներ, գոտիներ, կոշիկներ։


Must do 4. Զգացեք ձեզ «Ավատար» ֆիլմի հերոս

Հայտնի «Ավատար» ֆիլմի բազմաթիվ տեսարաններ հենց այս հրաշալի կղզում են նկարահանվել, այնպես որ, եթե հասել եք Փհուկետ եւ չեք լուսանկարվել հայտնի ժայռերի ֆոնին, նշանակում է՝ պարզապես չեք եղել Փհուկետում։ Ու որպեսզի առավել ընկղմվեք ավատարային տրամադրության մեջ, ապա պիտի նաեւ զբոսնեք գետի հոսանքով թաիլանդական փայտե նավակներով եւ լողանաք փղիկների հետ։


Must do 5. Բզեզներ, սողուններ ուտելը պատադիր չէ

Եթե կարծում եք, որ Թաիլանդում ուտելու նորմալ բան չեք գտնի, որովհետեւ թաիլանդցիները միայն տարատեսակ բզեզներ ու սողուններ են ուտում, ապա սխալվում եք. այս երկրում դրանք ընդամենը դելիկատես են։ Ի՞նչ ուտել Փհուկետում՝ երկրի համն ու հոտը քիմքով բացահայտելու համար։ Առաջին հերթին թաիլանդական ամենահայտնի ապուրը՝ տոմ յամ. այն պատրաստվում է կոկոսի կաթով, ավելի հարմար է ապուրի հետ եփված բրինձ ուտել, դա կփրկի ձեր ստամոքսը այրող կծու ապուրից։ Առհասարակ թաիլանդական բրինձը հայտնի է ամբողջ աշխարհում, այնպես որ լեգենդար բրինձը արժե ճաշակել հենց հայրենիքում: Անպայման փորձեք ծովամթերքով, բանջարեղենով պատրաստված բրինձ։ Թաիլանդում ամենահայտնի աղցանը պապայայով աղցանն է կամ պարզապես՝ սոմ տամը։ Պատվիրելուց առաջ մատուցողին անպայման տեղեկացրեք կծու պղպեղի ձեր նախընտրելի չափի մասին, այն պատրաստելիս սովորաբար օգտագործում են մի քանի չիլի պղպեղներ, այնպես որ նախազգուշացրեք մատուցողին, այլապես կայրեք ձեր բերանն ու ստամոքսը։ Եվ, իհարկե, Թաիլանդում պատրաստում են շատ համեղ լապշա՝ պադ թայ, որի յուրահատուկ բաղադրիչը տամարինդի սոուսն է։


Must do 6. Ճամպրուկի մեջ տեղավորեք այնքան միրգ, որքան կարող եք

Փհուկետում տեսնված ու չտեսնված պտուղներ կհանդիպեք բավականին մատչելի արժեքով` մանգոստին, ռամբուտան, լիչի, լոնգան, լոնգկոնգ, ջեկֆրուտ... Յուրաքանչյուր մրգատեսակից 1-2 հատ ձեզ հետ հայրենիք բերեք։ Միակ տեսակը, որ հանկարծ չգնեք, որովհետեւ կամ չեն թողնի տանել, կամ խնդիր կունենաք ինքնաթիռում թռիչքի ժամանակ, դուրիանն է՝ իր վատ հոտի պատճառով: Եթե անգամ կարողանաք հմտորեն այն թաքցնել ճամպրուկի ինչ-որ անկյունում, մի ուրախացեք, որովհետեւ հետո ձեր բոլոր իրերն այդ վատ հոտն են ունենալու, որից ազատվելն այնքան էլ հեշտ բան չէ: Դուրիանի մասին անգամ մի պատմություն կա, թե ինչպես է այն, բառիս բուն իմաստով, պայթել հենց օդանավի մեջ եւ տարածված անտանելի հոտի պատճառով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, իսկ իրեն խորամանկ համարող ուղեւորը` տուգանվել: Այնպես որ, ռիսկի պետք չէ դիմել, ավելի լավ է՝ գնեք դուրիանի կոնֆետներ կամ չիր:


Must do 7. Գնեք բնական հումքով պատրաստված կոսմետիկա

Գնումներ կատարելուց առաջ իմացեք, որ ի տարբերություն արաբական երկրների, որտեղ առանց սակարկելու հնարավոր չէ առեւտուր անել, եւ դա տեղական մշակույթի մի մաս է, այստեղ առեւտրականները սակարկել չեն սիրում, բարկանում են: Որպես լավ նվեր եւ հուշանվեր` Փհուկետից կարող եք ձեռք բերել բարձրորակ բնական կոսմետիկա՝ մաշկի խնամքի համար տարբեր քսուքներ, կոկոսի յուղ, օճառներ, սկրաբներ, դիմակներ, դեղաբույսերով ատամի մածուկ եւ այլն:

Տեսականորեն դուք արդեն գիտեք այն ամենը, ինչը պետք է իմանալ դեպի Փհուկետ ճամփորդություն ծրագրելիս։ Տուրիստական շրջանը կղզում դեռ չի ավարտվել, այնպես որ դեռ հնարավորություն ունեք այս տեղեկատվությունը հենց առաջիկայում փորձարկելու համար։ Իսկ BRAVO-ն մաղթում է բարի ճանապարհ եւ հաճելի հանգիստ։

Պատրաստեց Մարիաննա Փայտյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport