×


Տիգրան Ձիթողցյանի հայտնի շարքի նոր եւ վերջին աշխատանքները՝ «Նուռ» ցուցասրահում

Նյույորքաբնակ հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանն այս օրերին Երեւանում է՝ ներկայացնելու իր «Երեք հայելի» խորագրով անհատական ցուցահանդեսը: Օգոստոսի 22-ին բազմաթիվ հայ արվեստասերներ շտապում էին «Նուռ» ցուցասրահ՝ առաջինը տեսնելու նկարչի նոր աշխատանքները: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ցուցահանդեսի բացմանը, լուսանկարել ու հետաքրքիր զրույց ունեցել հեղինակի հետ:

Տիգրան Ձիթողցյանի «Երեք հայելի» խորագրով ցուցահանդեսին


Ավանդական դարձած բացման խոսքի փոխարեն այս անգամ ցուցահանդեսը մեկնարկեց խնդրանքով, որ ներկաները հանկարծ չդիպչեն նկարներին, քանի որ դրանք դեռ թաց են, ներկը չի հասցրել չորանալ: Սա, իհարկե, նշանակում էր, որ նկարները բոլորովին վերջերս են արվել՝ հենց Հայաստանում: Ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Տիգրանը.«Այս ամռան ընթացքում արված աշխատանքներ են՝ «Հայելիներ» շարքի վերջին նմուշները: Եկել էի այստեղ` մի փոքր հանգստանալու, քանի որ շատ ծանր գրաֆիկ ունեի Նյու Յորքում, բայց չի ստացվում առանց նկարելու (ժպտում է,- հեղ.): Այնպես որ, ես աշխատում էի: Այդ ընթացքում ինձ հրավիրեցին նկարներս այստեղ ցուցադրել, ես էլ մեծ հաճույքով համաձայնեցի մեր երեւանցիներին ներկայացնել աշխատանքներս»:

Ցուցահանդեսին ներկայացված են Տիգրանի վերջին երեք աշխատանքները, այդ պատճառով էլ խորագիրն է «Երեք հայելի»: Այս անգամ էլ նա աշխատանքներում ամփոփել է վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից իր տպավորությունները, զգացողությունները, որոնք փոխանցում է ոչ թե բառերի, այլ պատկերի միջոցով: Թեեւ, իհարկե, աշխատանքներից մեկում կարելի է հանդիպել շատ ինքնատիպ բառերի, որոնց հեղինակը հենց Տիգրանն է, ինչպես, օրինակ՝ հուշաստեղծ, մելանխոլիկ, արվեստատես, դիվանապաշտ, քնաբերող, թիրախախոս եւ այլն:

Տիգրան Ձիթողցյանը


Տիգրան Ձիթողցյանը պատմել է, որ այս պահին ավելի շատ դիմանկարչության վրա է աշխատում եւ իր նկարներում պատկերում է այն խնդիրները, որոնք արդիական են մեր ժամանակներում.«Ինձ, օրինակ, շատ է հուզում այն սելֆի-ֆենոմենը, որ այժմ շատ տարածված է: Աղջիկներն իրենց նկարներն անընդհատ մշակում եմ, ֆիլտրում, անցկացնում ֆոտոշոփով եւ փորձում իրենց դարձնել այնպիսին, ինչպիսին իրենք կուզեին իրենց տեսնել: Ես էլ նրանց պատկերում եմ հենց այդպես՝ առանց իրենց հարցնելու: Նկարում եմ իմ ծանոթներին, քանի որ ես նրանց զգում եմ, ճանաչում, մի քիչ գիտեմ նրանց պատմությունը, եւ ինձ հետաքրքիր է այդ գործընթացը: Միտքն այն է, որ այսօր ամեն ինչ իդեալականացվում է, պարզեցվում, մատչելի դառնում, դե, իսկ արվեստը ժամանակի արտացոլումն է»:

BRAVO.am-ը զրուցել է նաեւ ցուցասրահի հիմնադրի՝ դիզայներ եւ նկարիչ Արման Նուռի հետ եւ հետաքրքրել, թե ինչպես են որոշել Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները ներկայացնել իրենց մոտ: Դիզայներն ասել է, որ ինքն ու Տիգրանը նախ եւ առաջ ընկերներ են, եւ երբ չորս տարի առաջ ինքը բացել է ցուցասրահը, մտքում անընդհատ եղել է Տիգրանի աշխատանքները մի օր իրենց մոտ ներկայացնելու ցանկությունը.«Մենք շատ հարգում եւ սիրում ենք միմյանց արվեստը, եւ ես շատ ուրախ եմ, որ եկավ այդ օրը, երբ վերջապես կարող ենք նրա ցուցահանդեսը բացել մեզ մոտ»,- ասաց Նուռը:

Արման Նուռը


Ի դեպ, այնքան շատ այցելուներ էին եկել ցուցասրահ՝ տեսնելու նկարչի աշխատանքները, որ նրանց շարքերում հաճախ կարելի էր լսել «Ես վաղը կգամ ու  հանգիստ կնայեմ» արտահայտությունը: Մինչ այդ շատերը փորձում էին անձամբ հանդիպել Տիգրան Ձիթողցյանին, զրուցել ու լուսանկարվել նրա հետ: Ինչպես պարզեցինք, արվեստասերները շուտով հնարավորություն կունենան ավելի հաճախ հանդիպել սիրելի նկարչին, քանի որ Տիգրանը Երեւանում տուն-արվեստանոց է կառուցում: Սեպտեմբերին արդեն կավարտի աշխատանքները եւ ավելի շատ առիթներ կունենա հաճախ Հայաստան գալու:

Տիգրան Ձիթողցյանի «Երեք հայելի» խորագրով ցուցահանդեսին


Նկարիչը նաեւ տեղեկացրեց, որ այժմ արդեն նոր նախագծի վրա է աշխատում, եւ շատերին հայտնի «Հայելիներ» շարքում նոր դիմապատկերներ չեն ավելանա: Այդպիսով՝ Տիգրանն ամփոփում է նախկինում արված աշխատանքները եւ անցնում նոր շարքի, որի մասին առայժմ չի շտապում բարձրաձայնել: Այնպես որ, եթե ցանկանում եք տեսնել ամբողջ աշխարհում արդեն հայտնի դարձած աշխատանքների վերջին նմուշները, ապա մինչեւ օգոստոսի 29-ը կարող եք այցելել «Նուռ» ցուցասրահ, որտեղ մուտքն անվճար է բոլոր այցելուների համար:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport