×


Տյոմը

Տյոմ.«Ով էլ ընտրվի, միեւնույն է՝ հանրության մի մասը գոհ չի լինելու»

«Follow The Ocean» երգով Տյոմը պատրաստվում է «Դեպի Եվրատեսիլ 2018»-ում իր ելույթին։ BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է, թե ինչու է որոշել մասնակցել նախագծին եւ ինչ ակնկալիքներ ունի.«Ցանկությունս մեծ չէր, որովհետեւ չունեի համապատասխան երգ։ Թեեւ Անգլիայից իմ ծանոթ երգահանը չորս երգ էր ուղարկել, բայց չէի հավանում։ Մյուս կողմից էլ նամակներ ու մեկնաբանություններ էի կարդում, որ պետք է ուժերս փորձեմ։ Մեկ օր էլ ընկերս զանգեց ու հայտնեց, որ երգ ունի ինձ համար։ Վերջնաժամկետը մոտենում էր, արագ ձայնագրել եմ ու վերջին ժամերին իմ հայտն ուղարկել։ Նույնիսկ ճշտել եմ՝ արդյոք չեմ ուշացրել, պարզվեց, որ շուրջ 100 երգից իմը լավագույն 20-ի մեջ է»։

«X Factor» նախագծից հայտնի երգիչն իր երգի մասին լսում ու կարդում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ.«Շատ տարբեր տեսակետներ կան, բացասական կարծիքներին նորմալ եմ վերաբերվում։ Կտեսնեք՝ ով էլ ընտրվի, միեւնույն է՝ մի մասը գոհ չի լինելու։ Ես ուրախ եմ, որ իմ երգի հանդեպ անտարբեր չեն, քննարկում են։ «Դեպի Եվրատեսիլը» համարում եմ լավ փորձ, չեմ փոշմանի, եթե չանցնեմ, այս պարագայում կարեւոր է, որ ուղիղ եթերում ելույթ կունենանք ու մեր պատրաստած շոուն կներկայացնենք»։

Տյոմը


Տյոմն ունի իր ֆավորիտին, եւ եթե ինքը չհաղթի, ապա հաղթող է տեսնում Սեւակ Խանաղյանին.«Նրան սիրում եմ որպես երգիչ ու ընկեր: Նա պատրաստ է երկիր ներկայացնելուն։ «Քամի» երգի հայերեն լինելը խոչընդոտ չէ. Ջամալայի երգը կամ 2007-ին հաղթած Սերբիայի «Մոլիտվա»-ն նույնպես անգլերեն չեն, կարեւորը՝ երգը «կպնի» մարդկանց սրտերին»։

Նա արդեն պատրաստ է իր ելույթին, BRAVO.am-ին պատմել է, որ բեմականացումը  հիմնված է պարի եւ լուսային էֆեկտների վրա.«Տղաների խմբի հետ ակտիվ կպարեմ, կփորձենք գեղեցիկ համար ցուցադրել, խորեոգրաֆն իմ ընկեր Արման Խաչատրյանն է։ Անհամբեր սպասում եմ համերգային փուլին, շոուից ու կենդանի կատարումից հետո մարդկանց կարծիքները հնարավոր է փոխվեն։ 20 երգից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի, իմ երգն էլ հենց այս տարվա եվրատեսիլյան խորագրի՝ օվկիանոսի մասին է: Շնորհակալ եմ հեղինակներ Գեւորգին ու Իննային, որ միասին ստեղծեցին այն»։

Տյոմը


Տյոմը երգում է Երեւանի ակումբներից մեկում, շուտով նոր հոլովակ կնկարահանի նոր երգի հիման վրա։ Երգչի փոխանցմամբ՝ իր ձայնագրություններից մի քանիսը դարձել են եվրոպական արտադրության կարճամետրաժ ֆիլմերի սաունդթրեքեր, որոնք, սակայն, Հայաստանում չեն շրջանառվել.«Հույս ունեմ, որ եվրոպական լուրջ ընկերությունների հետ աշխատելու հնարավորություն կունենամ։ Հիմա աշխատում եմ առանց պրոդյուսերի, բայց ինձ աջակցում է «X Factor»-ում իմ մարզիչ Շուշանիկ Արեւշատյանը։ Գուցե ֆինանսի պակասն է պատճառը, որ ակտիվ չեմ երեւում ասպարեզում, բայց քիչ-քիչ կներկայացնեմ իմ նոր գործերը»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ավետ Ավագյանի եւ Տյոմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport