×


Փարաջանովի «Լացող Ջոկոնդա»-ն` Երեւանի կենտրոնում

«Եթե ես մահանամ բանտում, Ջոկոնդան կողբա իմ մահը»` 1977 թվականին Փարաջանովն այս գրությամբ կնոջն է ուղարկում «Լացող Ջոկոնդա» կոլաժը: Բանտի ծանր պայմաններում ստեղծված այս աշխատանքի կրկնօրինակն այսօր կարելի է տեսնել Երեւանի կենտրոնում` Աբովյան 13 շենքի արտաքին պատին (Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոն): Կոլաժի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարները, դիզայներ-մոդելավորող Արամ Նիկոլյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Փարաջանովի «Լացող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացմանը


«Լացող Ջոկոնդա» կոլաժի տեղադրումը նախաձեռնել է «Նիկոլյան» նորաձեւության տունը «ARARAT» կոնյակների հետ համատեղ` ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Մուսա. Փարաջանով» նախագծի շրջանակում` որպես հարգանքի տուրք մեծ արվեստագետին եւ նվեր սիրելի քաղաքին:

Արամ Նիկոլյանն իր խոսքում նշեց` խորհրդանշական այս օրն ուզում է քաղաքին նվիրել արվեստի գործ, որի հեղինակն ազատ ու անկախ մարդու տեսակ է. «Փարաջանովն ազատ ստեղծագործող էր, ով ինչ-որ ժամանակ աշխատել է նույնիսկ անազատության մեջ: Եվ այսօր` սեպտեմբերի 21-ին, ցանկանում եմ շնորհավորել բոլորիս ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, հատուկ շնորհակալություն հայտնել Զավեն Սարգսյանին` բավարար տեղեկատվություն տրամադրելու եւ գաղափարի իրականացմանն օժանդակելու համար»:

Փարաջանովի «Լացող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը


Դիզայներն ընդգծեց` կարեւոր է այն, որ չսահմանափակվենք միայն Փարաջանովի թանգարանով եւ ամեն ինչ անենք` նրա արվեստն ավելի ճանաչելի դարձնելու համար.«Իմ վերջին հավաքածուի ստեղծմամբ եւ «Լացող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի տեղադրմամբ ցանկանում եմ իմ նվիրումն ու խոնարհումը տալ Փարաջանովին: Կարծում եմ` ժամանակակից ձեւով արված այս յուրօրինակ ինստալյացիան կօժանդակի, որ մեր քաղաք այցելած զբոսաշրջիկները ծանոթանան նրա արվեստին: Նշեմ, որ կոլաժի ընտրությունն արել ենք ես եւ Զավեն Սարգսյանը: Գաղափարը, որ դրել էի նախագծի հիմքում` կոմերցիայի միջոցով ճանաչելի դարձնել Փարաջանովին, կշարունակեմ ու կփորձեմ մինչեւ տարվա վերջ ավարտին հասցնել»:

Զավեն Սարգսյանն էլ իր հերթին նկատեց` Փարաջանովը երբեք չէր կարող մտածել, որ բանտի ծանր պայմաններից ուղարկված իր այս աշխատանքը մի օր կտեղադրվի քաղաքի կենտրոնում եւ մարդիկ ամեն օր կտեսնեն այն.«Ինձ թվում է՝ մեծ խորհուրդ կա սրա մեջ: Տարիներ անց ի վերջո գնահատվեց նրա արածը»,- ասաց Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու թանգարանի տնօրենը:

Փարաջանովի «Լացող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակի բացմանը


Պարզվում է`շուտով ստեղծվելու է նաեւ բջջային հավելված, որի շնորհիվ մարդիկ կարող են «Լացող Ջոկոնդա» կոլաժը փոխարինել Փարաջանովի 12 այլ կոլաժների հետ, այսինքն`լուսանկարվել կոլաժի կողքին` ծրագրի միջոցով ընտրելով մեկ այլ աշխատանք: Այս մասին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իր խոսքում նա նշեց, որ նմանատիպ նոր լուծումների միջոցով պետք է մեր համաքաղաքացիների եւ Երեւան այցելած զբոսաշրջիկների համար քաղաքի կյանքն իսկական տոն դարձնել:

Իսկ ահա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն նշեց, որ Փարաջոնովի արվեստը ներառում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական մշակույթի տարրեր, չնայած` այդ արվեստը խիստ համամարդկային է.«Կարծում եմ՝ նրա արվեստը եւս մեկ կամուրջ է մեր ազգերի ու մեր մշակույթների միջեւ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաեւ շնորհավորել ձեզ Անկախության օրվա առթիվ: Ուրախ եմ խորհրդանշական այս օրը ձեզ հետ ներկա գտնվել Փարաջանովի կոլաժի բացմանը»,- հավելեց վրաց նախարարը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport